Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Կարապետյանը ոչ մեկին չի սատարելու

Դեկտեմբեր 07,2007 00:00

Եվ հույսը դնում է փետրվարի 20-ի վրա

«Ես սկսել եմ տպավորություն ստանալ, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է աղանդավոր»,- երեկ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ վկայակոչելով նախագահի հեռուստաելույթները, մամուլի հարցազրույցները: «Ինչ-որ մեկն իրեն զվարճացնում է, մյուսը պայքարում է Հայաստանը Թուրքիայի մաս դարձնել, երրորդը դհոլ է… ինչ ժողգործիքների մասին ասես խոսում են»,- տարակուսում է Արամ Կարապետյանը՝ չհասկանալով, թե ո՞րն է Քոչարյանի պաշտոնը: «Ես գիտեմ, որ ինքը գիրք, թերթ կարդալ չի սիրում, բայց այդպիսի պաշտոն վարող մարդը եթե փաստաթուղթ էլ չի կարդում…»,- հայտարարեց ՆԺԿ ղեկավարը՝ անդրադառնալով 2003թ.-ին իր բողոքի վճռին, որի մասին խոսելով՝ Ռ. Քոչարյանը զարմանք էր հայտնել, թե ինչո՞ւ ժամանակին չի բողոքարկվել: «Գրված է՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահին եւ ենթակա չէ բողոքարկման: Ի՞նչը բողոքարկեի»,- Քոչարյանին հարցնում է Կարապետյանը: Համադրումներ կատարելով իր դեմ կայացված դատական վճիռներից եւ պաշտոնական փաստաթղթերից՝ ՆԺԿ ղեկավարը ասում է. «Տպավորություն է ստեղծվում, թե գտնվում ես Սեւանի համապատասխան հիմնարկից երկու մետր հեռավորության վրա: Այս ամենի մեջ ես լրջություն դնել չեմ կարող. իշխանության ներկայացուցչին վայել կեցվածք… ես դեռ չեմ ասում, պարոն Քոչարյան, որ կրթված մարդը իրավունք չունի այլ մարդու մասին խոսել երրորդ դեմքով: Եթե այդ մարդը թեկուզ մինչեւ երրորդ դասարան դպրոց հաճախել է եւ հասկացել է, որ դա դպրոց է: Սա ուղղակի կուլտուրայի, դաստիարակության պակաս է: Եվ կապ չունի՝ այդ մարդը հավաքարա՞ր է, թե՞ երկրի նախագահի պաշտոնը զավթած մարդ: Ես շատ ցավում եմ, որ պարոն Քոչարյանը ընտրություններին մասնակցելու իրավունք չունի: Որովհետեւ այն որակը, որ ինքն է դրսեւորել 1997 թվականից սկսած՝ այնքան է զվարճացրել ամբողջ հայ ազգին, որ մենք ցավում ենք»:

Նա հայտարարեց, որ ՆԺԿ-ն որեւէ մեկին չի սատարելու. «Հունվարի 21-ից, ինչպես գրանցված թեկնածու, կատարելու եմ իմ քարոզարշավը. գրանցել են ինձ, թե ոչ՝ դա որեւէ կապ չունի: Ես աշխատում եմ ժողովրդի հետ: Ինչքանով կհաջողեմ՝ կորոշի ժողովուրդը: Կասկածից վեր է, որ ընտրությունները բավականաչափ կեղծիքներով են ընթանալու: Իմ կարծիքով՝ մեր անելիքները սկսվելու են փետրվարի 20-ից: Ես փետրվարի 19-ին երբեւէ չեմ էլ հավատացել: Փետրվարի 20-ը բոլոր այն գործիչներինն է, որոնք ուզում են Հայաստանում ինչ-որ բան փոխել, եւ դրա համար ԿԸՀ-ում գրանցվել պետք չի»: Ներքաղաքական վերլուծություններում ՆԺԿ ղեկավարը հանգեց նրան, որ կլանային համակարգից Հայաստանն անցում է կատարում «բաշիքյարթմաների համակարգի»՝ հայտարարելով, որ մեր ընդդիմադիրներից մեկի աղջիկն օրերս կնշանադրվի իշխանավորներից մեկի եղբոր որդու հետ: Տարակուսանքին, թե սերը կուսակցություն չի ճանաչում, նա հեգնեց. «Իրար իսկի չեն էլ տեսել, բայց լավ էլ սիրահարվեցին»: Ի դեպ, Ա. Կարապետյանի տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանին «նկարվելու է 5-րդ տեղը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել