Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ»

Դեկտեմբեր 06,2007 00:00

\"\"Վարչապետ Սերժ Սարգսյանը հպարտ է, որ նախագահական ընտրություններում իրեն պատրաստ են սատարել նաեւ ազգային փոքրամասնությունները:

Կառավարությանն ուղղված այս տարվա վերջին հարցուպատասխանի ընթացքում կառավարության անդամներից ամենից ակտիվը վարչապետ Սերժ Սարգսյանն էր, քանի որ հենց նա էր պատասխանում պատգամավորների հարցերի մեծ մասին, իսկ դրանից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել երեկ Ֆրանսիայի դեսպանատանը վարչապետի եւ դեսպանի հանդիպման որոշ մանրամասներ: Չցանկանալով խոսել մանրամասների մասին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Առանձնապես այդպես մեծ նպատակ չուներ: Աշխատանքային հանդիպում էր: Այդպիսի բազմաթիվ հանդիպումներ ես ունենում եմ, եթե չասեմ՝ ամեն օր, բայց գոնե շաբաթը մի քանի անգամ, բայց դրա մասին տեղեկատվություն մշտապես տալիս ենք: Այսինքն՝ հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, ուզում եք ասել, թե ինչո՞ւ են ուրիշները մեծ ոգեւորությամբ խոսում այդպիսի հանդիպումների մասին: Դա իրենց խնդիրն է, իրենց պրոբլեմն է: Նորմալ է ամեն ինչ, զուտ աշխատանքային հանդիպում է: Երեկ հանդիպել եմ Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ, այսօր առավոտյան՝ Ֆրանսիայի դեսպանի հետ, գնացել եմ այնտեղ՝ ճաշի, վաղը չէ մյուս օրը կհանդիպեմ Բուլղարիայի դեսպանին: Զուտ աշխատանքային գործընթաց է»:

Դեռ անցած շաբաթ Հայաստանի ազգային փոքրամասնություններից եզդիները հայտարարեցին, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որոշ լրատվամիջոցներ դրանից հետո վարչապետին որակեցին որպես եզդիների թեկնածու: Մենք հետաքրքրվեցինք, թե վարչապետն անձամբ ի՞նչ կարծիքի է սրա մասին եւ ինքն իրեն համարո՞ւմ է նաեւ փոքրամասնությունների թեկնածու: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գիտե՞ք, չարությունը գնահատելը չափազանց բարդ է: Անշուշտ, ծանոթ եմ այդ գնահատականներին եւ չեմ ուզում դրանք մեկնաբանել, պարզապես ուզում եմ ձեզ հիշեցնել Ռուսաստանի նախկին վարչապետ պարոն Չեռնոմիրդինի հայտնի ասածը՝ «Ուզում էին անել լավ, ստացվեց ինչպես միշտ»: Կարծում եմ, այս անգամ էլ ուզում էին ինձ խայթել, ուղղակի չստացվեց, որովհետեւ, իրոք, ես հպարտ եմ, որ եզդիները հայտարարում են, որ ես իրենց թեկնածուն եմ, որ ինձ են պաշտպանելու: Ես շատ-շատ ուրախ կլինեի, որ նման հայտարարությամբ հանդես գային Հայաստանում բնակվող հրեաները, ռուսները, ասորիները, քրդերը: Խոսքն այս պահին փոքրամասնությունների մասին է, եւ այդ պատճառով ես հայերի մասին չեմ խոսում, որովհետեւ Հայաստանի նախագահն, անշուշտ, պետք է լինի բոլորի նախագահը, որովհետեւ անհնարին է կառուցել լավ Հայաստան միայն հայերի համար: Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց կարճամտության վրա: Իսկ ձեզ առաջարկում եմ այդ ամենին հումորով վերաբերվել»:

«Առավոտը» նաեւ ուզեց հստակեցնել, թե ինչո՞ւ է կառավարությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանն այդքան վստահ, որ Իրաք զորամիավորում ուղարկելու գործընթացը շարունակելը ճիշտ է, եւ թեպետ մի քանի օր առաջ նույն խորհրդարանում բուռն քննարկումներ ընթացան այս հարցի կապակցությամբ, եղան նաեւ դեմ կարծիքներ: Վարչապետը ասաց, որ ինքը տարբեր առիթներով բազմաթիվ փաստարկներ է ներկայացրել, թե ինչո՞ւ է կարեւոր այս ծրագրի շարունակությունը, եւ կարեւորեց նաեւ հետեւյալը. «Մենք փոքր երկիր ենք եւ մենք պարտավոր ենք բոլոր այն պարագաներում, երբ հնարավորություն ունենք, լինել ոչ միայն անվտանգության սպառող, այլ նաեւ կառուցող, այսինքն՝ միայն ստանալու փոխարեն, ինչ-որ պարագայում նաեւ որոշակի ջանքեր ներդնել, մենք պիտի դա կատարենք: Բոլոր այն երկրները, որոնք Իրաքում ռազմական կոնտինգենտ չունեն, նրանք ունեն այլ հնարավորություններ միջազգային այդ գործընթացներին մասնակցելու, եւ նրանք այլ կերպ են մասնակցում: Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, բայց քանի որ ճիշտ չեմ համարում երկրներ մատնանշելը, ուղղակի ինքներդ, եթե ձեր հիշողությունը փորփրեք, կգտնեք բազմաթիվ երկրներ, որոնք այսպես կամ այնպես մասնակցում են այդ գործընթացին մեծ գումարներով եւ այլն: Ինքս խորապես համոզված եմ, որ մենք ճիշտ քայլ ենք կատարում»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ որպես նախագահի թեկնածու չգրանցվելը վարչապետ Սերժ Սարգսյանը որակեց որպես պարտադրված քայլ իշխանությունների կողմից. «Ես իրոք ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հետ կապված, որովհետեւ կարծում եմ, որ ինքը կարող էր դրական դերակատարություն ունենալ, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ օրենքով սահմանված ժամկետները պաշտպանված չեն, անցնում են ընտրությունները, եւ մեկը, ով ենթադրենք՝ 4-5 տոկոս է ստացել, բողոքարկում է ՍԴ՝ մեզ մեղադրելով անօրինական թեկնածուի գրանցման համար եւ պահանջում է ընտրություններն անվավեր ճանաչել: Բայց, կրկնում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը մի քանի տեսանկյունից լավ կլիներ: Ինչ-որ տեղ վստահ եմ, որ ընտրական գործընթացներում հանդարտություն կլիներ, եւ մարդիկ, ովքեր հույս ունեն 2-րդ տեղը վերցնել կամ 3-րդ, 4-րդ տեղը, կարող էին մեկ աստիճանով ետ գնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել