Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ

Դեկտեմբեր 07,2007 00:00

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը երեկ քննել է նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության՝ մասնակիցներն ափսոսանք են հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «դարձյալ արհեստականորեն եւ ապօրինաբար զրկվեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր լեգիտիմ իրավունքից»: Քննվել է նաեւ նախագահի որեւէ թեկնածուի սատարելու հարցը, «սակայն պատվիրակների շրջանում այդ կապակցությամբ միաձայնություն չեղավ»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու մտադրությունը սոսկ Հայաստան երկրի ու նրա պետության, քաղաքացու ու հայրենասերի մեր տեսլականն իրականություն դարձնելու նպատակ ուներ: Ավաղ, մենք հերթական անգամ զրկված ենք այդ հնարավորությունից: Բայց իբրեւ ծանրակշիռ ուժ՝ մենք կրավորական պահվածք որդեգրելու իրավունք չունենք: Մեր տեղը ՀՀ քաղաքացու կողքին է՝ պետք է ստեղծենք թեկնածուների ծրագրերին, հայացքներին, մոտեցումներին եւ արժանիքներին ծանոթանալու բոլոր պայմանները՝ ազատ ու անսխալ ընտրություն կատարելու համար»:

Քննարկման արդյունքում «Ժառանգության» խորհուրդը միաձայն ընդունել է որոշում՝ «Կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրել», նաեւ լիազորել վարչությանը՝ «ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւաչափի առնչությամբ վերջնական որոշում կայացնել թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո»: Այդ նպատակով վարչությունը պիտի ճշգրտի «Հայաստանի հեռանկարի, դրան հասնելու իրենց առաջադրած համազգային ուղիների, քաղաքականության, ծրագրերի, ընթացակարգերի, կառավարման մեխանիզմների վերաբերյալ նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական զինանոցը»: Ըստ կուսակցության խորհրդի որոշման՝ մինչեւ ընտրություններ «Ժառանգության» վարչությունը պետք է խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով մանրակրկիտ ուսումնասիրի թեկնածուների առավելությունները, սկզբունքային մոտեցումներն ու ծրագրահենքը եւ միայն դրանից հետո կուսակցության անունից կայացնի համապատասխան որոշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել