Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը ասուլիս արեց

Դեկտեմբեր 07,2007 00:00

Իր ասելով, նա ներկայացնում է 12 մտավորականի

Երեկ «Հայոց տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե «Արմատ» հասարակական-քաղաքական կենտրոնի գրասենյակում ասուլիս է հրավիրել: Միայն ասուլիսից հետո պիտի պարզվեր, որ «Արմատ»-ականները, ըստ էության, տեղյակ չեն եղել ասուլիսի բովանդակության ու նպատակների մասին: Վ. Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրի, կենտրոնի անդամներից մեկին միայն տեղեկացրել էր, թե մի քանի մտավորականներ հայտարարություն են ուզում անել ԶԼՄ-ների համար եւ խնդրել էր իրենց տեղ տրամադրել լրագրողների հետ հանդիպման համար:

Հանդիպմանը, սակայն, ներկայացել էր միայն Վ. Պետրոսյանը, որը հայտարարեց, թե հիմնադրվել է «Ազատ Հայաստան» Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանության հասարակական կոմիտե, որին կարող են անդամակցել ՀՀ բոլոր քաղաքացիները: Կոմիտեն նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ եւ քաղաքական գործողություններ՝ ցույցեր, հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ, ստորագրահավաքներ, թռուցիկների ու տեղեկագրերի տարածում, քարոզչություն եւ այլն: Օրինակ՝ կանցկացվի «հասարակական տրիբունալ», որի ընթացքում, ըստ նրա տարածած հաղորդագրության, «ժողովրդի դատին կներկայացվեն ներկայիս ռեժիմի հանցագործությունները, կտրվի նրանց 10-ամյա իշխանավարման հասարակական գնահատականը: Ընտրությունների օրը կոմիտեի անդամները կիրականացնեն դիտորդական առաքելություն»: Կոմիտեն դիմել է «բոլոր ազգանվեր ուժերին, ողջ հայ ժողովրդին կոչով՝ համախմբվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, ելնել հանուն երկրի անկախության ամրապնդման, ժողովրդի ազատության ու բարօրության պայքարի»: Կոմիտեի «զանգվածային անդամագրման գործընթացը», ըստ բանախոսի, սկսվելու է դեկտեմբերի 8-ի հանրահավաքից հետո: Հայտարարվեց նաեւ, որ սույն կոմիտեի, որն, ըստ Վ. Պետրոսյանի, բաղկացած է 12 մտավորականներից, որոնց անուններն, ի դեպ, նա չմատնանշեց, համակարգող է ընտրվել Վարդան Պետրոսյանը:

Լրագրողների այն հարցին, թե այս նախաձեռնությունը համաձայնեցվա՞ծ է արդյոք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի հետ, պարոն Պետրոսյանը պատասխանեց, թե՝ Տեր-Պետրոսյանը դրան տեղյակ է, թե չէ՝ ինքը չգիտի, բայց դրա մասին ինքը խոսել է Ալեքսանդր Արզումանյանի հետ եւ տեղեկացրել է նրան: Ի դեպ, Վ. Պետրոսյանը նշել էր, թե կոմիտեի գործունեությունը համակարգող կենտրոնը լինելու է «Արմատում» եւ «Հանրապետություն» կուսակցությունում, թեեւ գոնե «Հանրապետությունում» նման պայմանավորվածության մասին տեղեկություններ չունեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել