Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Դեկտեմբեր 07,2007 00:00

\"\"Ասում է Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը

Հոկտեմբերի 31-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հ2-ի քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որն այս հեռուստաընկերությունում էր աշխատում 2000-ի նոյեմբերից: Մինչ այդ նա «Ա1+»-ի «Այբ-ֆե» լրատվական ծրագրի աշխատակից էր:

«Ազատվել եմ «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո,- պատմեց Լեւոն Սարդարյանը, ըստ որի՝ իրեն մեղադրել են աշխատանքային անկարգապահության մեջ:- Այն է՝ թե քիչ եմ դուրս գալիս եթեր: Այդ ամսվա ընթացքում ես արդեն 3 մեկնաբանություն էի հաղորդել: Հետո անձնական խնդիրներ կային, որոնց մասին զգուշացրել էի եւ որոշ ժամանակ չէի գնացել աշխատանքի: Դրանից հետո հոկտեմբերի 26-ին ներկա եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքին: Եվ հանրահավաքին հաջորդող հենց առաջին աշխատանքային օրը, երբ գնացի աշխատավայր՝ խնդրեցին դիմում գրել»:

Լեւոն Սարդարյանը խոսելով հանրահավաքին նախորդած շրջանի մասին՝ նշեց. «Աշխատանքային «անկարգապահությունս» շատ հարաբերական է, քանի որ դրանից առաջ իմ 2 մեկնաբանությունները չեն հեռարձակվել եթեր: Մեկն առնչվում էր Վրաստանի ընդհանուր իրավիճակին, արտաքին քաղաքականությանը՝ Ադրբեջան, Թուրքիա, ու խոսվում էր նաեւ Հայաստանի մասին: Եվ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի, մեղմ ասած, միջամտությամբ այդ մեկնաբանությունը եթեր չհաղորդվեց: Ու ինձ խնդրեցին, որ այդ թեմայով այլեւս չխոսեմ, քանի որ հարաբերությունները մի քիչ կարգավորվել են Վրաստանի հետ: Հաջորդ մեկնաբանությունը, որ եթեր չհաղորդվեց՝ առնչվում էր արդեն մեր ներքաղաքական զարգացումներին՝ նախագահական ընտրություններին, թեկնածուների շքերթին: Եթեր չհեռարձակելու պատճառաբանություն ներկայացվեց հետեւյալը՝ սա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է գրված: Չնայած ես ընդամենը երրորդ կողմի անունից էի խոսել, ժողովրդի մասին: Բայց հիմա այս սկզբունքն է գործում, թե ինչը մեր կողմից չէ՝ մեր դեմ է»:

Հարցին, թե հանրահավաքին իր մասնակցությունը ներկայացվե՞լ է որպես աշխատանքից ազատվելու դիմում գրելու պահանջի հիմնավորում՝ Հ2-ի նախկին մեկնաբանը պատասխանեց բացասաբար, սակայն հաստատեց մեր ենթադրությունը, թե ինքն այդ մասին իմացել է այլ աղբյուրներից. «Գիտեմ, որ դա նրանց նյարդայնացրել էր»:

Լեւոն Սարդարյանը պատմեց, թե իր հիմնական խնդիրներն առնչվում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին. «2003-ի նախագահական ընտրություններից 2 օր առաջ ինձ ուշ երեկոյան հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ հանդիպեցի Արմեն Գեւորգյանին եւ այդ ժամանակ դեռ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին: Ինձ խնդրեցին եթեր հեռարձակել, ընդ որում՝ պարտադիր էին համարում, որ ես լինեմ դա ասողը՝ Արմեն Սարգսյանի հետ կապված այն սկանդալային պատմությունը «Լիզին» գործարանի վերաբերյալ: (Հիշեցնենք, որ 2002-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ Չարենցավանի «Լիզին» ԲԲԸ-ն էլ էր նշվել այն ձեռնարկությունների շարքում, որոնք Իրանին փոխանցել էին արգելված տեխնոլոգիաներ, «երկակի նշանակության» նյութեր: Եվ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն էր նշված իբրեւ «Լիզին»-ի սեփականատեր, ինչը կտրականապես հերքեց այդ ժամանակ հայտարարությամբ հանդես եկած «Լիզին» ընկերության տնօրենների խորհուրդը.- Ա. Ի.): Արմեն Գեւորգյանն արդեն գրել էր տեքստը՝ ռուսերեն: Ես ժամանակ խնդրեցի՝ մինչեւ հաջորդ օրվա կեսը, որ իմ աղբյուրների միջոցով փորձեմ պարզել՝ որքանո՞վ են էական բերված փաստարկները: Բնականաբար, հաջորդ օրը ո՛չ հարկայինից, ո՛չ մաքսայինից հնարավոր չեղավ գտնել որեւէ փաստաթուղթ, որով ինչ-որ ձեւով կհաստատվեր Արմեն Սարգսյանի կապը «Լիզինի» հետ: Միակ աղբյուրը մնաց ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որի մի դրույթն էլ Իրաքում քիմիական զենքի առկայությունն էր… Ես, բնականաբար, հրաժարվեցի: Գործը հասավ հեռախոսային հայհոյանքների: Ու դրանից հետո, կարելի է ասել, որ Արմեն Գեւորգյանի հետ մենք անձնական թշնամիներ ենք»:

Լեւոն Սարդարյանն աշխատանքից ազատվելուց հետո այլ հեռուստաընկերություններից առաջարկ չի ստացել. «2000-ին, երբ «Ա1+»-ից դուրս եկա՝ հենց հաջորդ օրն արդեն աշխատանքի 7 առաջարկ ունեի»: Ակնհայտ է, որ այժմ նա հայտնվել է «սեւ ցուցակում»: Որպես ապացույց, թե իր խնդիրները զուտ աշխատանքային չեն՝ պատմեց. «Դիմում գրելուց 2 օր անց եկա, որ վերցնեմ աշխատանքային գրքույկս: Ինձ ասացին, որ մուտքս Հ2-ի տարածք կտրականապես արգելված է: Եվ կադրերի բաժնի վարիչը փաստաթղթերս ինձ հանձնեց բուֆետում, որը գտնվում է մուտքի կողքին»:

Մենք փորձեցինք Լեւոն Սարդարյանի՝ աշխատանքից ազատման պատճառը ճշտել «Լրաբեր» ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանից, սակայն նա պատասխանեց, թե չի ուզում խոսել այդ մասին. «Դա մեր ներքին գործն է: «Լրաբերի» թղթակիցները կոռեկտ չեն համարում Արամ Աբրահամյանից ճշտել, թե իր կոլեկտիվի ո՛ր անդամն ինչո՛ւ է ազատվել աշխատանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել