Ասում է մաթեմատիկոս Արամ Հարությունյանը, ում կուսակիցներն իրենց համեստ ներդրումներով ապահովել են անհրաժեշտ ընտրագրավը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, ով երկրորդ անգամ է մասնակցելու նախագահական մրցավազքին, նախորդ ընտրություններում մեկ տոկոսի էլ չհասնող ձայների քանակը ոչ թե հուսահատեցրել, այլ ավելի վճռական է դարձրել: Մասնագիտությամբ մաթեմատիկոս թեկնածուն նախորդ ընտրություններին վերաբերվեց մաթեմատիկորեն՝ մասնակցեց առանց վստահված անձերի. «Եթե ես հավատում եմ, որ առաջիկա հինգ տարում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր երկիրը կառավարելու իրավունքը վստահի ինձ, ուստի ես պարտավոր եմ գոնե մեկ օր վստահել յուրաքանչյուրին: Հետեւաբար, բոլորը նաեւ իմ վստահված անձինք են»: Իսկ հետո հայտարարեց, որ իր ձայները «եղբայրաբար» բաժանվել են բոլոր այն թեկնածուների միջեւ, ովքեր վստահված անձեր են ունեցել: Բողոքարկման այլ ձեւ չօգտագործվեց. առանց վստահված անձերի, ասել է թե՝ կենդանի ապացույցների, անիմաստ էր:
Այս անգամ եւս Արամ Հարությունյանը համոզված է, որ եթե հասարակությունը պասիվ է՝ վստահված անձն էլ չի փրկի: Բայց ինչ-որ չափով իր ձայները պահելու համար վստահված անձինք ունենալու է: Իսկ ինչքա՞ն ձայն է ակնկալում Արամ Հարությունյանը: Նա, օրինակ, վստահ է, որ Ազգային ժողովի մայիսյան ընտրություններում իր կուսակցությունը հաղթահարել է հինգ տոկոսի շեմը: Վստահությունը գալիս է ժողովրդի հետ հանդիպումների արդյունքներից, բացի այդ՝ «գիտենք շատ մարդկանց, որ մեզ ձայն են տվել»: Ակնկալիքների մասին լռելով՝ ԱՀ նախագահն ինքն էլ է ցանկանում իմանալ իր իրական վարկանիշը: Քանի որ ընտրությունները մշտապես կեղծիքներով են եղել, մեր զրուցակիցը չի վստահում իրեն «տրված տոկոսներին»:
Իսկ ինչո՞ւ է Արամ Հարությունյանն այդպես համառորեն ցանկանում դառնալ ՀՀ նախագահ: «Ես, ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք մանդատը կորցնում են եւ ընդհանրապես անհետանում են քաղաքականությունից կամ, ընդհանրապես, դիրքորոշումը կտրուկ փոխում են, միշտ եղել եմ սկզբունքային: ԱԻՄ-ում էլ, հիմա էլ: Տեսեք՝ 2003-ին «Արդարությունից» ով որտեղ է: Մեկի կարծիքով սա է հաղթելու՝ կանգնում է սրա կողքը: Մյուսի կարծիքով նա՝ կանգնում է նրա կողքը: Երրորդն էլ իր համար գործ է ճարել… Մենք նույն տեղում ենք: Քաղաքականապես մենք հաղթած ենք, համենայնդեպս, պարտված չենք: Ավելին, շատերն այսօր կրկնում են մեր ասածները ազգային համաձայնության, քաղաքական մշակույթի ձեւավորման, գաղափարախոսությունների մրցակցության մասին: Կուսակցության հիմնական խնդիրը գաղափարներ տարածելը եւ իշխանության մաս կազմելն է, նաեւ՝ մեր տեսակը պահպանելու խնդիր կա: Էդ նույն ձեւով կարող եք ասել՝ նկարիչը, ում գործերն այս տարի չեն վաճառվել, պիտի էլ չնկարի: Ես այդ կարծիքին չեմ. եթե մեկի կոչումը քաղաքական գործիչ լինելն է, իսկ ես համարում եմ, որ դա իմ կոչումն է, այս կամ այն կերպ նա պետք է մասնակցի քաղաքական պրոցեսներին»:
Իսկ ինչպե՞ս է Ա. Հարությունյանը վճարել 8 միլիոն դրամ ընտրագրավը. համալսարանի դասախոսի համեստ աշխատավարձի խնայողությունների՞ց:
«Դուք 4-րդ դասարանի կրթությամբ որեւէ օլիգարխի հարցրեք, թե իրեն այդքան հարստություն որտեղի՞ց,- վրդովվեց մեր զրուցակիցը:- Կուսակցությունը, որը հինգ հազար անդամ ունի, եթե ամեն մեկը 10 դոլար էլ տար… կարող էր, չէ՞, յուրաքանչյուրը երեք հազար դրամ տալ, օրական տասը դրամ է անում: Հետո, ընկերներ ունենք, ծանոթներ, հազար մարդու հետ սեղան եմ նստել, էդ մարդիկ նաեւ գնահատում են. հատուկ էդ նպատակի համար է այդ գումարը հավաքված… իսկ մենք նաեւ հաշվում էինք, չէ՞, որ պիտի մասնակցենք, այսօր կամ երեկ չենք որոշել: Հիմնականում մեր փող չունենալն է նաեւ, որ… եթե նկատել եք՝ միայն անվճար եթերներից ենք օգտվում: Ներողություն, էլի, բայց եթե ինչ-որ մեկը մեզ պիտի փող տար՝ մի քիչ շատ կտար՝ շատ կխոսեինք»: