Լրահոս
Օրվա լրահոսը

Աստված բացել է, կառավարությունը՝ փակել

Դեկտեմբեր 06,2007 00:00

Խաչատրյանների ընտանիքը 4 սենյականոց բնակարանում ապրում է 20 հոգով

«Աստված մեզ մի պատուհան բացեց, այն էլ կառավարությունից փակեցին: Երկու տղաներս էլ կոոպերատիվ էին գրվել: Անցյալ տարի պատահմամբ իմացանք, որ փոխհատուցում են տալիս: Թղթերը ուրախ-ուրախ վերցրինք տարանք, ասացին՝ ուշացել եք: Կառավարության որոշմամբ՝ մինչեւ օգոստոսի 1-ը պիտի ստանայի: Բայց իրենք պարտավոր էին մեզ գրավոր տեղեկացնել ու զգուշացնել, որ եթե չստանանք՝ հետաձգվելու է: Հիմա պիտի սպասեմ՝ 2011թ. հետո: Չգիտեմ էլ էդքան կապրե՞մ, որ էդ փողը տեսնեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 77-ամյա Ռազմիկ Խաչատրյանը:

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 27 շենքում Ռ. Խաչատրյանին պատկանող չորս սենյականոց բնակարանում ապրում են ոչ ավել, ոչ պակաս՝ վեց ընտանիք. թոշակառու ամուսինները, չորս տղաներն իրենց կանանցով ու երեխաներով, ինչպես նաեւ ամուսնուն կորցրած դուստրը՝ որդու հետ, ընդհանուր հաշվով 20 հոգի: Նրանց ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են նպաստով ու մեծահասակ ծնողների թոշակով: Ռազմիկ Խաչատրյանի խոսքերով՝ այս տարվա հունվարի 1-ից դստերը՝ Սիրանուշին աշխատանքից ազատել են՝ իրենց բազմանդամ ընտանիքի միակ աշխատողին: Նա որպես բուժքույր աշխատել է մայրաքաղաքի թիվ 159 դպրոցում: «Ողնաշարի խնդիր ուներ, 3 տարի բուժվել է եւ այդ պատճառով աշխատանքի չգնալու թույլտվություն ուներ, սակայն սահմանված ժամկետից 10 օր ուշ է աշխատանքի ներկայացել, դրա հիման վրա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Մինասյանը աղջկաս հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի՝ դրանով նպաստելով մեր աղքատացմանը»,- պատմեց Ռ. Խաչատրյանը:

Այս տարի Խաչատրյանները 4 անգամ գրավոր դիմում են գրել վարչապետ Ս. Սարգսյանին. «Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով նամակներս կառավարությունից հասցեագրվել են պաշտպանության նախարարությանը: Ժամանակին կոոպերատիվի համար 7200 ռուբլի ենք մուծել, այժմ նույնիսկ չգիտենք էլ, թե ինչքան ենք ստանալու»:

Այս առնչությամբ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ կոոպերատիվների գումարները ոչ թե փոխհատուցում են տալիս, այլ, որպես դրամական օգնություն: Ըստ ֆիննախի, եթե քաղաքացին սահմանված երեք ամսվա ընթացքում չի հասցնում գումարը ստանալ, ապա գումարի տրամադրումը հետաձգվում է:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին ծանուցագրերով տեղեկացնելուն, ապա նախարարությունից հայտնեցին, որ իրենք ոչ բոլոր քաղաքացիների ցուցակներն ունեն եւ միայն տեղեկացնում են նրանց, որոնց տվյալներն ունեն, բացի այդ. «Հայտարարությունը տպագրում ենք թերթերում եւ տեղեկացնում ենք հեռուստատեսությամբ: Այդ մասին մեր կայքէջում էլ է հայտարարություն տեղադրվում»: Թե այս ընտանիքը որքան գումար պետք է ստանա, ըստ պատասխանատուների՝ կախված է, թե վճարումները որ տարում են կատարվել եւ նրանից, թե այդ տարի դրամ-դոլար հարաբերակցությունը որքան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել