Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջադրումներն ավարտվեցին

Դեկտեմբեր 06,2007 00:00

Նախընտրական առաջին փուլում ձեւավորվել են հետաքրքիր վեկտորներ

Այն սկսվեց անակնկալով: Նկատի ունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական մուտքը: Այս փուլում Տեր-Պետրոսյանի խաղաքարտերից էր անսպասելիությունը: Այդ տեխնոլոգիան վերջնական արդյունավետություն է ապահովում, եթե տրանսֆորմացիոն ներուժ ունի, եւ, հենց առաջին նախագահի ձեւակերպմամբ, որոշակի «կանդիցիայի» հասնելով, նոր փուլ է ձեւավորում: «Կանդիցիան» առայժմ չի երեւում: Լավ հաշվարկված հանդիպումների շարքը (ՀՅԴ, Վազգեն Մանուկյան, ՕԵԿ…), որի նպատակն էր քաղաքական դաշտի կոնսոլիդացիան, այդ արդյունքը չապահովեց: Ավելին՝ նվազման ամպլիտուդ գրանցեց, մի դեպքում՝ դադարի տեսքով, մյուս դեպքում՝ մարդ-կուսակցությունների հետ հանդիպման. խոսքը քաղաքական դաշտում գրեթե դերակատարություն չունեցող ԺՈՒԿ կուսակցության առաջնորդի հետ հանդիպման մասին է: Քաղաքական դաշտը, գոնե ձեւականորեն, չբաժանվեց «սեւ-սպիտակի». մնացած թեկնածուները հավակնում են ինքնուրույն դերի՝ ոչ Լ. Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Ս. Սարգսյանի կողքին են:

Այս պահին սկզբնական (մինչ սեպտեմբերի 21-ը) ստատուս-քվոն պահպանվել է. դեռեւս առաջատար է իշխանական թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը: Արձանագրումը հիմնվում է ոչ միայն սոցիոլոգիական հարցումների վրա. չնայած, ըստ «Գելափի» Ս. Սարգսյանն ունի 29, ըստ «Քոմրես»-ի՝ 34 տոկոս հանրային աջակցություն, եւ եթե անգամ այս տվյալները վիճարկողներ կան, միեւնույն է՝ մայրաքաղաքից առայժմ դուրս չեկած եւ ընդամենը երկու միտինգ անցկացրած ընդդիմադիրների՝ Տեր-Պետրոսյանի ռեյտինգն առայժմ հեռու է հաղթական լինելուց:

Հետաքրքիր փոփոխություն կրեց «քաղաքական բանավեճը»: Չակերտների մեջ եմ առնում այդ բառակապակցությունը, որովհետեւ այդպիսի բանավեճ առայժմ չկա. այն, ինչ մենք լսել ենք, կրում է անձնավորված-քննադատական եւ ոչ այնքան քաղաքակիրթ բնույթ: Տեր-Պետրոսյանի թիմը «մտքի» ասպարեզում սկզբնական շրջանում ուներ առավելություն: Հետո իշխանական թեւը քիչ-քիչ ուշքի եկավ եւ անցավ այնպիսի մեթոդոլոգիայի, որի արդյունքում խաղի մեջ ընդգրկված տարատեսակ բեւեռները (մնացած թեկնածուները) ստացան շանթարգելի կարգավիճակ, երբեմն էլ խիստ ճակատային՝ իրենց վրա վերցնելով Տեր-Պետրոսյանի թիմի «գրոհների» դեմ հակափաստարկներ բերելու գործառույթը: Այդ թեկնածուները, կամա թե ակամա, խաղում են իշխանության դաշտում:

Այսպիսով. խաղի այս փուլում իշխանությունները կարողացան առավելությունը հիմնականում պահել իրենց ձեռքում, եւ եթե որեւէ արտառոց բան չպատահի, «խաղը» կարող է ավարտվել մեկ փուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել