Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեթեթ մեղադրանքներն ահագնանում են

Դեկտեմբեր 06,2007 00:00

«Սփյուռքահայությունը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեության միջոցով աշխատում է խորտակել Թուրքիայի տնտեսությունը. PKK-ի ծախսերի մոտ 75%-ը հոգում են հենց հայերը»:

Ըստ «Նոյյան տապանի», այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Պայքար ցեղասպանության անհիմն պնդումների դեմ» միության նախագահ, Աթաթուրքի անվան համալսարանի գրականագիտության ֆակուլտետի պատմության բաժնի պրոֆեսոր Սավաշ Էղիլմեզը: Ինչպես փոխանցում է «Ջիհան» գործակալությունը, թուրք գիտնականը, իր ելույթում խոսելով Հայաստան-PKK կապերի մասին, նշել է, որ «հայկական ահաբեկչական կազմակերպությունների եւ PKK-ի համագործակցությունն ունի 27 տարվա պատմություն», հավելելով. «1980 թվականից ի վեր, ապրիլի 24-ն ընդունելով որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օր, PKK-ն կազմակերպում է տարբեր միջոցառումներ: Սփյուռքահայությունը, օգտագործելով PKK-ին, ցանկանում է վնասել Թուրքիային ու, մասնավորապես, նրա տնտեսությանը»: 1993թ. Լիբանանում տեղի ունեցած մի հայկական համաժողովի կապակցությամբ Էղիլմեզը նշել է. «Բեյրութի եկեղեցիներից մեկում 150 հայ երիտասարդների, ինչպես նաեւ մի շարք քաղաքական եւ հոգեւոր գործիչների մասնակցությամբ կազմակերպվել էր մի ժողով, որի ընթացքում շոշափվել էր աշխարհին Հայոց ցեղասպանության մասին է՛լ ավելի շատ իրազեկելու թեման: Դրանից բացի, նշվել էր, որ ավելացել է PKK-ին ցուցաբերվող օժանդակությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի զրոյական կետի հասցնել Թուրքիայի տնտեսությունը, ինչի արդյունքում էլ քաոս կառաջանա թուրք հասարակության մեջ, եւ Թուրքիան կսկսի աստիճանաբար մասնատվել»: Սավաշ Էղիլմեզը մանրամասնել է, թե ըստ հայերի եւ քրդերի միջեւ ձեռք բերված համաձայնության, հայերը պետք է զինվորական պատրաստություն անցնեին PKK ահաբեկչական կազմակերպության շրջանակում, եւ յուրաքանչյուր մարդու համար տարեկան պետք է վճարվեր $5 հազար: «Հայերը պետք է PKK-ի հետ համատեղ գործողություններ իրականացնեին: Թուրքիայի մասնատումից հետո իրենց ձեռքն անցած հողերը նրանք պետք է կիսեին հավասարապես»,- հայտարարել է Էղիլմեզը:

«Նոյյան տապանը» հիշեցնում է, որ վերջին շրջանում Թուրքիան սկսել է հայերին ու Հայաստանին ավելի հաճախ մեղադրել PKK-ի հետ ունեցած կապերի համար: Իբրեւ դրա վառ օրինակ է նշվում թուրքական «Զաման» թերթի տարածած այն լուրերը, թե «անդրսահմանային գործողություն սկսելու հետեւանքով PKK-ականները ցանկանում են հեռանալ Հյուսիսային Իրաքից, իսկ կազմակերպության՝ ծագումով հայ անդամները մտադիր են տեղակայվել Հայաստանի օկուպացիայի ներքո գտնվող ԼՂ-ում»:

Երեկ այս լուրերի կապակցությամբ հայտարարություն է արել ՀՀ ԱԳՆ խոսնակը, նշելով. «Չնայած մենք նախկինում արձագանքել ենք, սակայն մեկ անգամ եւս ցանկանում եմ կրկնել՝ այդ լուրերն իրականության հետ որեւէ կապ չունեն եւ անհեթեթություն են: Ակնհայտ է, թե որտեղից են գալիս նման ստահոդ տեղեկությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել