Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակը՝ ՀՀ նախագահի թեկնածունե՞րն են

Դեկտեմբեր 06,2007 00:00

Բարձր դասարանցիները հարցեր կուղղղեն ապագա նախագահին, բայց եթե անգամ հաղթեն «հարցերի մրցույթում», ոչինչ չեն ստանա:

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Իմ հարցը ապագա նախագահին» խորագրով մրցույթը, որը կազմակերպել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) Հայաստան հ/կ-ն՝ ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ: Մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռված էր միայն Երեւանի, Գորիսի, Վանաձորի եւ Գյումրի 95 դպրոցների 11-րդ դասարանցիներին: ԹԻ հ/կ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը երեկ տեղեկացրեց, որ իրենք իրականացնում են «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագրի առաջին փուլը, իսկ բուն մրցույթը կավարտվի դեկտեմբերի վերջին: «Այս ծրագիրը սկսել ենք նոյեմբերի 1-ից: Նպատակն է երեխաներից հավաքել ապագա նախագահին ուղղված հարցերը: Կարեւոր չէ՝ կոնկրետ ով է լինելու ՀՀ ապագա նախագահը, այնպես որ, նրա անձը սիմվոլիկ բնույթ է կրում: Շուրջ 400 դպրոցական մասնակցության հայտ է ներկայացրել: Մրցույթի երկրորդ փուլ կանցնեն ապագա նախագահին ինքնատիպ հարցեր ուղղած երեխաները, որից հետո նրանց հետ կանցկացվի հարցազրույց ու վերջապես կընտրվեն հաղթողները: Նրանք նախագահի թեկնածուների հետ միասին կմասնակցեն մեր կողմից կազմակերպվելիք հեռուստահաղորդումներին: Հուսամ՝ նախագահի թեկնածուները պատրաստ կլինեն պատասխանել երեխաների բոլոր հարցերին»,- ասաց Ա. Կոստանյանը:

Հաղթողներին ընտրելու է ոչ միայն ԹԻ հ/կ-ի, այլեւ տարբեր կազմակերպությունների եւ ԿԳՆ ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը: Հանձնաժողովն առաջնորդվելու է այն սկզբունքով, որ հարցերը պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր ու ոչ ծեծված, այլեւ հստակ ձեւակերպված: «Լրացված հարցաթերթիկների վրա չի գրվելու ոչ երեխայի անուն-ազգանունը եւ ոչ էլ դպրոցը, դրանք կոդավորված են լինելու: Ի դեպ, բացի հարց ուղղելուց, երեխան պիտի հիմնավորի, թե ինչու է հետաքրքրվում տվյալ խնդրով»,- նշեց Ա. Կոստանյանը: Նա դրական համարեց երեխաների՝ փոքր տարիքից քաղաքականացված լինելը. «Դրա մեջ վատ բան չկա, մանավանդ 11-րդ դասարանցիները մյուս տարի արդեն ընտրող են դառնալու: Մենք հատուկ ենք ընտրել երեխաների այս տարիքը, որովհետեւ վերջիններս դեռեւս կուսակցական պատկանելություն չունեն, ոչ մի տեղ չեն աշխատում եւ կախվածություն չունեն իրենց տնօրեններից: Երեխաները տեղեկացված են, որովհետեւ իրենց տներում ու դպրոցներում անընդհատ քաղաքականության մասին են լսում»: ԹԻ հ/կ-ի նախագահը դառնալով հաղթողների համար սահմանված մրցանակներին, ասաց. «Մրցանակներ չենք տալու: Կարծում ենք՝ նախագահի թեկնածուների հետ շփումը արդեն խրախուսման ձեւ է»:

«Առավոտը» դպրոցականներից հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցեր են ուղղվել մեր ապագա նախագահին: Պարզվեց՝ հարցերի շրջանակը լայն է՝ սկսած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, վերջացրած շուու-բիզնեսով: 142-րդ դպրոցի աշակերտներից մեկը, օրինակ, ՀՀ ապագա նախագահին հարցնում էր, թե ինչո՞վ կնպաստի թատերական կյանքի աշխուժացմանը:

Թիվ 55 դպրոցի մի աշակերտի էլ մտահոգում էր Երեւանի կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքերի սեյսմակայունությունը եւ այդ շենքերի շրջակայքում՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ու բակերի բացակայությունը:

Չեխովի դպրոցը ներկայացնող մի 11-րդ դասարանցի հարցնում էր ապագա նախագահին՝ չարժե՞ սահմանափակել ազատ կարծիքի արտահայտման իրավունքը, որպեսզի ամեն ինչ լինի բարոյականության ու չափի սահմաններում: Թիվ 55 դպրոցից մի աշակերտ էլ ուզում էր պարզել՝ վերջերս ԱՄՆ կոնգրեսում ընդունված 106 բանաձեւն ի վերջո հաղթանա՞կ է, թե՞ հակառակը: Իսկ թիվ 103 դպրոցի սանը որոշել էր ապագա նախագահից պարզել՝ ի՞նչ մնայուն բան է թողել ներկայիս նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել