Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների օրն էր: Միջոցառմանը չներկայացան «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին ոստիկանությունը մերժեց տալ Հայաստանում տասը տարվա մշտական բնակության տեղեկանք, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին այդպիսի տեղեկանք տրվեց, թեեւ հայտնի է, որ նա 2001 թվականից է Հայաստանում մշտական բնակություն հաստատել: «Անկեղծ ասած, ես Տիգրան Կարապետյանի վերջին տասը տարվա գործունեությանն այդպես մանրամասն չեմ հետեւել: Դրա համար կան պատկան մարմիններ, թող հետեւեն, իմանան: Եթե տվել են, ուրեմն մի բան գիտեն»,- ասաց Հ. Կարապետյանը: Ասաց նաեւ, որ ՀՅԴ-ն էլ ունի նման խնդիր. «Մենք ունենք Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան: Երբ որոշ քաղաքական ուժեր դիմեցին մեզ, թե ինչո՞ւ չենք միջնորդում, որ իրենց տրվի տասը տարվա կեցության իրավունք, մենք պատասխանեցինք, որ այդպիսի լիազորություն ունենալու դեպքում կմիջնորդեինք, որ Հրանտ Մարգարյանն ստանար տասը տարվա կեցության իրավունք, որովհետեւ ես կարծում եմ, որ ինքը ավելի լավ նախագահի թեկնածու կլիներ»: ՀՅԴ անդամը նաեւ հայտարարեց, որ իրենք որեւէ արտառոց ջանք չեն թափելու, որ որեւէ այլ կուսակցություն կանգնի Դաշնակցության կողքին: «Մենք բավական կայացած ուժ ենք, բայց նրանք, ովքեր կցանկանան մեր կողքին լինել եւ կիսել մեր գաղափարախոսությունը, մեր սկզբունքները, մեր մոտեցումները, մենք միայն ու միայն կողջունենք: Այդ թվում եւ «Ժառանգությանը»:
Այդ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ իրենք ծանոթ չեն նախագահի թեկնածուների ծրագրերին. «Մենք ծանոթ ենք թեկնածուների անձերին, բայց թե ինչպիսի ծրագրերով են նրանք գալիս, անգամ, ներեցեք, գործող վարչապետի պարագայում դա ինձ համար հստակ չէ: Որովհետեւ գործող վարչապետը Ազգային ժողովին ներկայացրել է կառավարության ծրագիր, որը ինչպես նշել են իրենք, ներկայացնում է երեք քաղաքական ուժերին: Այսինքն՝ տվյալ պարագայում ես կարծում եմ, որ հասարակությունը եւ ընդհանրապես ընտրողը միանգամայն այլ ծրագրի ականատես կլինի, քան այդ ծրագիրն է»: