Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց աղետի գոտի եւ բացեց Դալլաքյանի անվան դպրոցի նոր շենքը
1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղ մտնելուն պես վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն անսպասելիորեն կանգնեց: Փողոցի ձախ կողմում առաջին գետնահարկ տունն էր, որը ամեն ինչի կարելի էր նմանեցնել, բացի բնակարանից; Վարչապետը որոշել էր ուղղակի, առանց հրավերի մտնել այդ տուն եւ տեսնել, թե մարդիկ ինչպես են ապրում: Մանգասարյանների ընտանիքը՝ տարեց մի տատիկ, նրա որդին, հարսը եւ երեք դպրոցահասակ թոռները անկեղծորեն զարմացած էին: Այս ընտանիքն արդեն 19 տարի ապրում է գետնահարկ տնակում: Ս. Սարգսյանը խոստացավ, որ մարդկանց խնդիրները կլուծվեն: Իսկ Նալբանդ գյուղի հրապարակում, որտեղ զոհերի հիշատակի հուշաքար է կանգնեցված, վարչապետին դիմավորեցին բոլոր գյուղացիները: Սերժ Սարգսյանը հորդորեց, որ նալբանդցիները իրենց զավակներին լավատեսության ոգով դաստիարակեն, եւ խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի, ասաց, որ մարդկանց խնդիրների լուծման համար քիչ ժամանակ է մնացել: Գյուղի հրապարակում հսկայական, մայրաքաղաքին վայել մեծ բեմ էր կառուցվել, որի վրա ելույթ ունեցան հայտնի երգիչներ, իսկ երկու հսկա էկրաններից Նալբանդի դպրոցականները տող առ տող արտասանեցին Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Համերգը վերնագրված էր՝ «Վերածնունդ»:
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի Երվանդ Դալլաքյանի անվան (դպրոցը ժողկրթբաժնի նախկին ղեկավարի՝ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հոր անունով անվանակոչվել է 1993-ին) դպրոցի նոր շենքի բացմանը մասնակցելուց առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը նախ ծաղկեպսակ դրեց երկրաշարժի ժամանակ դպրոցում զոհված 33 աշակերտների հուշարձանին: Ի դեպ, այս գյուղը բացառիկ է նաեւ նրանով, որ հանրապետական գյուղապետ Վանո Եղիազարյանը միակ գյուղապետն է, որը բանասիրական գիտությունների դոկտոր է: Դոկտոր գյուղապետը գյուղի խնդիրները ներկայացնելուց հետո հայտարարեց. «Պարոն վարչապետ, համոզված եմ, որ իմ գյուղը պիտի վստահի ձեզ առաջիկա նախագահական ընտրություններին՝ իր առաջ ծառացած խնդիրների լուծումը կապելով ձեր հայրենանվեր եւ հետեւողական գործունեության հետ»: Դպրոցի տնօրեն տիկին Սարուխանյանը շնորհակալություն հայտնելով վարչապետին դպրոցի կառուցման գործընթացն արագացնելու եւ ավարտելու համար՝ ասաց. «Խոստումն արագ ակնհայտ գործի վերածելը ձեզ համար գործելաոճ է դարձել, այս ամենի համար անսահման շնորհակալ ենք»: Տիկին Սարուխանյանը վարչապետին մաղթեց. «Ձեզ հետ միասին դեպի ապագայի երկիր»: 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Հակոբյանը վարչապետին նվիրեց իր եւ իր ընկերների ձեռքի աշխատանքների ալբոմը եւ «սպասվող պայքարում միայն հաղթություն» մաղթեց: «Աղետի օրվա տարելիցին մարդը եկել է եւ նոր դպրոց է բացում, սրանից էլ ճիշտ քա՞յլ, ինչո՞ւ եք այդպիսի սխալ հարցեր տալիս»,- մեր հարցին՝ արդյոք հանդիպման մեջ նախընտրական երանգ չկա՞, ասաց դպրոցի տնօրենը: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով դպրոցի բացմանը եկել էր իր որդու եւ դստեր հետ, հարկ համարեց հիշեցնել, որ դպրոցի տեղում ժամանակին տեղի է ունեցել Ղարաքիլիսայի հերոսամարտը, եւ դրանում մեծ խորհուրդ տեսնելով՝ պարոն Դալլաքյանն ասաց. «Ես չէի ցանկանա քաղաքականացնել իմ ելույթը, բայց, մեծարգո վարչապետ, այսօր Հայաստանի քաղաքական կյանքում ձեզ հետ միասին մենք ձեւավորում ենք մի հետաքրքիր ավանդույթ՝ ՀՀ վարչապետը եւ ԱԺ պատգամավորը, որոնք ունեն քաղաքական տարաձայնություններ, բարձր են կանգնում այդ տարաձայնություններից եւ միասին գլուխ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, գիտելիքի առջեւ, կրթության առջեւ, մեր ապագայի առջեւ: Եվ անձամբ պարոն Սերժ Սարգսյանին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել միասին այս քաղաքական մշակույթը Հայաստանի կյանքում ներդնելու համար»: Վերջում դպրոցի բակում երեք եղեւնի տնկեցին ԱԺ պատգամավորը, վարչապետը եւ Լոռու մարզպետը:
Սպիտակ քաղաքում, Լեռնապարում, Նալբանդ գյուղում եւ ամեն տեղ, ուր կանգնում էր վարչապետը, նրան էին մոտենում, գրկում եւ համբուրում տարեց տատիկներ. «Գլխիդ մեռնեմ, բալա ջան, բարով եկար, թող խաղաղություն լինի», եւ այս կարգի այլ խոսքերով փաթաթվում էին վարչապետին եւ խոստանում, որ իրենք իրենց գերդաստանով, թոռներով եւ ծոռներով ընտրելու են Սերժ Սարգսյանին:
Հ. Գ. Եթե «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր»-ը ժամանակին կատարվեր, ապա մինչեւ 2003 թվականը աղետի գոտում անօթեւան ընտանիք չէր լինելու, մինչդեռ այսօր շուրջ երեսուն հազար մարդ անօթեւան է: