Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"Նա կապացուցի, որ Քոչարյանն ավելի շատ է թալանել

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը, որը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելու մասին, նման որոշում կայացնելու համար, իր ասելով, բազմաթիվ պատճառներ ունի: Ու թեեւ ժամանակին ինքն էլ է եղել ՀՀ առաջին նախագահին քննադատողների թվում, այդուհանդերձ, կարծում է, որ «մարդն ընդհանրապես անսխալական չի լինում», առավել եւս, երբ զբաղված լինելով գիտական եւ ոչ թե ադմինիստրատիվ աշխատանքով, զբաղեցնելով ոչ քաղաքական պաշտոն՝ դառնում է նոր անկախացած երկրի առաջին դեմք: «Սխալները կարող են լինել ճակատագրական, դիտավորյալ կամ ուղղակի փորձի պակասի արդյունք»,- խոսելով Տեր-Պետրոսյանի իշխանավարության 7-8 տարիների մասին՝ նկատեց Մ. Գասպարյանը: Նրա ձեւակերպմամբ, Տեր-Պետրոսյանի «գերագույն եւ կոպիտ սխալն» այն է եղել, որ նա՝ որպես բանակի գերագույն հրամանատար, «ազատագրեց Լաչինի միջանցքն ու այդ ճանապարհով գնաց Ռոբերտ Քոչարյանի ձեռքից բռնեց ու չարուխները հագին 1997թ.-ին Ղարաբաղից բերեց Հայաստան, դրեց երկրի վարչապետ»: «Այսօր էլ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս մամուլում եւ ասում, որ նախորդը հանցավոր իշխանություն էր, որ ՀՀՇ-ն թալանում էր, Տեր-Պետրոսյանն էլ պատրաստվում էր Ղարաբաղը ծախել: Լավ, որ դու 1997-ին եկար Հայաստան, եթե դա հանցավոր իշխանություն էր, ինչո՞ւ եկար եւ ստանձնեցիր այդ հանցավոր իշխանության վարչապետի պաշտոնը»,- հռետորական հարցադրում արեց ԺՈՒԿ-ի նախագահը: Մեր այն հուշումին, թե նմանատիպ մի հարցին, իհարկե, Սերժ Սարգսյանի մասով, Սամվել Բաբայանն է վերջերս պատասխանել՝ ասելով, թե եկել էր Ղարաբաղի թիկունքը ապահովելու, որ թիկունքից հարված չլինի, պարոն Գասպարյանը ի պատասխան վրդովվեց. «Այսինքն՝ հայաստանցիների՞ց թիկունքը պահեն: Եթե Սամվել Բաբայանն էդպիսի բան է ասել՝ գլուխը պատին է տվել: Եթե նա «թիկունքն» ասել է այլ իմաստով՝ թող ինքը դա մեկնաբանի, ես հետո նրա պատասխանը կտամ:

Ես՝ իմ գլխավորած կուսակցությամբ, որոշել ենք սատարել Լ. Տեր-Պետրոսյանին միմիայն այն բանի համար, որ 10 տարի լինելով երկրի իշխանության ղեկին, երկրի քաղաքացիներին ճորտացնելուց հետո էլ Քոչարյանը պատրաստվում է երրորդ անգամ դառնալ երկրի առաջին դեմք»: Մ. Գասպարյանի ասելով, առաջիկա ընտրությունները իշխանությունների համար իրականում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Քոչարյանի ընտրությունն է երրորդ ժամկետի համար: Հակառակ դեպքում, ըստ Մ. Գասպարյանի, Քոչարյանն այդքան ջանասիրաբար չէր աշխատի Ս. Սարգսյանի համար, այլ որպես երկրի ղեկավար՝ կերաշխավորեր ընտրությունների ազատությունն ու արդարությունը: ԺՈՒԿ-ի առաջնորդի ասելով, այսօր խորհրդարանի 90 տոկոսը ոչ թե Ս. Սարգսյանի, այլ՝ Քոչարյանի կողմից «հատ-հատ «կրիշիտ» արված պատգամավորներ են, ու Ս. Սարգսյանի՝ մեծամասնությունը ունենալը ձեւական բնույթ է կրում: «Եթե առաջիկա ընտրություններում Սերժը հանկարծ հաղթի, Քոչարյանը նրա կարգավիճակն արդեն տվել է իր հարցազրույցում՝ նա դառնալու է անգլիական թագուհի: Քոչարյանը Տեր-Պետրոսյանին է ասում՝ ինչո՞ւ է ուզում դառնալ անգլիական թագուհի: Իսկ Ս. Սարգսյա՞նն ինչու է ուզում»,- հակադարձում է ԺՈՒԿ-ի նախագահը՝ Ս. Սարգսյանին խորհուրդ տալով հանել իր թեկնածությունը, միանալ Տեր-Պետրոսյանին ու մնալ վարչապետ՝ իր ԱԺ մեծամասնությամբ:

Անդրադառնալով իշխանությունների ու հատկապես Քոչարյանի կողմից ՀՀ առաջին նախագահին եւ ՀՀՇ-ին ուղղված մեղադրանքներին՝ 1992-93թթ. ցուրտ տարիներ, «թալան», «վատնում-յուրացումներ» եւ այլն, Մ. Գասպարյանը պատրաստ է հակադարձել Քոչարյանին՝ մատնանշելով նրա մեղքերը նույնօրինակ հանցանքների մեջ: Նա միաժամանակ շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելը պետք է որոշի «ոչ թե գործող իշխանությունը, որի «քաղաքական պապան» եղել է Տեր-Պետրոսյանը, այլ ժողովուրդը՝ իր քվեարկությամբ»:

«Ես զարմացա, որ Քոչարյանը կառապանի մակարդակ ունի, ոչ թե երկրի առաջին դեմքի: Նա խոսում է Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք տեղի ունեցած սեփականաշնորհման մասին: Հիշեցնեմ, որ Տեր-Պետրոսյանի օրոք սեփականաշնորհման գործընթացին մասնակցում էին ՀՀ ԳԽ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը՝ ի դեմս սեփականաշնորհման հանձնաժողովում ներկայացված իրենց անդամների: Սեփականաշնորհումը կատարում էր ոչ թե Տեր-Պետրոսյանը, այլ կառավարությունն ու այդ խորհրդարանական ուժերը: Իսկ հիմա սեփականաշնորհմանն առնչվող բոլոր հարցերը լուծում է անձամբ Քոչարյանը: Եթե նա կառապանի մակարդակ չունենար, որպես առաջին դեմք՝ իրեն իրավունք չէր վերապահի ասելու, որ ՀՀՇ-ն թալանել է, եւ եթե ինքն ուզենար՝ նրանցից շատ-շատերը հիմա բանտերում կլինեին: Ստացվում է, որ ինքը տեղյակ է եղել, որ հանցագործություն է կատարվել, բայց օրենքի համաձայն՝ պատասխանատվության կանչելու փոխարեն պարտակել է նրանց հանցանքները: Այո, այն ժամանակ էլ է եղել թալան, բայց ոչ այն չափերի, ինչպիսին հիմա է: Ես ԱԺ-ում «էներգետիկ ճգնաժամի» տարիների յուրացումներն ու վատնումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահն էի: Մեր կազմած «մազութի գործը» հանձնեցին Գլխավոր դատախազություն, որը դրանում հանցակազմ չէր տեսել ու գործը կարճել էր:

Կգա նախընտրական քարոզչության փուլը, ու ես ինքս հասարակությանը կներկայացնեմ ու հատ-հատ կասեմ, թե ինչ է թալանել Քոչարյանը իր շայկայով եւ ինչքան է թալանել: Քոչարյանի ժամանակվա թալանը Տեր-Պետրոսյանի օրոք եղած թալանից 70 անգամ շատ է: Ու դրա կոնկրետ օրինակները շատ են, այդ թվում՝ 2002-ի նոյեմբերին ԲԷՑ-երի սեփականաշնորհումը, որի արդյունքում էլեկտրացանցերում կուտակված դեբիտորական պարտքերը՝ 89 մլրդ դրամը կամ 300 մլն դոլարը, որ պետք է երկու ամսում գանձվեին, հանեցին հաշվեկշռից՝ նոր սեփականաշնորհեցին: Առ այսօր ոչ մի լումա չի գանձվել, բյուջե չի մտել, փոշիացվել է»,- ասաց ԺՈՒԿ-ի նախագահը՝ հավելելով, որ ողջունում է Տեր-Պետրոսյանի առաջադրումը: «Մենք պարտավոր ենք աջակցել նրան, եւ եթե նա սխալներ է թույլ տվել մինչեւ 98-ը, պետք է պահանջենք, որ գալուց հետո այդ սխալները արագ կարգով շտկի, հատկապես՝ Քոչարյանին ճանապարհ դնի Ղարաբաղ, որ նա այնտեղ Ղարաբաղի շենացման աշխատանքներով զբաղվի»,- եզրափակեց Մանուկ Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել