Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զրկված են մանկապարտեզից

Դեկտեմբեր 07,2007 00:00

Ներքին Գետաշենի երեխաներն օրն անցկացնում են հանդերում՝ ծնողների կողքին

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հռիփսիկ Շահինյանը երկու փոքրիկ թոռնիկ ունի: Նրանք մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա: «Մանկապարտեզի դերը երեխայի սոցիալականացման գործում կարեւոր է: Երեխան սովորում է լինել կարգապահ, կրել պատասխանատվություն: Մանկապարտեզը նախապատրաստում է երեխային դպրոցական կյանքին»,- ասում է Մարտունու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Վալերիա Հարությունյանը:

Մանկապարտեզի կարեւորությունը հաստատում է նաեւ ներքինգետաշենցի ծնող Թամարա Սեդրակյանը: Նրա երեխաները, որ այժմ դպրոցական են, ժամանակին ֆինանսական պատճառներով Մարտունու մանկապարտեզ չեն հաճախել, հետեւաբար դպրոցում բազմաթիվ դժվարություններ են ունեցել՝ ինչպես կարգապահությանը հարմարվելը, դասերն ինքնուրույն սերտելը եւ այլն:

Նախադպրոցական հաստատության դերը գիտակցելով՝ ներքինգետաշենցի ծնողներից շատերը դեռ խորհրդային տարիներից իրենց զավակներին ուղարկում էին Մարտունու մանկապարտեզներ: Օրինակ՝ Հռիփսիկ Շահինյանի չորս երեխաները: Եվ քանի որ տիկին Շահինյանը նաեւ Մարտունիում է աշխատել, երեխաներին տանել-բերելու հետ կապված խնդիրներ չի ունեցել: Իսկ Վարդուհի Պետրոսյանը չնայած գյուղում է աշխատել, ամեն օր իր տղային մանկապարտեզ է տարել, կեսօրին էլ հետ բերել: Ցավոք, այսօր 8400 բնակիչ ունեցող գյուղից Մարտունու մանկապարտեզների սան է ընդամենը 45 երեխա: Ոմանք զրկված են այդ «հաճույքից»՝ ֆինանսական պատճառներով: «Ո՞վ չի ուզենա, որ իր երեխան կտրվի փողոցի փոշուց-ցեխից ու մանկապարտեզ գնա, շփվի իր հասակակիցների հետ: Բայց թոռներս մանկապարտեզ չեն գնում, որովհետեւ գումար չունենք: Աղջկաս ընտանիքում միայն ինքն է աշխատում, ստանում է 17.000 դրամ աշխատավարձ: Մինչդեռ մանկապարտեզ ուղարկելու դեպքում ամիսը 4000 դրամ տաքսիին պիտի տա, յուրաքանչյուր երեխայի համար 2000 դրամ էլ մանկապարտեզի վարձը: Իսկ որ գյուղում մանկապարտեզ լիներ, բա էսպես խնդիր կառաջանա՞ր»,- ասում է Հռիփսիկ Շահինյանը: Այն երեխաները, որոնք մանկապարտեզ չեն հաճախում, ստիպված ողջ օրն իրենց ծնողների կողքին են անցկացնում: Իսկ Ներքին Գետաշեն գյուղում բոլորն առանց բացառության տարվա երեք եղանակներին աշխատում են հանդերում: Եվ մայրերը իրենց փոքրիկներին էլ են դաշտ տանում: Երեխան մի քարի վրա նստած սպասում է՝ քամու, արեւի ու անձրեւի տակ, մինչեւ մայրն ավարտում է աշխատանքը: Հատկապես ցանքսի ու բերքահավաքի ժամանակ երեխաները հաճախ են անուշադրության մատնվում, մրսում ու հիվանդանում:

Ներքին Գետաշենի բնակիչ Անժելա Ճռիկյանը պատմում է, որ ինքը ժամանակին թոռներին Մարտունու մանկապարտեզ է ուղարկել, քանի որ ո՛չ ուզում էին հանդի աշխատանքը անտեսել, ո՛չ էլ թոռներին: «Երեխա ա, էսօր մրսեց- հիվանդացավ, վաղն ընկավ մի տեղը վնասեց: Չես կարող հանգիստ աշխատել, երբ չգիտես, թե երեխան ինչով է զբաղված»,- նշում է տիկին Անժելան: Արդեն երկու տարի է, ինչ նրա թոռները Հայաստանում չեն ապրում, քանի որ Անժելա Ճռիկյանի որդին Ռուսաստանում է աշխատում:

Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Բազմիցս դիմել ենք մարզպետարան, կառավարություն՝ մեր գյուղում մանկապարտեզի կառուցումը ֆինանսավորելու խնդրանքով: Հուսանք, որ գոնե հաջորդ տարի միջոցներ կտրամադրվեն շինարարության համար: Իսկ եթե էլի ֆինանսավորում չլինի, համայնքի բյուջեից հատկացումներ կկատարվեն, մանկապարտեզի շինարարությունը հաստատ տարիներով կձգվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել