Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԱԾ-Ն ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Դեկտեմբեր 07,2007 00:00

\"\"Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ձեռնարկատիրություն, որի հետեւանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի (մաքսանենգություն՝ խոշոր չափերով) հատկանիշներով:

Երեկ այդ մասին «Առավոտին» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նախաքննության մարմնի ձեռք բերած փաստերի՝ «Նամյու» ՍՊԸ-ի կողմից, որը ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության՝ Ավանի տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետ Մ. Ստեփանյանի եւ Սեւանի հարկային տեսչության ավագ տեսուչ Ս. Դավթյանի նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքացի, ոսկրերի քաղցկեղով տառապող, անաշխատունակ Ա. Ղազարյանի անունով, առանց ապրանքների մատակարարման «Սիլվիա» ՍՊԸ-ին են տրամադրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ «Սիլվիա» ընկերությանը 720 մլն դրամի ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումներ մատակարարելու մասին: «Սիլվիա» ՍՊԸ-ի անունից «Նամյու» ՍՊԸ-ին գումարի հաշվանցումը եւ կանխիկացումը ձեւակերպվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հատկապես Սեւանի մասնաճյուղի միջոցով, որին անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Դավթյանը:

«Սիլվիա» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է տպագրատուն, նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, 720 մլն դրամ ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումները ապօրինի, մաքսանենգ ճանապարհով արտահանվել են Հայաստանից, իսկ արտահանված ապրանքների դիմաց գոյացած ավելացված արժեքի հարկը 120 մլն դրամի չափով հաշվանցվել է «Սիլվիա» ՍՊԸ-ի հաշվին:

«Սիլվիա» ՍՊԸ-ում հարկային պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել 2007թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, եւ ընկերությունը տարբեր խախտումների համար տուգանվել է: Դրանից անմիջապես հետո ընկերության 80-ամյա հաշվապահը, վերջինիս հայտարարության համաձայն, ընկերության 2006-2007թթ. գործունեությանը վերաբերող հաշվապահական փաստաթղթերը կորցրել է երթուղային տաքսիում, որի պետհամարանիշն ու երթուղու համարը չի հիշում:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Ավանի տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետ Մ. Ստեփանյանին եւ Սեւանի հարկային տեսչության ավագ տեսուչ Ս.Դավթյանին առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-215-րդ հոդվածի 1-ին մասով, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան աշխատակիցներ Ա. Գասպարյանին եւ Ա. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին, 314-րդ հոդվածի 1-ին մասերով, «Սիլվիա» ՍՊԸ-ի տնօրեն Մ. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 215-րդ հոդվածի 1-ին մասով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել