Վերջերս Մեծ Բրիտանիայում UK TV Gold հեռուստաալիքի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքում անգլիացիները ընտրել են իրենց երկրի տասը ամենահիմար օրենքները:
«Արգելված է մեռնել Մեծ Բրիտանիայի պառլամենտում». օրենքը ճանաչվել է անգլիական օրենքներից ամենաանհեթեթը, այն ստացել է ձայների 27%-ը: Երկրորդ պատվավոր տեղում է օրենքը, ըստ որի՝ փոստային ծրարների վրա միապետի պատկերով նամականիշը գլխիվայր փակցնելը հավասարազոր է պետական դավաճանության: Համաժողովրդական քվեարկության արդյունքների համաձայն, երրորդ տեղում է Լիվերպուլի տարօրինակ օրինական հրամանագիրը, որը արգելում է կանանց հասարակական վայրերում հայտնվել կիսամերկ, սակայն բացառություն է արվում էկզոտիկ ձկների խանութում աշխատող վաճառողուհիների համար: Հարցման արդյունքները հասարակության մեջ վիճաբանությունների պատճառ են դարձել: Լիվերպուլի քաղխորհրդի ներկայացուցիչը հերքել է նման օրենքը, հայտարարելով, թե դա ընդամենը քաղաքում շրջանառվող հին առակ է: Անգլիական օրենսդրության փորձագետ եւ «Հին Անգլիայի կուրյոզ օրենքներ» գրքի հեղինակ Նայջլ Քոութորնը պարզաբանել է որոշ օրենքների «ստուգաբանությունը». պառլամենտում մեռնելու արգելքը բացատրվում է նրանով, որ շենքը պաշտոնապես պատկանում է Անգլիայի միապետին եւ ունի թագավորական պալատի կարգավիճակ: Այսպիսով, յուրաքանչյուր ոք, ով կմեռնի այս շենքում, ունի պետական հուղարկավորության իրավունք: Եվ եթե դուք վատառողջի տպավորություն թողնեք, ձեզ իսկույն շենքից դուրս կհրավիրեն: Իսկ ահա 1279 թվականին ընդունված օրենքում, որով արգելվում է զրահազգեստ կրել պառլամենտի շենքում, ըստ փորձագետի, տրամաբանություն կա՝ պառլամենտը բռնության տեղ չէ:
Բայց այն, որ նույնիսկ ամենահիմար օրենքները մինչեւ հիմա գործում են, որոշ բրիտանացիներ զգացել են սեփական մաշկի վրա: Յոթերորդ տեղում է «թագավորական առանձնաշնորհ» թիվ 1324-ը, ըստ որի՝ մառախլապատ Ալբիոնի ափերի մոտ լողացող ցանկացած կետ կամ թառափ պատկանում է անգլիական թագին: 2004թ. ձկնորս Ռոբերտ Դեւիսը ֆաքսի միջոցով տեղեկացրել է Բուկինգհեմյան պալատին, որ թառափ է բռնել: Նրան պատասխանել են, որ կարող է ձուկը վերցնել իրեն: Սակայն, երբ Դեւիսը փորձել է այն վաճառել (ինչը, միեւնույն է, անօրինական էր), նրա նկատմամբ քրգործ են հարուցել եւ միայն լրատվամիջոցների բարձրացրած աղմուկն է օգնել ձախորդ ձկնորսին՝ խուսափել բանտից կամ տուգանքից: Ի թիվս այլ օրենքների, ցուցակում հայտնվել է 1644թ. Օլիվեր Կրոմվելի ընդունած դեկրետը, որը արգելում էր Զատկին ուտել մսով կարկանդակ: Իսկ որոշ օրենքներ պահանջում են չեղյալ հայտարարել հենց ոստիկանները եւ նույնիսկ դիմել են վարչապետ Գորդոն Բրաունին: Խոսքը Լոնդոնի այն օրենքի մասին է, որը թույլատրում է հղի կանանց՝ հոգալ բնական կարիքները, երբ եւ որտեղ պատահի, այդ թվում՝ նաեւ ոստիկանների սաղավարտի մեջ:
UK TV Gold-ը բրիտանացիներին առաջարկել է գնահատել նաեւ արտասահմանյան անհեթեթ օրենքները: Այս խմբում հարցման առաջատարն է ԱՄՆ Օհայո նահանգի այն օրենքը, որը արգելում է տեղաբնակներին՝ հարբեցնել ձկներին: Ցուցակում տեղ է գտել նաեւ օրենք, որը թույլատրում է ոստիկանին կծել շան ականջը՝ հաչոցը կտրելու նպատակով: Գլխադաս օրենքներից է նաեւ Պիտսբուրգ քաղաքի իշխանությունների հրամանագիրը, որը թույլատրում է կ (պի) թիվը՝ 3,14, համարել 4-ին հավասար:
Վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ճանապարհատրանսպորտային երթեւեկության մասին օրենքը, որը կարող է լավագույն մաս կազմել հիշյալ կուրյոզների հավաքածուի: Ըստ այդ օրենքի, փոխադրամիջոցների ցանկում տեղ է գտել էշը, իսկ էշատերը ստացել է վարորդի կարգավիճակ: Սակայն «վարորդ» էշատիրոջ համար հստակ չէ՝ իր փոխադրամիջոցի համար պե՞տք է «փսիխո» հանել: