Ռուսաստանցի հայ գործարարը հարյուրավոր գյումրեցիների սովի է մատնում
Օրերս Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականատերերի ու դատական ակտերի հարկադիր կատարողների միջեւ ծեծկռտուք է եղել: ԴԱՀԿ-ն փորձել է մի խումբ առեւտրականների վտարել տարածքից ու տաղավարների կտուրները քանդել: Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանը մանր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու ծրագրով, Հողային օրենսգրքի խախտմամբ, շուկայի տարածքի մայթը հատկացրել է «Լիլիթ» ՍՊԸ-ին: Տաղավարների առկայությունը խիստ անհանգստացրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Գյումրիի նախկին միկրոէլեկտրաշարժիչների գործարանի նոր սեփականատեր Գարեն Ասատրյանին, որն էլ դիմել է դատարան եւ պահանջել վաճառքի կետերն այդ տարածքից հանել, քանի որ դրանք խանգարում են իր գործարանի ելումուտին: Նշենք, որ Գ. Ասատրյանը մտադիր է այդ գործարանի տարածքը որպես շուկա աշխատեցնել: «Գարենի՝ Ռուսաստանից գալուն պես, մեր սեւ օրերը սկսվեցին: Ռուսաստանում «կուբամետրերով» փող է աշխատում, հիմա էլ Գյումրիի հսկա գործարանը գնել է ու շուկա դարձրել, մեզ էլ ուզում է սովի մատնել»,- «Առավոտին» դժգոհեցին «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականատերերը: «Որ ուզում եք ճիշտն իմանալ, ռուսաստանցի պատվավոր քաղաքացին մեզ համար անպատիվ մարդ է: Ռուսաստանի մեջ դու ի՞նչ պատվավոր շինարար ես, երբ քո հայրենիքում զբաղված ես 200 հոգու տուն քանդելով: Կոնկրետ ես անչափահաս 3 երեխա եմ պահում ու էնպիսի մի տնակում եմ ապրում, որ մարդ իր շանը ներս չէր թողնի: Կռիսներն էլ էրեխեքիս վրայով են անցուդարձ անում: Բայց տուն չունեցած տեղս, ես փող եմ ներդրել, որպեսզի 2 կոպեկ աշխատեմ, սովից չմեռնենք: Սաղ ղեկավարությանը փողով առել է, մեզ էլ ահ է տալիս, թե՝ «դիպլոմատով փող ունեմ, իմ դեմս խաղ չկա, իզուր մի բողոքեք»: Բայց դու քո օրը կտեսնես, թող վարչապետը դեկտեմբերի 7-ին Գյումրի գա՝ նոր քեզ հետ կխոսենք: Թե վարչապետն էլ չօգնեց, հացադուլի կնստենք»,- վրդովված բացականչում էր կրպակատերերից մեկը՝ ցույց տալով իր «Հանրապետական» կուսակցության անդամատոմսը: Վարձակալներից շատերն էլ դժգոհում էին, որ բանկերից տոկոսով գումար են վերցրել՝ սրտատրոփ սպասելով Նոր տարվան, քանի որ միայն այս սեզոնին է Գյումրիում նորմալ առեւտուր լինում: «Կոմունիստների ժամանակ էլ ստեղ տաղավարներ են եղել, էդ ինչպես եղավ, որ էն ժամանակ դրանք չխանգարեցին միկրոէլեկտրաշարժիչների գործարանի ելումուտին, հմի հանկարծ խանգարեցին: Էդ քանի՞ մուտք է ուզում, կենտրոնական հատվածից սարքած մուտքը իրան հերիք չի՞, գոնե սպասեր տեսնեինք, թե վճռաբեկ դատարանից ինչ պատասխան կգա, նոր գործի անցներ»,- ասաց «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականատերերից Լեոնիդ Դավթյանը:
Ռուսաստանցի գործարարը «Լիլիթ» ՍՊԸ-ին դատի է տվել: Գյումրիի տնտեսական դատարանում դատը չշահելով՝ դիմել է վճռաբեկ, որն էլ գործը նորից քննության է ուղարկել վերաքննիչ դատարան: Վերջինս էլ հարցը լուծել է հօգուտ սեփականատիրոջ: Ձեռքի տակ ունենալով դատարանի վճիռը՝ դատական ակտերի հարկադիր կատարողները մեծ շքախմբով օրերս եկել էին տարածքն ազատելու:
Այս առնչությամբ պարզաբանումներ ստացանք նաեւ Ասատրյանների «Սախա-Լենա» ՓԲԸ-ի իրավաբան Իշխան Վանոյանից: Տեղեկացնենք, որ ՓԲԸ-ի սեփականատերը՝ Գարեն Ասատրյանը, Հայաստանում չէր: Իրավաբանի ներկայացմամբ, կոնֆլիկտն առաջացել է «Լիլիթ» ՍՊԸ-ի մեղքով, քանի որ վերջինս տարածքը գնել է Գարեն Ասատրյանի՝ գործարանին տեր կանգնելուց հետո, այդպիսով խախտելով իրենց սեփականատիրոջ գույքի օգտագործման եւ տիրապետման իրավունքները. «Մենք դատի ենք տվել «Լիլիթ» ՍՊԸ-ին, որովհետեւ մեր սեփականատերը լիարժեք չի կարող օգտագործել իր գույքը. պատուհանները փակ են, դռները՝ նույնպես, լույս ներս չի ընկնում, դռնից չենք կարող ներս ու դուրս անել, չենք կարող կառույցի այդ հատվածը հիմնանորոգել: Քանի որ «Լիլիթ» ՍՊԸ-ն մեր կառույցից գտնվում է կես, որոշ հատվածներում էլ՝ մեկ կամ երեք մետր հեռավորության վրա, ձմեռը՝ բքի ժամանակ ձյունն ամբողջովին լցվում է մեր կառույցը: Հակահրդեհային ոչ մի կանոն չի պահպանվում, անհրաժեշտության դեպքում փրկարար խումբ չի կարող ներս մտնել: Իսկ կոմունիստների ժամանակ այդ նույն տեղում եղել է ժամանակավոր կրպակ՝ կարտոֆիլ վաճառելու համար: Քաղաքապետարանը հողատարածքը վաճառելուց արդեն իսկ սխալներ է թույլ տվել՝ խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը»: Նա «Լիլիթ» ՍՊԸ-ի վարձակալներին առաջարկեց տեղափոխվել իրենց շուկա, ուր սահմանված վարձավճարի չափը նույնը կլինի: Իսկ այս պահին ԴԱՀԿ-ի գործողությունները մեկ ամսով հետաձգվել են՝ տուժողներից պարտադիր տեղահանվելու մասին ստորագրություն վերցնելու պայմանով: