Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրինախախտ դատավորը

Դեկտեմբեր 07,2007 00:00

«Առավոտ» թերթի ս/թ. օգոստոսի 7-ի համարում զետեղվել էր հոդված՝ «Հին ընկերները դավաճանո՞ւմ են», ու նկարագրվել էր, թե ինչպես իմ մոտ ընկերը՝ Արշակ Բոստանջյանը, որը տնօրենն է «Ոսկի պատառաքաղ» եւ «Նոր Ձորաբերդ» ռեստորանների, ինձանից պարտքով վերցրել էր 86000 դոլար՝ 6 ամիս ժամկետով ու չէր վերադարձրել:

Դատական միջամտությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց վերցրած գումարը ամբողջությամբ վերադարձնելու եւ համաձայն Քաղօրենսգրքի N141 հոդվածի՝ վճարելու նաեւ տոկոսներ՝ սկսած կետանցման օրվանից (այսինքն՝ ստացականի ժամկետը լրանալու օրվանից) մինչեւ գումարի վերադարձման օրը։

Ա. Բոստանջյանը խուսափելով վճռի կատարումից, դիմեց վերաքննիչ դատարան՝ նախօրոք պայմանավորվելով դատավոր Տիգրան Սահակյանի հետ, որպեսզի նոր վճիռ կայացվի, տոկոսները չհաշվարկվի։ Օրինախախտ դատավորին հենց այդ էլ պետք էր, անտեսելով N 141 հոդվածը՝ իր բոլոր կետերի պահանջով, աղավաղեց օրենքը՝ վճռի եզրափակիչ մասում գրելով, որ պետք է վերցրած գումարը լրիվ վերադարձվի, բայց տոկոսները տրվի միայն դատարանի վճռից հետո ընկած ժամանակահատվածի համար, մինչեւ վճարման օրը, իսկ նույն վճռի պատճառաբանական մասում իր իսկ ձեռքով գրել էր, որ համաձայն N 141 հոդվածի, պետք է հայցվորին վճարվի տոկոսներ՝ սկսած կետանցման օրվանից, առ վերադարձման օրը։

Այսպիսով, քմահաճ դատավորի հայեցողությամբ, ես պետք է տուժեմ 10-12 հազար դոլար, որը 10 ամիս տեւողությամբ դատական քաշքշուկի ժամանակահատվածում պարտք վերցրած եւ չվերադարձրած գումարի վրա ավելացված տոկոսներն են, համաձայն N 141 հոդվածի պահանջի՝ սահմանված բանկային տոկոսների հաշվարկային դրույքի չափով եւ որը չգիտեմ թե ում է փայ հասնելու…, միգուցե ախպերաբաժին է դառնալու։

Ես մտադիր եմ դիմել վճռաբեկ դատարան, որը, հուսով եմ, արդարացի եւ օրինական կարգով կբեկանի վերաքննիչ դատարանի անօրինականությունը, բայց հոդվածովս ուզում եմ կոչ անել ժողովրդին եւ զգուշացնել, որ վերաքննիչ դատարանի դատավորներից (որը ավելորդ օղակ է) եւ հատկապես դատավոր Տիգրան Սահակյանից պետք է զգուշանալ եւ զոհ չդառնալ նրան, որին ես արդարադատության նախարարին գրածս բողոքի մեջ անվանել եմ անգրագետ, տգետ եւ կաշառակեր, իհարկե՝ կաշառակեր եմ անվանել նրան ոչ անտեղի, քանի որ մինչ դատը նա ինձ առաջարկել էր տոկոսաբաժինը կիսել, այսինքն՝ իրեն տալ 5000 դոլար, որը ես մերժել էի: Արդյունքն էլ եղավ նրա օրինազանցությունը եւ, իհարկե, նաեւ վրեժ լուծելը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել