«Իհարկե, մենք»,- ասում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները
Արդեն հայտնի է, թե նախագահական ընտրություններում ով ում դեմ է պայքարելու, եւ մոտավորապես հայտնի է նաեւ, թե ով ինչ է ասելու: Ընդդիմությունը այս ընտրություններից առաջ այդպես էլ չմիավորվեց, եւ առաջադրված նախագահի ինը թեկնածուներից միայն երկուսին կարելի է որակել որպես իշխանության ներկայացուցիչ թեկնածուներ՝ ՀՀԿ նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանին եւ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանին: Մյուսներն իրենց ներկայացնում են որպես ընդդիմադիր գործիչներ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ են բացատրում, որ այսքան շատ ընդդիմադիր նախագահացուներ կան, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքն ամենեւին այն կարծիքին չէ, որ մնացած յոթ թեկնածուները ընդդիմադիր են. «Որովհետեւ, իմ կարծիքով, շատ անգամ դա ընդդիմություն է իշխանությանը եւ ոչ թե՝ համակարգին: Ես չեմ ասում, որ սա վատ կամ լավ բան է, սա պարզապես փաստ է. ավելի շատ խոսքը գնում է իշխանափոխության մասին, քան համակարգի փոփոխության մասին: Այն անձինք, ովքեր խոստումներ են տալիս, որ պատրաստ են նաեւ համակարգային փոփոխությունների, դեռ այդ ասածը ապացուցելու խնդիր ունեն: Նախ եւ առաջ այդ հայտարարությունները կասկածելի են նրանով, որ այդ անձինք դրսեւորում են իրենց նախկինում գործած սխալներից եւ մինչ այսօր այդ գաղափարախոսությունից չհրաժարվելու կեցվածք, եւ երկրորդը՝ ապագային ուղղված բավականին հեղհեղուկ այն բանաձեւերը, որոնցով իրենք հանդես են գալիս»:
Խնդրեցինք հստակեցնել, թե նախագահի որ թեկնածուներն են առաջ քաշում ոչ թե անձերի, այլ՝ համակարգի փոփոխություն: Ըստ տիկին Ալավերդյանի, համակարգային փոփոխությունների մասին խոսում են Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Որոշ այլ անձինք խոսում են առանձին անհամաձայնությունների մասին: Օրինակ, Արման Մելիքյանը գրանցվեց եւ խոսում էր անհամաձայնության մասին արտաքին եւ որոշ առումով՝ ներքին քաղաքականության հարցերում, Տիգրան Կարապետյանը ասում է, որ ինքը ավելի շատ կենտրոնամետ է, ինչը տվյալ դեպքում անհասկանալի է, այդ դեպքում ի՞նչն ենք փոփոխում, երեւի մարդուն: Ես ուշադիր նայել եմ պարոն Գեղամյանի ծրագիրը, էլի անհասկանալի է մնում, թե ինչ մեթոդներով եւ ինչ թիմով է ինքը հավակնում իրագործել այդ ծրագիրը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը մեր հարցին՝ նախագահի բոլոր ինը թեկնածուներից ո՞վ է առաջարկում ոչ թե անձերի, այլ՝ համակարգի փոփոխություն, հպարտ-հպարտ հայտարարեց՝ «Իհարկե, Դաշնակցության թեկնածուն, որովհետեւ ընդհանրապես բոլոր հարցերին Դաշնակցությունը գաղափարախոսական մոտեցում է ունեցել, եւ այն ժամանակ, երբ ընդդիմություն էր, եւ երբ իշխանության մաս է: Մեզ համար իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել, մեզ համար կարեւոր է, թե իշխանության գալով՝ ինչ քաղաքականություն ես իրականացնելու: Սա է պատճառը, որ այսպիսի հայտարարություն եմ անում, որ այսօր Հայաստանում միմիայն Դաշնակցությունն է կայացած քաղաքական ուժ»:
Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ մեզանում ընդդիմությանը այդպես էլ չի հաջողվում համախմբված ներկայանալ եւ պայքարել գործող իշխանությունների դեմ, Հրայր Կարապետյանի համար պարզից էլ պարզ է՝ որովհետեւ «Հայաստանում հիմնական խնդիրը ընդդիմության միավորվելու խնդիրն է, եւ դա չի ստացվում ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները խանգարում են, այլ այն պատճառով, որ ընդդիմության մեջ ամբիցիաները շատ ավելի շատ են, քան միավորվելու ձգտումը: Սրա պատճառն էլ երեւի այն է, որ մեզանում չեն կայացել այն ուժերը, որոնք, ենթադրենք, ձախ են, կենտրոն են կամ աջ են, այսինքն՝ քաղաքական ուժերը չեն ստեղծվում գաղափարական հենքի վրա»:
ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը եւս այն կարծիքին է, որ ընդդիմության չմիավորվելու պատճառը գործիչների չափից ավելի հավակնոտությունն է: Ըստ Հանրապետական պատգամավորի, իրենց թեկնածու Սերժ Սարգսյանը առաջարկում է ոչ թե համակարգային փոփոխություն, այլ՝ համակարգային բարեփոխման խնդիր, եւ բարեփոխումների երկրորդ փուլը իրականացնելու իրատեսական ծրագիր է ներկայացնում: «Մի կողմը դնում է կազմաքանդելու խնդիր, որը ես չեմ կարծում՝ նշանակում է համակարգային փոփոխություն: Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, կարծում եմ, կառաջարկեն որոշակի կազմակերպաիրավական բարեփոխումների համակարգ: Սա է: Ինքս հուսով եմ՝ մեր ժողովուրդը շատ ավելի իրատեսական ծրագրին առաջնություն կտա»,- ասաց պարոն Մինասյանը: