Մոսկովյան թերթերից մեկին Սարգիս Ասատրյանը պատմել է իր հիշողությունները Սադամ Հուսեյնի եւ Միխայիլ Սահակաշվիլիի մասին:
Ռուսական «Էքսպրես» պարբերականի նոյեմբերի 29-ի համարում հրապարակվել է Նիկիտա Սմիռնովի հոդվածը, որի գլխավոր հերոսը Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահ Սարգիս Ասատրյանն է: Հիշեցնենք, որ ժամանակին նա վարում էր «Երեւան» հեռուստաընկերության «Բուրգ» հաղորդաշարը:
Հրապարակման առիթը Մոսկվայի քաղաքային գոլֆ ակումբում Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնի «Մեծ ճանապարհի օլիգարխները» գրքի շնորհանդեսն է եղել, որին ներկա է եղել նաեւ Ժիրինովսկու կուսակցությունից Սերգեյ Միրոնովի «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցություն անցած Ալեքսեյ Միտրոֆանովը (հիշեցնենք, որ նա նաեւ Սահակաշվիլիի եւ Յուշչենկոյի մասին պոռնո- ֆիլմի նախաձեռնողն է): Շնորհանդեսի ժամանակ մեկը բացատրել է, թե Միտրոֆանովը կուսակցությունից կուսակցություն է անցել, քանի որ ցանկացել է տնտեսել. Ժիրինովսկին համամասնական ցուցակում նրան տեղ հատկացնելու համար պահանջել է 2 մլն դոլար՝ մինչդեռ մյուսներին դա արժեցել է 5 մլն դոլար, իսկ Սերգեյ Միրոնովը նույնն առաջարկել է 1 մլն դոլարով: «Չի՛ կարող պատահել: Միտրոֆանովը ոչ մեկի փող չի տալիս՝ նույնիսկ ինձ»,- վրդովված ասել է Սարգիս Ասատրյանը, որն այդ պահից էլ դարձել է լրագրողի հետաքրքրության հիմնական առարկան:
Թղթակիցը հիշեցնում է, որ մի ժամանակ Սարգիս Ասատրյանի անունը կապում էին Սադամ Հուսեյնի հետ եւ ասում, որ Իրաքի տնտեսական շրջափակման տարիներին նա համադամ խորտիկներ էր մատակարարում նախագահի պալատ: Մեր կողմից հավելենք, որ տեսել ենք պրն Ասատրյանի լուսանկարները ե՛ւ Ժիրինովսկու, ե՛ւ Սադամ Հուսեյնի հետ: Սակայն «Էքսպրեսի» թղթակցին Սարգիս Ասատրյանն ասել է, թե ուղղակի Սադամի հետ մի քանի անգամ սեղանի շուրջ են նստել. «Իսկ ես նրան օգնել եմ կահավորել այդ սեղանը»: Ու պատմել է, որ 2000 թվականին Սադամ Հուսեյնի համար կազմակերպել է մի քանի բանկետներ. «Դա իմ մասնագիտությունն է: Ես կազմակերպում եմ երեկոներ շատ ազդեցիկ մարդկանց համար, որոնց մեջ կան նաեւ պետությունների ղեկավարներ»:
Հաջորդում է նկարագրություն, թե ինչ վիճակում էր այդ ժամանակ Իրաքը մթերքների առումով: Սարգիս Ասատրյանը պատմելով, որ մի շիշ հանքային ջուրն արժեր 5 դոլար՝ հավելում է. «Այդ մասին իմանալով՝ մենք շատ բան բերում էինք մեզ հետ: Դրա վկան Կիրսան Իլյումժինովն է: Նա միակ ռուսն էր այդ տոնախմբության ժամանակ: Թեեւ չէ՝ կար նաեւ մի մոդել»: Լրագրողը հետաքրքրվում է՝ մի՞թե ընդամենը մի մոդելի են հրավիրել. «Ընդհանուր առմամբ՝ 3-ն էին: Եվս 2-ը՝ Ռումինիայից: Բոլորը «շատենկաներ» էին: Նրանց չհաշված՝ տոնախմբությանը ներկա էին ընդամենը 7 հոգի: Մենք նման երեկոներ էինք կազմակերպում ամենաբարձր եվրոպական մակարդակով»: Եվ հարցին՝ «Դրանից հետո Սադամից ձեզ նավթահանք բաժին չհասա՞վ», Սարգիս Ասատրյանը պատասխանում է, որ իրեն վճարել է ոչ թե Սադամը, այլ տրանսազգային մի նավթային կորպորացիա, որը շահել էր իրաքյան նավթի մրցույթը, եւ որ այդ երեկոները նրանց արժեցել են շուրջ միլիոն դոլար:
Լրագրողը մխիթարում է՝ «Դե, ոչինչ, Սահակաշվիլին կհաղթի ընտրություններում, կհրավիրի ձեզ երդմնակալության արարողությանը եւ խաղողի տնկարան կնվիրի», եւ Սարգիս Ասատրյանը պատասխանում է. «Ինձ մոտ այդ ժամանակ Սիլվիո Բերլուսկոնին է գրանցված: Իսկ Սահակաշվիլիի մոտ ես չեմ մեկնի: Չունեմ ցանկություն աշխատել այդ մարդու հետ: Նրա մակարդակը «պլինտուսից» ցածր է: Նրա ողջ ժամանցն է՝ անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել, որ զանգահարի 70 դոլարից ոչ թանկ պուտանաների եւ «սեանսների» ընդմիջումներին նրանց կոնյակ խմեցնի»: Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահը նաեւ վկայել է, թե հարբած վիճակում Վրաստանի նախագահը կարող է սիրահետել այլ պետության առաջին տիկնոջը. «Հայտնի է դեպք, երբ նա ընդունելության ժամանակ գռեհիկ ակնարկներ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տիկնոջը: Մենք Սահակաշվիլիի հետ ծանոթացել ենք հետբուհական շրջանում, երբ նա դեռ նոր էր դարձել պատգամավոր: Նրա մոտ այն ժամանակ էլ էր ի հայտ գալիս հանկարծակի կտրուկ ագրեսիա կանանց նկատմամբ: Ինչ-որ բան էր կատարվում նրա շալվարում եւ գլխում միաժամանակ: Կարծես թե հարբած չէր, բայց ինչ-որ ազդեցության ներքո էր»: Ու պարզաբանում է, թե ինչ ազդեցության. «Կարող են մասնագիտական գնահատական տալ բժիշկները՝ հոգեբանները կամ նարկոլոգները»:
… Քանի որ «Էքսպրեսը» «դեղին մամուլի» ներկայացուցիչ է՝ մենք փորձեցինք ճշտել, թե իրոք Սարգիս Ասատրյանը պատմե՞լ է այն ամենը, ինչ շարադրված է այս հարցազրույցում: Սակայն պարզեցինք, որ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահն այժմ էլ է Մոսկվայում: Կուսակցությունից մեզ հայտնեցին, որ նրա տան հեռախոսահամարը չի գործում: Սարգիս Ասատրյանի կուսակիցներն էլ էին ծանոթ այս հրապարակմանը, սակայն չկարողացան որեւէ պարզաբանում ներկայացնել դրա վերաբերյալ: