Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ

Դեկտեմբեր 06,2007 00:00

\"\"Ռեժիսոր Դավիթ Հակոբյանի նոր բեմադրությունը

Դեկտեմբերի 4-ին Հովհ. Թումանյանի անվան թատրոնում ներկայացվեց Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի:

Երաժշտությունը՝ Սեդրակ Երկանյանինն էր, պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանինը: Անուշի եւ Սարոյի դերերում հանդես եկան Անահիտ Կիրակոսյանն ու Վարշամ Գեւորգյանը, Մոսիին մարմնավորել էր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, Անուշի մորը՝ Կարինե Ջանջուղազյանը, հորը՝ Գուրգեն Անտոնյանը: Սարոյի մայրը Անետ Հարությունյանն էր, Բիձիկը՝ Գեւորգ Հովակիմյանը, քահանան՝ Արման Միրիջանյանը եւ այլն:

Ճիշտ է, Դավիթ Հակոբյանի «Անուշը» անգույն չէր, ինչպես թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի բեմադրությունները, բայց նաեւ հեռու էր կատարյալ լինելուց:

Հակոբյանի Անուշը մի քիչ լկստված էր. նահապետական ընտանիքում դժվար թե այդպիսի զավակ մեծացրած լինեին: Հիշեցնեմ, որ «Անուշի» առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1890թ., կարծեմ թե այդ ժամանակ կանայք նույնիսկ տղամարդկանց հետ չէին էլ ճաշում, այն էլ Լոռու հեռավոր գյուղերում: Նոր «Անուշում» աղջիկը շատ «պատրաստված» է, անչափ կանացի ու կոկետ է եղբոր վզովն ընկնում՝ նվերներ ստանալիս ու դեռ հասուն կնոջ նման էլ կոտրատվում է: Սարոն էլ է միջակ, սովորական, շարքային… Ամենահաջողվածը, թերեւս, Մոսին էր: Զոհրապ Բեկ-Գասպարենցը իսկապես հուզեց հանդիսատեսին եւ համոզեց, որ Մոսի է՝ կրծքի տակ փափուկ սիրտ ունեցող, սիրող եղբայր եւ միաժամանակ նահապետական ընտանիքի ու բարքերի գերի դաժան տղամարդ: Տպավորիչ էր նաեւ Մոսիի հորն ու Սարոյի մորը մարմնավորած դերասանների խաղը: «Խաբարբզիկ» Բիձիկի «ներմուծումը» «Անուշ»՝ հետաքրքիր էր, իսկ, այ, բաբմասասերներին ականջ դնող ու հետո սաստող հոգեւորականը աշխարհիկ էր ու կաշկանդված էր խաղում: Թույլ էին սարի գլխին հավաքված փերիները, ձանձրալի՝ արտասանվող պոեմի նախերգանքը: Հասկանալի է, որ վերջինս հետագա գործողությունների հոգեբանական նախապատրաստությունն է, բայց նախերգանքն ամբողջությամբ կարդալն անիմաստ էր, մանավանդ բեմադրիչը, այսպես թե այնպես, տառացիորեն հարազատ չէր մնացել Թումանյանին: Շատ պրիմիտիվ էր նաեւ այն, որ որեւէ արտառոց բան պատահելուց առաջ մեկ էլ ամպրոպ էր որոտում, ինչպես հնդկական ֆիլմերում:

Մի բան եւս ինձ զարմացրեց՝ ջանգյուլում կանչող լոռեցի աղջիկները, չգիտես ինչու, ռազմաշունչ Յարխուշտայի տարրերով պարեր էին պարում ու տխուր տեքստերը խայտալով ու թռվռալով՝ «խորով» արտասանում: Ներկայացման մեջ հաջողված կտորներ էլ կային, օրինակ՝ հարսանիքի տեսարանը, երբ Սարոն՝ Անուշի հայացքից շփոթված, գետնում է ընկերոջը, մինչդեռ հնոց ադաթի համաձայն՝ «ամբոխի առջեւ իգիթն իր օրում գետին չէր զարկի ընկեր իգիթին»: Ստացվել էր նաեւ Մոսիի՝ Սարոյին պատժելու տեսարանը. կարեւորը՝ բեմի վրա «արյուն» չթափվեց. Սարոն հանդիպելով ընկերոջը, հանեց գոտին, որը տղամարդու հպարտությունն է խորհրդանշում, իր մեղքն ու Մոսիի քայլի անհրաժեշտությունը գիտակցելով՝ այն հանձնեց ընկերոջը եւ ձուլվեց մթությանը: Անհաջող էր Անուշի եւ Սարոյի սիրախաղի տեսարանը: Բեմի վրա թավալվելով՝ պոեմն արտասանելը դեռ խաղ չէ, ոչ էլ սիրո տառապանքի իմիտացիա:

Մի նկատառում եւս՝ Կամերային երաժշտական թատրոնի ներկայացումը պիտի այդքան երաժշտազուրկ չլիներ: Չեմ ուզում անդրադառնալ «հին» պատմություններին, թե իբր Հայաստանում չկան մյուզիքլի գիտակներ ու բեմադրիչներ, եւ որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով՝ ավելորդ է մյուզիքլի թատրոնի գոյությունը ու պարտադիր՝ վերջինիս «վերապրոֆիլավորումը» իբրեւ սովորական թատրոնի: Ընդամենն ուզում եմ փաստել, որ կարելի է հրավիրել արտերկրի արվեստի բուհերում սովորած մեր շնորհալի երիտասարդներին, որոնք քիչ չեն, ու նրանց հնարավորություն տալ մյուզիքլներ բեմադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել