Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀԸ՝ ԳՈՐԾԱՐԱՐԻ «ՇԱՆՏԱԺԻ» ՏԱԿ

Դեկտեմբեր 06,2007 00:00

Ի պատասխան «Առավոտ» թերթի նոյեմբերի 14-ին տպագրված «Գործարար թիկնապահի դեմ» վերնագրով հոդվածի (հրապարակվածը հոդված չէր՝ «Դվին-1» ՍՊԸ տնօրենի նամակն է-խմբ.), Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետեւյալը:

«Դվին-1» ՍՊԸ տնօրենի կողմից նույնաբովանդակ նամակներ եւ գրություններ տեղեկատվական միջոցներով եւ տարբեր պետական մարմիններին ներկայացնելն ինձ համար արդեն վաղուց նորություն չէ, դեռ ավելին, ոչնչով չի զարմացնում եւ անակնկալի չի բերում: «Դվին-1» ՍՊԸ կողմից ներկայացված հարաբերություններն իրականում ոչ մի կապ չունեն իմ՝ Վարուժան Խաչատրյանիս հետ, քանզի իմ կողմից ներքոշարադրվելիք տեղեկատվությունը, որը բացարձակ իրականություն է, տեղի է ունեցել «Դվին-1» ՍՊԸ եւ «Արմենակ Մեծ» ՍՊԸ միջեւ, իսկ ես՝ Վարուժան Խաչատրյանս, բացարձակապես ոչ մի կապ չունեմ «Արմենակ Մեծ» ՍՊԸ հետ:

Ի պատասխան «Դվին-1» ՍՊԸ տնօրեն Ա. Մանուկյանի՝ ՀՀ նախագահին հասցեագրած դիմումի՝ ներկայացնում եմ հետեւյալը. Ա. Մանուկյանն իր դիմումում հատուկ նշում է, որ «Դվին-1» ՍՊԸ սեփականությունը հանդիսացող Երեւանի Նոր Նորքի Թոթովենցի թիվ 3 հասցեում գտնվող խանութը վարձակալության տալու վերաբերյալ հայտարարություն է զետեղել «Գինդ» թերթում, որին արձագանքել է «Արմենակ Մեծ» ՍՊԸ (հիմնադրված 10.10.2002թ.) տնօրեն Լ. Չոպուրյանը: «Արմենակ Մեծ» ՍՊԸ հիմնադիրն իմ դուստր Լիդիա Խաչատրյանն է, որն էլ չափահաս, լրիվ իրավունակ ՀՀ քաղաքացի է, ունի տնտեսագիտական բարձրագույն կրթություն, իսկ տնօրեն Լ. Չոպուրյանը պահեստի սպա է, մայոր, ունի բազմամյա ձեռնարկատիրական գործունեության փորձ, երկար տարիներ թեթեւ արդյունաբերության ոլորտում եղել է գործադիր տնօրեն: Այս հանգամանքներից էլ ելնելով՝ երբեւիցե պատճառ եւ ցանկություն չեմ ունեցել միջամտելու իմ դստեր ձեռնարկատիրական գործունեությանը:

Ա. Մանուկյանի այն պնդումը, որ «Դվին-1» ՍՊԸ-ի հետ 07.10.06թ. ես եմ կնքել վարձակալության պայմանագիր, չի համապատասխանում իրականությանը, քանի որ բանակցությունները վարել են երկու ընկերությունների տնօրենները՝ Ա. Մանուկյանը եւ Լ. Չոպուրյանը, պայմանագիրն էլ կնքել եւ նոտարական կարգով վավերացրել են իրենք, հետեւաբար որեւէ փաստաթղթով կամ այլ կերպ իմ մասնակցության կամ ներկայության անհրաժեշտություն չի էլ եղել:

Ա. Մանուկյանի դիմում-բողոքին ծանոթանալուց հետո «Արմենակ Մեծ» ՍՊԸ տնօրեն Լ. Չոպուրյանից հետաքրքրվել եւ պարզել եմ հետեւյալը, որ կողմերի միջեւ կնքված վարձակալության պայմանագրի կատարման ընթացքն ի սկզբանե ընթացել է վարձակալի իրավունքների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես՝ 20.10. 06թ. կազմվել է պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գույքի հանձնման եւ ընդունման ակտ, որով արձանագրվել է, որ վարձակալին հանձնվել է պայմանագրի 1.2. ենթակետում նշված 422,98 քմ տարածք, սակայն իրականում հանձնվել է տարածքի մի մասը, որով էլ խախտվել է վարձակալության պայմանագրի էական պայմաններից մեկը:

Պայմանագրի 1.7. եւ 2.2.3 ենթակետերով սահմանված է. «Վարձատուն երաշխավորում է, որ «Գույքը դատական վեճի առարկա չէ»: Վարձակալին նախազգուշացնել Գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների մասին», սակայն հետագայում պարզվել է, որ «Դվին-1» ՍՊԸ հիմնադիրների միջեւ, դեռեւս 2006թ. հունիս-հուլիս ամիսներից, Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նաեւ այսօր) առկա է վարձակալության տրված տարածքի վերաբերյալ դատական վեճ: Դրա հետեւանքով Ա. Մանուկյանը եւ մյուս մասնակից Բելլա Սաֆարյանը պարբերաբար խոչընդոտել են «Արմենակ Մեծ» ՍՊԸ վարձակալած տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն, որն էլ արտահայտվել է նրանով, որ ժամանակ առ ժամանակ նրանց կողմից «բանագնացներ» են ներկայացել տարածքն ազատելու եւ այլ պահանջներով, երբեմն էլ սպառնացել են, որ թույլ չեն տա խանութն աշխատեցնել: «Ահաբեկիչ-բանագնացները» ներկայացել են մեկ որպես «թաղի տղա», մեկ որպես ոմն «Կապույտ թռչուն» հասարակական կազմակերպության անդամ, եղել են բազմաթիվ անանուն զանգեր եւ այլն:

Վարձակալված տարածքն ըստ իր նպատակային նշանակության չի համապատասխանել հասարակական սննդի խանութ օգտագործելու համար, որի պատճառով էլ «Արմենակ Մեծ» ՍՊԸ-ն, հենց իր՝ Ա. Մանուկյանի բանավոր համաձայնությամբ եւ գործուն աջակցությամբ ձեռնարկել եւ ավելի քան երկու ամիս՝ մինչեւ 2007թ. հունվար, իրականացրել է խանութի տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հատկանշական է, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում խանութը չի գործել, ուստի «Արմենակ մեծ» ՍՊԸ-ն ոչ մի եկամուտ էլ չի ստացել:

Չնայած Ա. Մանուկյանը հրաժարվում է, սակայն իրականում երկու տնօրենների միջեւ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ վերանորոգման ընթացքում վարձավճար չի վճարվելու, իսկ հետագայում վճարվելիք վարձավճարներից պետք է հանվի վերանորոգման ծախսերը (թերթում հրապարակված նամակում Ա. Մանուկյանն ասել էր, որ պարտք են իրեն 400 000 դրամ վարձավճար- խմբ.):

Նկատի ունենալով, որ Ա. Մանուկյանը հրապարակավ բողոքում էր իր վաղեմի գործընկեր Բ. Սաֆարյանից եւ մեղադրում վերջինիս իրեն մկնդեղով թունավորելու, իր կյանքի եւ առողջության դեմ ոտնձգություններ անելու մեջ, ես խուսափել եմ նրա հետ որեւէ կերպ առնչվելուց: Հենց այդ պատճառով էլ միշտ մերժել եւ հրաժարվել եմ նրա հետ համատեղ բիզնեսով զբաղվելու առաջարկություններից:

Ա. Մանուկյանի հերթական պատրանքն է իմ կողմից նրա եւ նրա ընտանիքի նկատմամբ հեռախոսազանգերով ահաբեկչությունը եւ սպառնալիքները, ինչպես նաեւ հանապազօրյա հացից զրկելն ու սովի մատնելը:

Ի դեպ, ընթերցողը կհամաձայնի այն հանգամանքի հետ եւս, որ ստեղծված իրավիճակը նմանվում է ջուրը պղտորելու միջոցով ձուկ բռնելու փորձեր անելուն, որը, կարծում եմ, դեռ ավելին՝ համոզված եմ, երբեք պատիվ չի բերի պարկեշտ ՀՀ քաղաքացուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել