Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ»

Դեկտեմբեր 06,2007 00:00

\"\"Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ այնտեղ ստուգումների արդյունքում հարկային ու մաքսային մարմիններին խորը հիասթափություն է սպասվում, քանի որ բանկն աշխատում է արդար, մաքուր ու թափանցիկ:

Վերջին ամիսների ընթացքում հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի ցուցաբերած հատուկ ուշադրությունը Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունների հանդեպ չի նվազում: Հարկային պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները շարունակում են ստուգումներ անելու նպատակով այցելել կոնցեռնին պատկանող տարբեր ձեռնարկություններ ու հաշվապահական փաստաթղթերից սկսած մինչեւ ամենավերջին գույքն ուսումնասիրել: «Բջնի» հանքային ջրերի գործարանից ու «Պիցցա դի Ռոմայից» հետո, այս անգամ էլ նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայէկոնոմբանկը»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ մաքսային կոմիտեի եւ Հարկային ծառայության աշխատակիցների կողմից կեղծ ընկերություն ստեղծելու, խարդախության եւ մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է «Սիլվիա» տպարանի տնօրեն Մարտին Սուքիասյանը: Մեղադրանքի համաձայն, ինչ-որ «Նամյու» ընկերության եւ «Սիլվիա» տպարանի միջեւ մոտ 700 միլիոն դրամի ֆինանսական կեղծ գործարք է իրականացվել: Մասնավորապես, այդ ընկերությունները բժշկական սարքավորումներ են արտահանել, իսկ գումարը կանխիկացվել է «Հայէկոնոմբանկի» միջոցով, որից էլ ենթադրվում է, որ շուտով հարկային ստուգումներ կսկսվեն նաեւ բանկում: Ըստ շրջանառվող լուրերի, իշխանական մարմինների կողմից ճնշումների արդյունքում «Սիլ կոնցեռնի» հիմնադիր սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը ստիպված կլինի հրաժարվել բանկից, եւ տեղի կունենա սեփականատիրոջ փոփոխություն: Նշենք, որ «Հայէկոնոմբանկում» ստուգումներ անցկացնելը պլանավորված էր դեռ այն ժամանակվանից, երբ Խ. Սուքիասյանն իր աջակցությունը հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Պարզապես այդ ժամանակ պատեհ առիթ չկար՝ բանկ մտնելու: Իսկ հիմա արդեն «կեղծ գործարքներ ու փոխանցումներ ստուգելու, փողերի լվացման դեպքեր հայտնաբերելու» պատճառաբանությամբ հարկայինը կարող է հանգիստ բանկը «քրքրել», ընդ որում՝ առանց Կենտրոնական բանկի թույլտվության:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ հարկային ստուգումների ժամանակ բանկում որեւէ խախտում գտնելը պարզապես բացառվում է, քանի որ «Հայէկոնոմբանկը» խիստ թափանցիկ եւ մաքուր աշխատող ֆինանսական կառույց է, որտեղ անգամ ամենափոքր ֆինանսական գործարքներն առանց փաստաթղթի չեն կատարվում: Պարոն Սուքիասյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում բանկի զուտ մաքուր եկամուտը կազմել է 2 միլիարդ դրամ, հետեւապես՝ նման մեծածավալ եւ կայուն ֆինանսական կառույցը չի կարող սնանկանալ կամ մի քանի օրվա մեջ սեփականատեր փոխել:

Նշենք նաեւ, որ, ըստ Խ. Սուքիասյանի, ներկայումս բանկի հարյուր տոկոսանոց փաթեթի գինը 200 միլիոն դոլար է, սակայն կապված բանկի վարկանիշի հետ՝ այս գինն անընդհատ բարձրանում է: «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ կապ ունի «Սիլվիա» տպարանը «Սիլ կոնցեռնի» հետ, պարոն Սուքիասյանը պատասխանեց, որ այդ ընկերությունն առնչվում է իրենց հետ միայն այնքանով, որ սեփականատերը իր հոր հորեղբոր որդին է: Նրա խոսքերով՝ «Սիլվիա» տպարանը «Սիլ կոնցեռնին» չի պատկանում, այն առանձին գործառույթներ իրականացնող ընկերություն է: Սակայն հաշվի առնելով այդ տպարանի տիրոջ անգամ հեռու բարեկամական կապերը սեփականատիրոջ հետ՝ որոշել են ճնշումներ գործադրել նաեւ նրա վրա:

Ինչ վերաբերում է Սուքիասյանների եւ «Նամյու» ընկերության միջեւ իրականացրած գործարքին, Խ. Սուքիասյանի խոսքերով՝ «Ես միայն ուրախ կլինեմ, եթե անգամ օրվա մեջ նման մեկ միլիոն գործարքներ մեր բանկով իրականացվեն: Իսկ թե երկու ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրար հետ ինչ կարգի հարաբերություններ ունեն, դա մեզ չի հետաքրքրում»:

Խ. Սուքիասյանն ասաց նաեւ, որ իրենք միշտ հարկային պարտավորությունները կատարել են շատ բարեխղճորեն ու երբեք չեն թաքցրել իրենց ձեռնարկությունների իրական եկամուտները: Ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, ապա, ըստ պարոն Սուքիասյանի, իրենք երբեք չեն խուսափել այդ ստուգումներից, սակայն այս պարագայում ակնհայտ է, որ դրանք քաղաքական պատվերի եւ հետապնդման արդյունք են: «Սիլ կոնցեռնի» հիմնադիր-սեփականատերը մեկ անգամ եւս վստահեցրեց, որ ինքն իր քաղաքական գաղափարներից երբեք չի հրաժարվի ու կշարունակի միշտ Լ. Տեր-Պետրոսյանի կողքին լինել, քանի որ նա ինտելեկտուալ եւ մեծ կարողություններով օժտված մարդ է եւ կարող է մեր երկրի զարգացման համար նոր որակներ ապահովել: Խ. Սուքիասյանի տեղեկացմամբ՝ ներկայումս կոնցեռնին պատկանող բոլոր ընկերություններն էլ իրենց բնականոն հունով աշխատում են, իսկ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի առգրավված համակարգիչներն ու գրանցամատյաններն արդեն վերադարձվել են: Նշենք նաեւ, որ, ըստ պարոն Սուքիասյանի, Հարկային պ ետական ծառայությունն այդ ձեռնարկությունում այդպես էլ որեւէ խախտում չհայտնաբերեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել