ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Հեղինե Բիշարյան (ՕԵԿ փոխնախագահ) – Անկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ «Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրվել եւ շարունակում է կերտել իր ուրույն պատմությունը: Երեք անգամ անընդմեջ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը խոսուն ապացույցն է Արթուր Բաղդասարյան կայացած քաղաքական գործչի նկարագրի:
Հարգելի մասնակիցներ, երկրի քրեականացման, բիզնեսի օլիգարխիզացման, կոռուպցիայի եւ կլանային տնտեսության զարգացման դեմ պարտավոր ենք պայքարել բոլորս, եւ այդ պայքարի պահանջն է, որ մենք այսօր կայացնելու ենք վճռական որոշում: Իշխանությունների անհեռատես ու անհետեւողական քաղաքականության արդյունքում հատկապես մարզային եւ սահմանամերձ բնակավայրերը հայտնվել են ծայրաստիճան չքավորության մեջ: Ավելին, մեկին վախեցնելով, մյուսին կաշառելով իշխանությունները փորձում են հնարավորն անել, որ երկրում իշխի ոչ թե սերն ու հանդուրժողականությունը, այլ վախն ու ատելությունը: Մի կողմից երկրից հարուստ մի խումբ օլիգարխներ, մյուս կողմից էլ վարչական լծակներն ու կրիմինալը լծվել են ամեն ինչ իրենցով անելու, ամենաթողություն քարոզելու եւ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը տարածելու գործին: Ավելին, նրանք ոչ միայն չեն բավարարվում իրենց արածներով, այլ նաեւ լծվել են ընդդիմությանը խոչընդոտելու, տարբեր արհեստական արգելքներ հարուցելու գործին: Այսօր ունենք ընչազրկության մեջ ապրող ժողովուրդ, իր ապագան երկրից դուրս տեսնող երիտասարդներ, չնչին աշխատավարձով ապրող գիտնական, բժիշկ ու մանկավարժ, իրենց բախտն անիծող թոշակառուներ եւ հաշմանդամներ, որբացած ու քաղցած զոհված ազատամարտիկների ընտանիքներ, դատարկվող գյուղեր, մի կտոր հաց վաստակելու համար օտարության մեջ դեգերող մարդիկ, աղետի գոտում, ինչպես նաեւ լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում փայտե կամ մետաղե տնակներում ապրող հազարավոր ընտանիքներ, ամեն օր տեղի ունեցող եւ չբացահայտվող սպանություններ, բարգավաճող կոռուպցիա, խորացող կլանային քաղաքականություն, ծայրահեղ աղքատ մարդիկ, ծերացող հասարակություն: Սիրելի հայրենակիցներ, տարիներ շարունակ ապրելով ոտնահարված իրավունքներով, ընչազրկության, վախի եւ ճնշումների ազդեցության տակ՝ պետք է կողմնորոշվեք. ուզո՞ւմ եք ազատվել զրկանքների շղթաներից, որոնք տարիներ շարունակ կախված են Ձեր պարանոցից, պատրա՞ստ եք պայքարելու հանուն ձեր եւ ձեր երեխաների ապագայի: Ուրեմն գիտակցե՛ք, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է իր անկաշառ եւ անաչառ սկզբունքով մեծ դեր ունենալ օրենքի երկիր կառուցելու համար: Սիրելի մասնակիցներ, ինձ համար մեծ պատիվ է աշխատել ու պայքարել Հայաստանի Հանրապետության նախագահի ամենաարժանի, գրագետ եւ բարեկիրթ, ազնիվ եւ բարոյական, քաղաքական լուրջ փորձ ունեցող եւ ամենակարեւորը՝ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող, օրենքի եւ օրինականության համար պայքարող, հայրենիքի եւ մեր երեխաների ապագայի վստահելի թեկնածու Արթուր Բաղդասարյանի համար: Միանշանակ կարող եմ ասել, որ ժողովրդի պահանջն է՝ տեսնել նոր որակի առաջնորդ, որը թրծված է քաղաքականության մեջ, ունի իր կայուն ընտրազանգվածը, վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը եւ ամենագլխավորը՝ ոչ միայն կարող է, այլ նաեւ ուզում է ժողովրդի կյանքում կատարել էական փոփոխություններ:
Հրայր Կարապետյան (ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար) – ՀՅԴ անունից թույլ տվեք ողջունել մի կուսակցության համագումար, որն արդեն լիարժեքորեն կարող է համարվել կայացած կուսակցություն քաղաքական դաշտում: Ի դեպ, մեզ՝ ՀՅԴ-ի համար քիչ են այնպիսի դաշնակից կուսակցությունները, որոնց հետ մենք համագործակցել ենք թե որպես իշխանության մաս, որպես կոալիցիայի մաս եւ նաեւ այսօր, երբ մենք կարծես թե գտնվում ենք տարբեր բեւեռներում: Մենք բարձր ենք գնահատում ՕԵԿ գործունեությունը քաղաքական դաշտում, բարձր ենք գնահատում նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի անուրանալի դերը կուսակցության կայացման եւ հավատամքի դրսեւորման գործում, մեզ համար՝ մեր երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծման ճանապարհին: Այն է՝ ազգային պետական շահերից բխող հիմնախնդիրների, Հայաստանի ժողովրդավարացման, Հայաստանի կողմից եվրոպական արժեքների ինտեգրման, տնտեսության ազատականացման եւ շատ ու շատ արժեքների իրականացման գործում: Թույլ տվեք ՀՅԴ անունից մաղթել հաջողություն համագումարին եւ հույս հայտնել, որ ազգի համար կարեւորագույն խնդիրների շուրջ այնպես, ինչպես մենք համագործակցել ենք, այդ համագործակցությունը նույնպես կշարունակվի, ի շահ մեր ժողովրդի, ի շահ մեր երկրի հզորացման:
Վազգեն Մանուկյան (ԱԺՄ նախագահ) – Մենք հարազատություն ենք զգում ՕԵԿ-ի նկատմամբ, քանզի ունենք ընդհանուր ծրագրեր:
Կա ընդհանուր փաթեթ՝ իրական ժողովրդավարություն, մարդու իրական պաշտպանվածություն, սոցիալական հարցեր: Եվ այս հարցում մենք համակարծիք ենք, եւ դա բերում է հարազատության զգացում ՕԵԿ-ի նկատմամբ: Ես ողջունում եմ ձեր համագումարը, ցանկանում եմ, որ դուք համագումարից հետո նորից դուրս գաք պայքարի, եւ մենք միասին այդ հատվածը գոնե կկարողանանք իրականացնել:
Գուրգեն Արսենյան («Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ) – Ես ցանկանում եմ ՄԱԿ-ի անունից շնորհավորել Ձեզ: Նախագահական ընտրությունները, դա առաջին հերթին հանրային բանավեճ է, հասարակության առջեւ դրվում են մոտեցումներ, տեսակետներ եւ պաշտպանվում, ապացուցվում է այդ տեսակետների ճշտությունը, հասարակության համար կարեւորությունը: Ես գտնում եմ, որ ՕԵԿ-ի կողմից Արթուր Բաղդասարյանին նախագահի թեկնածու առաջադրելը դա ողջամիտ որոշում է, որպեսզի հասարակական բանավեճի ժամանակ քննարկումների սեղանին դրվեն նաեւ այն թեզերը, այն արժեքային համակարգի հիմնական սկզբունքները, որի կրողն եք հանդիսանում դուք:
Տարբեր քաղաքական մոտեցումներ ունենալով՝ մենք շատ հարցերում կիսում ենք այդ արժեքային համակարգի նկատմամբ ունեցած համակրանքը: ՄԱԿ-ը իր որոշումը, թե որ թեկնածուին է սատարելու, կկայացնի հունվար ամսին՝ կուսակցության ակտիվի ժողովի ժամանակ, ռեյտինգային քվեարկությամբ:
Վարդան Խաչատրյան («Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար) – Ողջունում եմ ՕԵԿ արտահերթ համագումարը: Լիազորված եմ «Ժառանգություն» կուսակցության եւ «Ժառանգություն» խմբակցության կողմից մաղթել բեղուն աշխատանք այսօր եւ ապագա քաղաքական զարգացումների մեջ ՕԵԿ-ին եւ, հատկապես, պատգամավորական խմբակցությանը, որովհետեւ «Ժառանգություն» կուսակցության հետ ընդդիմություն հանդիսանալով ներկայիս ԱԺ-ում, ՕԵ խմբակցությունը էֆեկտիվ գործունեությամբ եւ ժողովրդի շահերի սպասարկման յուրատեսակ, միգուցե, կարճ ժամանակով, բայց ճանապարհ ենք անցել:
Մենք խստագույնս գնահատում ենք մեր համատեղ դրական ազդեցությունն ընդհանուր այդ դաշտում եւ համոզված ենք, որ այնպես, ինչպես ՕԵԿ-ը մինչ այժմ սպասարկել է ժողովրդի շահը, նույնպես եւ մեր ժողովրդի համար այս բավական լուրջ փորձություն հանդիսացող նախագահական ընտրություններում կշարունակի սպասարկել եւ հնարավորություն կընձեռի ընդհանրացնել դաշտը՝ միացյալ պայքարով էֆեկտիվ ավարտի հասնելու, այսինքն՝ ունենալու այնպիսի ապագա իշխանություն, այնպիսի ապագա նախագահ, որի եւ ժողովրդի միջեւ գոյություն չի ունենա ատելություն:
Արթուր Բալոյան («Արդարություն» կուսակցության նախագահ) – Համագումարի հարգելի պատվիրակներ: Ձեզ եմ ներկայացնում «Արդարություն» կուսակցության ընդունած որոշումը՝ 2008 թվականի նախագահական ընտրություններին պաշտպանել այնպիսի մի թեկնածուի, որը կունենա հետեւյալ հատկանիշները՝ խելացի, փորձառու եւ երիտասարդ: Եվ մեր կուսակցությունը որոշեց 2008-ի նախագահական ընտրություններին պաշտպանել Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:
Արթուր Բաղդասարյան. «Հայաստա՛ն, բա՛ց արա քո աչքերը»
Նախ եւ առաջ թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը վստահության եւ աջակցության համար, շնորհակալություն հայտնել երկար տարիներ ինձ հետ պայքարող կամք ու հավատ ունեցող այս դահլիճում ներկա, ինչպես նաեւ տեղի անբավարարության պատճառով բացակա պայքարի իմ զինակիցներին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր մեր կողքին են եղել, մեզ հետ միասին պայքարել ու քվեարկել են մեր քաղաքական թիմի օգտին: Դրանք ազատ քվեներ են, արդար ու անկաշառ ձայներ, այդ քվեների թիկունքում չկան վարչական բիրտ ճնշումներ եւ ընտրական կաշառքներ, այդ քվեների թիկունքում կանգնած է համոզմունքը, վստահությունը, իրենց կյանքը բարեփոխելու անկոտրում վճռականությունը: Եվ մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ արդար քվեներին, պարտավոր ենք շարունակել մեր վճռական պայքարը, որպեսզի ապրենք ոչ թե զրկանքների եւ դժվարությունների, անարդարությունների եւ ապօրինությունների, երեսպաշտության եւ քաղքենիության, չարության եւ նախանձի, ատելության եւ անհանդուրժողականության, այլ ազատության եւ ժողովրդավարության, նորարարության եւ բարեփոխումների, սիրո եւ բարության, վերջապես՝ օրենքի եւ արդարության Հայաստանում: Իսկ այդ ճանապարհը թեեւ փշոտ է, բայց ազնիվ, ինչպես մեր վերջին հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, երբ մեր թիմն անցնելով բռնաճնշումների, սեւ քարոզչության եւ ատելության գետով, կարողացավ ափ հասնել եւ մուտք գործել խորհրդարան՝ շնորհիվ այն բազմահազար մեր հայրենակիցների, ովքեր քաղաքացիական եւ քաղաքական արիություն ունեցան ասելու, որ մենք ազատ մարդիկ ենք, ազատ քաղաքացիներ: Այս իմաստով հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ազատ եւ արդար ընտրությունները հնարավոր են միայն ազատ եւ արդար երկրում: Իսկ անազատ եւ անարդար հասարակությունը դա անազատ եւ անարդար իշխանության արդյունք է, այն իշխանության, որ ծնվում է ոչ ժողովրդից, այլ նույն իշխանությունից, որի բովանդակությունը վերջին տասնհինգ տարիներին այդպես էլ չփոխվեց: Այդ իսկ պատճառով էլ մենք այսօր ունենք երեւութական մի երկիր, ուր հռչակվում է ժողովրդավարություն, բայց իրականում բանտարկվում է ազատ խոսքը, ուր հռչակվում է անկախ դատական իշխանություն, բայց վերահսկվում է արդարադատությունը, ուր հռչակվում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց շահութաբեր ոլորտները բաժանվում են կլանային խմբավորումների միջեւ, ուր խոսվում է արդար ընտրություններով ստացած քվեների մասին, բայց ամբողջ երկրում աճուրդի են հանվում աղքատության մատնված ժողովրդի քվեները, ուր խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անպատիժ են մնում բոլորին տեսանելի ու հայտնի կոռուպցիոն հայրերը, որ բազմել են պետական կառույցները եկամտի աղբյուր դարձրած առանձին ոլորտներում: Եվ հենց սա է պատճառը, որ վերջին 15 տարում իշխանությունների կողմից իրականացրած տնտեսական քաղաքականությունը տեսականորեն հռչակվել է բարեփոխիչ, սակայն արդյունքային տեսանկյունից չի բավարարում իրական բարեփոխումների տրամաբանությանը: Փաստելով տնտեսության ազատականացման ձեռնարկված որոշակի քայլերը, միաժամանակ ակնհայտ է, որ բազմաթիվ դեպքերում իշխանական լծակները կիրառվել են տնտեսության գրավիչ ոլորտներում սեփական կլանային մենաշնորհների հաստատման, սեփականաշնորհման արդյունքները նեղ խմբակային շահերի հարմարեցման, իսկ մի շարք դեպքերում՝ դրանց հանցագործ յուրացման ուղղությամբ: Ավելին, մենք համոզված ենք, որ չի կարելի ստեղծել մրցակցային շուկա, առանց կոռուպցիայի դեմ իրական պայքարի, չի կարելի օգնել սոցիալապես կարիքավոր մարդկանց, եթե արտոնյալները հարկեր չեն վճարում, չի կարող լինել օրենքի իշխանություն, եթե օրենքը իշխանության համար արտոնություն է, ժողովրդի համար՝ դագանակ: Այս ամենի պայմաններում պաշտոնական տեղեկատվությամբ մատուցվող տնտեսական թմբկահարվող աճը չի բավարարում իրականությանը, քանզի բնակչության գերակշիռ մեծամասնության սոցիալական վիճակը մնում է ծայրաստիճան ծանր: Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանը փոխվում է, փոխվում են մարդիկ, փոխվում են բարքերը, եւ ցավալին այն է, որ փոփոխությունների մեջ գերակշռում է հավատի հետեւողական հետընթացը, ինչն ուղեկցվում է ազգային արժեհամակարգի խարխլմամբ ու նահանջով:
Այսօր Հայաստանում բարոյական արժեքները խիստ նահանջ են ապրել: Շատերի համար ազգ, հայրենիք, ազգային խնդիրները հետին պլան մղվեցին, եւ այսօր մեր հասարակությունը բարոյական վերածննդի կարիք ունի: Խնդիր, որ նախ եւ առաջ պետք է մտահոգի իշխանությանը, խնդիր, որ պետք է մտահոգի մեր հասարակությանը եւ կարեւոր է մեր ազգային արժեքների, արժանապատվության եւ առաջընթացի համար:
Հայտնի է, որ փողը լավ ծառա է, բայց՝ վատ տեր: Փողով գնված հավատն ու իշխանությունը, ճնշումներով ու փշալարերով ստացած քվեները, ստով ու երեսպաշտությամբ քողարկվող ճշմարտությունը ոչ միայն երկար ճանապարհ չեն կարող անցնել, այլ նաեւ այդ ճանապարհին այնպիսի բարոյական աղետներ կարող են բերել, որոնք վերականգնելու համար տեւական ժամանակ եւ շատ ջանքեր կպահանջվեն:
Ճիշտ է, նախագահական ընտրություններում հաղթելը կարեւոր է, բայց այն երբեք չպետք է ձեռք բերվի՝ օգտվելով մարդկանց համատարած աղքատությունից՝ ժողովրդին զանգվածաբար կաշառելու եւ լայնամասշտաբ ընտրական հանցագործությունների, ի վերջո շղթաների եւ ազգային արժանապատվության հաշվին: Մեր ազգին ու հայրենիքին անհրաժեշտ է արդար ու ժողովրդական նախագահ, անխոցելի եւ լեգիտիմ իշխանություն, դիմակայելու արդեն իմ կողմից թվարկված մի շարք ներքին եւ բազմաթիվ արտաքին մարտահրավերներին: Բռնաճնշումներով եւ ընտրակեղծիքներով ընտրված նախագահը թույլ է եւ խոցելի, նաեւ մեր ազգային խնդիրների լուծման տեսանկյունից: Ուստի իշխանություն է, թե ընդդիմություն՝ ցանկացած ոք պետք է նախանձախնդիր եւ հետեւողական լինի, որ նախագահի արդար ընտրությունը դառնա գերակա քաղաքական ու հանրային խնդիր:
Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել խաղաղության եւ անվտանգության մեջ, որպեսզի կարողանա հոգալ իրենց ընտանիքների հոգսերը, վաստակելով այնքան գումար, որ կարողանա փոքր- ինչ տնտեսել իրենց զավակների համար: Սա կարող է շատ հուզիչ չհնչել, սակայն շատ հրաշալի բան կա սրա մեջ:
Հաշվի առնելով մարզային հեռավոր վայրերի, շարքային քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական տառապանքների հանդեպ իմ ունեցած խորը կարեկցանքը եւ դրանց վերացումը տեսնելու իմ ցանկությունը, ես միշտ առաջնորդվել եմ սոցիալական արդարության խնդիրներին առաջնություն տալու, շարքային մարդկանց կողքին կանգնելու, նրանց լսելու, օգտակար եւ աջակից լինելու ազնիվ ձգտումով, որի համար եւ քննադատվել եմ:
Ուզում եմ հայտարարել. Իմ Հայաստանը նրա բոլոր բնակիչներն են՝ առանց բացառության: Իմ Հայաստանը այն քաղաքացիներն են, որոնք քվեարկում են ծայրահեղությունների համար, որովհետեւ այդ ծայրահեղությունները ոչ թե նրանց համոզմունքն է, այլ որովհետեւ նրանք վախենում են լսելի չլինել իրենց պետության կողմից կամ վախենում են եղածը կորցնել: Ես ուզում եմ աշխատել նրանց հետ միասին: Իմ Հայաստանը նաեւ այն քաղաքացիներն են, որոնք չեն վստահում քաղաքականությանը, քանզի խաբվել են նրանից: Դիմում եմ նրանց, աջակցեք մեզ, որ միասին խզենք մեր կապերը կեղծիքի քաղաքականության հետ՝ մեր ապագայի հույսերը նորոգելու համար: Ես ուզում եմ դառնալ այն առաջնորդը, որ կուժեղացնի Հայաստանի դերը համաշխարհային քաղաքական բեմում: Ես ուզում եմ դառնալ այն առաջնորդը, որ կլինի մարդու իրավունքների պաշտպանը մեր երկրում: Ես ուզում եմ դառնալ այն առաջնորդը, որ Հայաստանը կդարձնի ազատ, զարգացող, ուժեղ եւ մրցունակ պետություն, որ սերմանում է համարձակություն, նորարարություն եւ ստեղծարարություն, որ հենվելով մեր ազգի անցած դժվարին ուղու վրա՝ զարկ է տալիս ապագային: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք մերը դարձնել այն ապագան, որին մենք ձգտում ենք, առաջարկելով այն մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր քաջություն կունենան ապրել եւ պայքարել իրենց եւ իրենց զավակների երազած հայրենիքի համար: Հայաստանը պետք է հաղթի: Դրա համար ես պատրաստ եմ զոհաբերել եւ դիմանալ, աշխատել եւ պայքարել այնպես, կարծես ողջ պայքարի հարցը կախված է հենց ինձանից: Համոզված եմ, որ այս մտայնությունը պետք է գերիշխող դառնա մեր բոլորի գիտակցության մեջ: