Ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողներն իրենց արտադրանքի գինը սահմանում են ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ՝ իրենց քմահաճույքով:
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2007-ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճ է գրանցվել: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2,5%-ով թանկացել են բենզինը, ցեմենտը, 6,3%-ով՝ դիզելային վառելիքը: Թանկացել են նաեւ հեղուկ գազն ու շինարարական ապրանքները: Եթե բենզինի, նավթի կամ հեղուկ գազի գնաճը ներկրողներն ինչ-որ կերպ հիմնավորում են՝ պատճառաբանելով, որ միջազգային շուկայում եւս գների թանկացում է տեղի ունեցել, ապա ցեմենտի գնաճի պարագայում այդպիսի պատճառաբանությունն ու արդարացումն անհասկանալի է, քանի որ ցեմենտն արտադրվում է Հայաստանում:
Ցեմենտի արտադրության ոլորտում մեր երկրում գործող երկու խոշոր ընկերությունների՝ «Միկա ցեմենտի» եւ «Արարատցեմենտի» արտադրությունը կազմակերպվում է բացառապես տեղական հումքով: Ցեմենտի արտադրության հիմքը հանդիսացող տրավերտինն ու կրաքարը արդյունահանվում են հենց Հայաստանում: Նկատենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում կրաքարի եւ տրավերտինի գները Հայաստանում գրեթե անփոփոխ են մնացել: Չնայած դրան, թե՛ «Միկացեմենտը», թե՛ «Արարատցեմենտը» ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում իրենց արտադրանքի գինը 1 տոննայի մեջ միջինը 16 հազար դրամով բարձրացրել են: Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ «Արարատցեմենտի» 43-45 կիլոգրամանոց պարկերով սովորական ցեմենտը վաճառվում էր 1300, իսկ «Միկացեմենտի» արտադրանքը՝ 1100 դրամով, ապա այսօր դրանք շուկայում վաճառվում են համապատասխանաբար 1900 եւ 2100 դրամով:
«Միկացեմենտ» ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք պատրաստվում են այս ամսվանից իրենց արտադրանքի գինը 1 տոննայի մեջ հազար դրամով էժանացնել: Նկատենք, սակայն, որ տեղական շուկայում իր արտադրանքի գներն իջեցնելը «Միկացեմենտի» համար շատ ձեռնտու է, քանի որ ցեմենտի նույն տեսականին արտադրում է նաեւ «Արարատցեմենտը», որի արտադրանքը շուկայում անհամեմատ էժան է: Այսինքն՝ եթե նույնիսկ «Միկացեմենտն» ինչ-որ չափով էժանացնում է իր ցեմենտը, դա անում է՝ մրցակցությունից ելնելով: Այսպիսի մրցակցային պայմաններում մեկ պարկի մեջ 100-150 դրամով ցեմենտի գինն իջեցնելով՝ ընկերությունը, ըստ էության, վնաս չի կրում, ընդհակառակը՝ գերշահույթ է ապահովում: Բացի այդ, տեղական շուկայում ցեմենտի գինն իջեցնելով՝ ընկերությունն այդ փողերը ետ ստանալու այլ ճանապարհ ունի: Ն. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ եկող տարվանից մոտ 20%-ով իրենք ավելացնելու են արտահանման ծավալներն ու նաեւ թանկացնելու են արտահանվող ցեմենտի գինը:
Սպիտակ ցեմենտի ներկրմամբ զբաղվող «Շեն կոնցեռնի» գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատ ցեմենտի գներն այս տարի ավելացել են մոտ 10%-ով: Ներմուծվող ցեմենտի գների աճը նրանք պայմանավորում են դրսի շուկայի գնաճով: «Մենք մեր ցեմենտը բերում ենք Իրանից: Իսկ էնտեղ էլ տնտեսական ու քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով որոշ ապրանքների, այդ թվում նաեւ՝ ցեմենտի գները բարձրացել են: Գները կարգավորվում են դրսից, մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»: Նշենք, որ նախկին 80-100 դրամի փոխարեն, այսօր սպիտակ ցեմենտը շուկայում վաճառվում է կիլոգրամը 150 դրամով:
Իսկ թե ինչու է «Մուլտի գրուպին» պատկանող «Արարատցեմենտ» գործարանն իր արտադրանքի գինը տարվա ընթացքում բարձրացել ավելի քան 60%-ով, ընկերության տնօրեն Լեւոն Համբարձումյանը չկարողացավ պարզաբանել: Նա նշեց միայն, որ ինքը, ըստ էության, «Մուլտի գրուպի» հետ ոչ մի կապ չունի: Նրա խոսքերով՝ «Ես էստեղ աշխատավարձով աշխատող մարդ եմ ու զբաղվում եմ միայն ընկերության տեխնիկական հարցերով: Ֆինանսական հաշիվներից ոչ մի տեղեկություն չունեմ»: