Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նկատվում է ավազակության աճ

Դեկտեմբեր 07,2007 00:00

Ոստիկանները դարձել են սանիտարներ

Ավազակային հարձակումներն ու կողոպուտները մեր երկրում «հեղինակավոր» հանցագործություններից են: Վերջին 3 տարիներին նկատվում է նշված հանցատեսակների կտրուկ աճ: «Առավոտի» տեղեկություններով, 2005-ին հանրապետությունում արձանագրվել է 8875 հանցագործություն, 2006-ին այդ թիվը 882-ով ավելացել է՝ հասնելով 9757-ի:

2007թ. միայն 10 ամիսների ընթացքում արձանագրվել է մոտ 9 հազար հանցագործություն: Այս ցուցանիշը, անշուշտ, կավելանա մինչեւ տարեմուտ, քանի որ սեփականության դեմ ուղղված այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են՝ ավազակությունը, կողոպուտը, գողությունը եւ տրանսպորտային միջոցներ փախցնելը, ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ, հիմնականում «ծաղկում» են նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին:

Ավազակային հարձակումները եւ կողոպուտները հիմնականում կատարվում են դիմակավորված, հրազենի եւ սառը զենքերի գործադրմամբ: Եղել են դեպքեր, երբ հանցագործները զոհին դանակի 20-ից ավելի հարված են հասցրել, ծնողների ներկայությամբ տանջել են անչափահաս երեխային, իսկ երբեմն էլ զոհի մարմնի վրա դրել են միացրած արդուկը:

Մեր տեղեկություններով, նշված հանցատեսակների աճի հետ մեկտեղ, արձանագրվել է բացահայտման ցուցանիշների որոշակի նվազում: Եթե 2005-ին ավազակային հարձակման եւ փորձի բացահայտման ցուցանիշը 65,6 տոկոս էր կազմել, ապա 2006-ին այդ ցուցանիշը 64,2 տոկոս է, կողոպուտինը՝ 2005-ին՝ 74,7 տոկոս, 2006-ին՝ 65,8 տոկոս: Վերջերս, նոյեմբերի 28-ին, 4 անհայտ անձ Վերին Արտաշատ գյուղում իրենց տանը կապկպել են 80-ամյա ամուսիններ Օվսաննա եւ Գրիգոր Գրիգորյաններին, այնուհետեւ ատրճանակով (դեռեւս չպարզված տեսակի) ֆիզիկական բռնություն գործադրելով հափշտակել են 1 միլիոն 800 հազար դրամ, 1600 ԱՄՆ դոլար եւ 150 հազար դրամին համարժեք ոսկյա եւ արծաթյա զարդեր:

Մի քանի օր առաջ Երեւանի Անդրանիկի փողոցում գործող «Ալֆա-Ֆարմ» դեղատան դեղագործ-վաճառողի եւ դեղագետի նկատմամբ կատարվել էր ավազակային հարձակում: Հափշտակել էին դեղատան 190 հազար դրամը: Ի դեպ, մեր դիտարկմամբ, վերջին ժամանակներս հանրապետությունում նկատվում է տաքսի ծառայությունների վարորդների նկատմամբ ավազակային հարձակման եւ կողոպուտի դեպքերի կտրուկ աճ: Շատ են դեպքերը, երբ վարորդ-զոհերը իրենց նկատմամբ կատարվածի մասին հրաժարվում են տեղեկացնել ոստիկանությանը: Մեզ հետ ունեցած զրույցում որոշ տաքսիստներ հայտնել են, թե փառք են տալիս Աստծուն, որ ավազակները բավարարվել են միայն իրենց մոտ եղած չնչին գումարը հափշտակելով: Իսկ ինչո՞վ են վարորդները պատճառաբանում կատարվածի մասին ոստիկանությանը չտեղեկացնելը: Նրանցից մեկն ասաց, որ հույս չունի, թե կբացահայտվի, իսկ մեկ ուրիշը նկատեց, որ «մենթերն էնքան կտանեն-կբերեն, որ զահլա կտանեն»: Որոշ դեպքերում, վարորդներին հենց տաքսի ծառայությունների տնօրեններն են արգելում կատարվածի մասին տեղեկացնել ոստիկանությանը: Ի դեպ, ոստիկանության քրեական հետախուզության որոշ օպերլիազորներ այս հանցատեսակների չբացահայտման աճը պատճառաբանում են նրանով, որ վերջին տարում իրենց հիմնական գործը թողած, որի մեջ մտնում է նաեւ հանցագործությունների կանխումն ու նախականխումը, զբաղված են երթեր, ցույցեր ցրելով եւ արգելելով: Նրանց հանձնարարում են պարզել. «գնացեք-տեսեք, թե էդ միտինգներին ձեր համայնքներից ովքեր են ներկա եւ ովքեր են ակտիվություն ցուցաբերում»: Այս ամենին ավելացել է նաեւ այն, որ ոստիկանության աշխատակիցները այս վերջին շրջանում ավելի շատ զբաղված են փողոցների հենասյուների եւ պատերի վրայից իշխանություններին ոչ հաճո կոչերն ու ընդդիմադիր գործիչների նկարները պոկելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել