Ընտանեկան բժիշկները մեծ դժկամությամբ են իրենց տեղամասի այցելուներից հրաժարվում
Այս օրերին ընտանեկան բժիշկների միջեւ թեժ պայքար է գնում: Բանն այն է, որ պոլիկլինիկաները մինչեւ տարեվերջ պետք է առողջապահության նախարարություն ներկայացնեն իրենց մոտ գրանցված բնակիչների քանակը, ըստ որի էլ կֆինանսավորվեն: Այդ պատճառով ընտանեկան բժիշկներն ամեն գնով փորձում են պացիենտ հավաքագրել: Ինչն էլ որոշ խնդիրներ է առաջացնում բնակիչների համար:
«Ես չեմ կարողանում իմ իրավունքից օգտվել եւ իմ նախընտրած պոլիկլինիկայում գրանցվել, քանի որ ինձ մեր տեղամասային պոլիկլինիկայից չեն հանում՝ պատճառաբանելով, որ անձամբ պետք է ներկայանամ: Իմ փոխարեն մայրս է փաստաթղթերը ներկայացրել, սակայն բժշկուհի Նադիրյանը չի ստորագրել ու ասել է, որ ամեն մեկս անհատական պետք է ներկայանանք: Ես առավոտից երեկո աշխատում եմ ու ժամանակ չունեմ անձամբ ներկայանալու, կինս էլ 2 անչափահաս ու նորածին երեխաներին չի կարող թողնել: Իրենց ներկայացրած թերթիկում մեր անձնագրի տվյալներն ենք լրացնում, իսկ դա բավական է, որ հավաստիանան մեր իրավունքի ու հաշվառումից դուրս գալու մեր ցանկության մասին: Դիտմամբ են ձգձգում, որ տարին վերջանա ու մնանք իրենց մոտ գրանցված, որպեսզի իրենց աշխատավարձը բարձր լինի»,- «Առավոտին» դժգոհեց Արսեն Խաչատրյանը, որը հաշվառված է Էրեբունու թիվ 3 պոլիկլինիկայում: Նրա պատմելով, ինքը ընտանիքով ուզում է թիվ 17 պոլիկլինիկայում սպասարկվել, քանի որ այդտեղ իրենց անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու սարքավորումները կան. «Արյան անալիզներ եմ հանձնել, որը պետք է մի քանի եղանակով ստուգեն: Դա մեր պոլիկլինիկայում չեն անում, իսկ 17-րդում անում են, նաեւ սպիրոմետրիա չունեն, որ թոքերս ստուգեն, իսկ ես ուզում եմ, որ ամեն ինչ տեղը տեղին արվի»:
«Առավոտի» հետ զրույցում թիվ 3 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Մարիետա Անդրեասյանը չհերքեց, որ հաշվառումից դուրս գալու համար բնակչի ներկայությունը պարտադիր է: Ըստ նրա, առանց անձի ներկայանալու՝ հաշվառումից հանում են միայն անչափահասներին, հաշմանդամ կամ ծանր հիվանդ մարդկանց: Տիկին Անդրեասյանի ներկայացմամբ՝ իրենք պետք է երաշխավորագիր ունենան, որ տվյալ անձն իսկապես համաձայն է հաշվառումից դուրս գալ, հակառակ դեպքում՝ կարող են խնդիրներ ծագել: Բժշկուհու խոսքերով. «Վերջերս մի բնակչուհի եկել էր ու հարսին հաշվառումից հանել: Հարսը եկել էր ու բողոքում էր, որ ինքը համաձայն չէ այդ որոշման հետ ու իբր խախտել ենք իր իրավունքները»: Ըստ բժշկուհու, նման դեպքերը լուրջ պատճառ են, որպեսզի պահանջեն անձի ներկայությունը:
«Արսեն Խաչատրյանի ծնողներին հաշվառումից արդեն հանել ենք, ընդ որում՝ այս դեպքում մայրը մենակ էր ներկայացել, նաեւ ամուսնու փաստաթղթերն էր բերել, իսկ հարսի ու որդու փաստաթղթերը չէր ներկայացրել: Ես կարող եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը, թե ինչքան մարդ է մեզ մոտից դուրս եկել եւ ինչքան մարդ է մեզ մոտ գրանցվել: Մենք զոռով չենք կարող մարդկանց պահել: Այսօրվա դրությամբ, մոտ 300 մարդ գրանցումից դուրս է եկել, բայց նույնքան էլ գրանցվել է»,- պարզաբանեց Մ. Անդրեասյանը: Խաչատրյանի ընտանիքին սպասարկող բժշկուհի Նելլի Նադիրյանը թեեւ հերքեց, որ հրաժարվել է Արսենին եւ կնոջը հաշվառումից հանել, բայց վստահեցրեց, որ գլխավոր բժշկուհու որոշմամբ են պահանջում, որ բնակիչը անձամբ ներկա լինի. «Արսենի մայրն ինձ ասաց, որ ինքն ու ամուսինն են ուզում դուրս գալ մեր պոլիկլինիկայից, իսկ տղան ու հարսը չեն ուզում, այս պարագայում ես ո՞նց վստահ լինեմ՝ ով է ճիշտ, դրա համար էլ պահանջել եմ, որ տղան ներկայանա»: Այս առնչությամբ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ ասաց, որ անձի չներկայանալու դեպքում նրա ստորագրությամբ պետք է լիազորագիր ներկայացվի, որպեսզի գործառույթը կատարվի. «Այդ լիազորագիրը կցվում է տվյալ անձի անձնական գործերին: Սովորաբար բնակիչը պետք է անձամբ ներկայանա, որովհետեւ, եթե ինչ-որ մեկը իր ընտանիքի 10 անդամների անձնագրերի պատճենը ներկայացնի, իսկ այդ մարդիկ, ասենք, Ռուսաստանում լինեն, բա մենք ոնց իմանանք՝ այդ մարդիկ ուզո՞ւմ են դուրս գալ տվյալ պոլիկլինիկայից, թե՝ ոչ»: