Լրահոս
Օրվա լրահոսը

19 տարի՝ խարխլված «դոմիկներում»

Դեկտեմբեր 08,2007 00:00

Անօթեւան գյումրեցիները նախագահին մեղադրում էին խոստումները չկատարելու մեջ

Երեկ Գյումրի էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վերջին անգամ ի պաշտոնե ծաղկեպսակ դրեց գյումրեցի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահին Գյումրիում սպասում էր անօթեւանների մի մեծ բանակ, որոնք բազմաթիվ բողոքներ ունեին՝ կապված նախագահի նախկին խոստումների հետ: «Մենք ապրում ենք փտած տնակներում՝ անտուն ու թափառական կյանքով: Երկրաշարժից արդեն 19 տարի է անցել, բայց պետությունը մեզ այս տարիների ընթացքում չի կարողացել դեռ սովորական, համեստ կացարանով ապահովել»,- նախագահին դժգոհում էին գյումրեցիները: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Գյումրի կատարած այցի ժամանակ Քոչարյանը գյումրեցիներին համոզում էր, որ իրենց քաղաքը գնալով գեղեցկանում է, եւ որ բնակիչների վիճակն էլ այնքան է բարելավվում, որ կարելի է անօթեւանությունից ազատվել՝ հիպոթեքային վարկեր վերցնելու միջոցով: Մինչդեռ նրանց առ այսօր չի հաջողվել որեւէ արտոնյալ վարկ ստանալ:

Ի դեպ, երկու օր առաջ քաղաքային ու մարզային իշխանությունների, գործարարների ու մտավորականների մասնակցությամբ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ, ուղերձ էր պատրաստվել՝ ուղղված ՀՀ նախագահին, նախագահի թեկնածուներին, վարչապետին, կառավարությանը, նույնիսկ օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային կազմակերպություններին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Շուտով լրանալու է երկրաշարժի 20-րդ տարելիցը, չնայած 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետից հետո անցած 19 տարիների ընթացքում աղետի գոտում իրականացված հսկայական վերականգնողական աշխատանքներին, այժմ պետք է արձանագրել, որ մոտավորապես 16-18 հազար մարդ (Գյումրիի բնակչության 13- 14 տոկոսը) 19 տարի ապրում է քայքայված, խարխլված տնակներում, որոնց պայմանները վաղուց անտանելի են դրանցում բնակվող մարդկանց համար: Իսկ բացարձակ անօթեւանների թիվը կազմում է 3972: Պետությունը դեռ չի կատարել իր պարտքը երկրաշարժից բնակարան կորցրած ընտանիքների հանդեպ: Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ «Բնակարանների գնման վկայագիր» ծրագիրն անզոր է լուծել բնակարանային հիմնահարցը Գյումրիում, որովհետեւ շուկան անկարող է բավարարել պահանջարկը: Գյումրի քաղաքից աշխատանքային միգրացիան, տարբեր տվյալներով, տարեկան կազմում է 7-11 հազար մարդ: Նրանք հիմնականում գնում են ԱՊՀ երկրներ եւ Երեւան: Գործազրկության մակարդակը Գյումրի քաղաքում մնում է ամենաբարձրերից մեկը հանրապետությունում»: Այսպիսով, անօթեւաններն առաջարկում են հինգ տարի շարունակ պետական բյուջեից ու բոլոր հնարավոր պահուստային ֆոնդերից հատկացնել այնքան գումար, որը կբավարարի Գյումրիում տարեկան 800 բնակարանի կառուցման համար, բացի այդ, հինգ տարի շարունակ արտոնություններ սահմանել աղետի գոտում արտադրական գործունեություն ծավալող ցանկացած գործարարի ու կազմակեպության համար, ավելի կոնկրետ՝ նրանց ազատել տարբեր հարկերից: Առաջարկվում է նաեւ կազմակերպել համահայկական դրամահավաք-մարաթոն, անօթեւանների համար ստեղծել արտոնյալ, երկարաժամկետ, հիպոթեքային վարկավորման հնարավորություն:

Երեկ այս ամենը լսելով՝ նախագահը խոստացավ քայլեր ձեռնարկել: Որոշ խոստումներ տվեց նաեւ Գյումրիի քաղաքապետը: Նա կրկնելով Ռոբերտ Քոչարյանի խոստումները՝ վստահեցրեց, որ երկարաժամկետ, էժան, առանց գրավադրման պայմաններով վարկեր են տրամադրելու թե՛ երկրաշարժից անօթեւան մնացածներին եւ թե՛ բազմանդամ դարձած ընտանիքներին: «Սա վարչապետի ծրագիրն է, արխային եղեք, Աստված ղեկավարների սիրտը գութ է մտցրել, լույսը բացվել է մեր քաղաքի վրա»,- սոցիալապես անապահով անօթեւաններին մխիթարեց Վարդան Ղուկասյանը: Վերջինս Գյումրիի հրապարակում տեսնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկայացուցիչներին՝ միանգամից սկսեց բացականչել. «Գետինը մտնեք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կպաշտպանեք, սատանանե՛ր»:

Ի դեպ, երեկ խոսակցություններ կային, որ Գյումրի է գալու նաեւ հանրապետության առաջին նախագահը: Սակայն թեեւ գյումրեցիներն անհամբեր սպասում էին նրա հետ հանդիպմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չեկավ: Նախագահացուներից միակը, ով եկել էր Գյումրի՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանն էր: Նա իր ընկերոջ՝ Արմեն Ռուստամյանի ու մի խումբ կուսակիցների հետ Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգեց մի քանի րոպեով ու հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել