Արեւմուտքն անհանգստացած է Մոսկվայի հնարավոր հակաքայլերից
Արդեն հայտնի է, որ Կոսովոյի շուրջ ընթացող բանակցությունները վերջնականապես տապալվել են: Մի քանի օր առաջ այս իրողությունը փաստեցին ձեւականորեն դեռեւս Սերբիայի կազմում գտնվող այդ մարզի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցող միջազգային եռյակի՝ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Վերջին ամիսներին եռյակի եւ հակամարտող երկու կողմերի մասնակցությամբ ընթացող քաղաքական խորհրդատվությունների այս շարքը միջազգային հանրության վերջին ճիգն էր՝ ուղղված խնդիրը Բելգրադի եւ Պրիշտինայի փոխհամաձայնությամբ կարգավորելուն: Ըստ էության, այդ բանակցություններն ի սկզբանե դատապարտված էին ձախողման, սակայն տեղի տալով Մոսկվայի ճնշումներին, որը կտրականապես դեմ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ դեսպան Մարթի Ահթիսաարիի կոսովյան կարգավորման պլանին, Վաշինգթոնն ու Բրյուսելը որոշեցին շարունակել բանակցությունները: Դրանք, սակայն, անկախ արդյունքից, պետք է ավարտվեին ընթացիկ դեկտեմբերի 10-ին, որից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պետք է ներկայացվեր վերջնական հաշվետվություն:
Ինչպես ասում են, վերջին խոսքը հիմա արդեն պատկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այդուհանդերձ, որոշ դիտորդների գնահատմամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ն եւս չի շտապի պարզություն մտցնել այս հարցում: Իսկ թե ինչպիսին կլինի խնդրի հետագա ճակատագիրը, կարելի է կռահել բանակցող եռյակի ամերիկացի ներկայացուցչի՝ դեսպան Ֆրանկ Վիսների այն արձանագրումից, թե «բանակցությունները շարունակել-չշարունակելու հարցն այլեւս հակամարտող կողմերն իրենք պետք է վճռեն. մենք ավարտեցինք մեր առաքելությունը»: Վիսները նշում է, որ ՄԱԿ-ում հարցը լսելուց հետո արդեն առանձին երկրների կառավարությունները պետք է որոշեն՝ ճանաչե՞լ Կոսովոյի անկախությունը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները բազմիցս հայտարարել են դեկտեմբերի 10-ից հետո (ավելի կոնկրետ՝ 2008թ. առաջին ամիսներին) միակողմանի անկախություն հռչակելու իրենց մտադրության մասին: ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ դրանից հետո Վաշինգթոնը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Պրիշտինայի անկախությունը: Չի բացառվում, որ Վաշինգթոնին կհետեւեն նաեւ Եվրամիության անդամ մի շարք երկրներ, Բելգրադին հարկադրաբար կանգնեցնելով կատարված փաստի առջեւ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, արեւմտյան շատ վերլուծաբանների կանխատեսմամբ, վերջինիս անելու այլ բան չի մնա, քան, իբրեւ հակաքայլ՝ Աբխազիայի, Հարավօսիայի եւ Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը: Այս հեռանկարով խիստ անհանգստացած են ինչպես Թբիլիսիում եւ Քիշնեւում, այնպես էլ Եվրամիությունում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած խորհրդարանական վերջին ընտրություններից անմիջապես հետո այդպիսի հնարավորության մասին ակնարկել էր ՌԴ Պետդումայի գործող խոսնակ Բորիս Գրիզլովը:
Օրերս Վրաստանի նորանշանակ վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի անդամ Բենիտա Ֆերերո Վալդները Բրյուսելում հայտարարել է, թե Եվրահանձնաժողովը հույս ունի, որ Ռուսաստանը չի գնա Աբխազիայի եւ Հարավօսիայի ճանաչմանն ու այդպիսով չի խաթարի Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Այս պահին դժվար է, իհարկե, մեծ ճշգրտությամբ կանխատեսել, թե իրականում ինչպես կվարվի Ռուսաստանը Կոսովոյի անկախության ինքնահռչակումից հետո: Վերջին շրջանում ավելի ու ավելի ակնբախ դարձող Արեւմուտք-Ռուսաստան նոր դիմակայության համատեքստում, սակայն, հնարավորությունը, որ Մոսկվան իսկապես կճանաչի Վրաստանի եւ Մոլդովայի տարածքներում ստեղծված ինքնահռչակ կազմավորումներին, բավականաչափ մեծ է: Դա թերեւս կլինի միջազգային շուկայում նավթի աննախադեպ բարձր գների հաշվին վերակենդանացած եւ ուժ հավաքած Ռուսաստանի՝ «ի հեճուկս Արեւմուտքի» արած հաջորդ աղմկահարույց քայլը: Առաջինը, ինչպես հայտնի է, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալն էր:
Մեզ՝ հայերիս, անշուշտ, այս ողջ պատմության մեջ հետաքրքրում է այն, թե ինչպիսի ազդեցություն կունենա Կոսովոյի անկախացման նախադեպը ԼՂ հարցի հետագա ճակատագրի վրա: Այդ հարցի պատասխանի ուրվագծերը, թերեւս, առավել տեսանելի կդառնան մի քանի ամիս հետո: