Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեներալն ու ազգային հերոսը՝ ԵՊՀ-ում

Դեկտեմբեր 05,2007 00:00

Երեկ ԵՊՀ ֆիզիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու հանդիպում՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընկերների հետ: Կոմանդոսը ուսանողներին ասաց. «Ռազմական գործի համար էլ է գիտություն պետք: Թշնամուն իմանալու համար նախ պիտի կեղծ հարձակման դիմես, ինչը առաջին անգամ կիրառել է մարշալ Բաղրամյանը»: Ուսանողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը, որ սկզբում Ադրբեջանի կողմից էին, ինչո՞ւ սկսեցին հանկարծ պաշտպանել հայերին: «Խորհրդային համակարգի փլուզումից հետո, երբ Ելցինը իշխանության եկավ, քաղաքականությունը փոխվեց: Այդ ժամանակ էլ ռուսական զորքերը սկսեցին պաշտպանել մեզ: Մեր բանակում վիճակը ծանր էր, իսկ ռուս զինվորներին կերակրել էր պետք: Այդ իրավիճակից օգտվեցին ադրբեջանցիները ու մեծ փողեր վճարեցին»,- պատասխանեց գեներալը: Դասախոսներից մեկն էլ հարցրեց, թե ճի՞շտ է, որ ժամանակին հայ զինվորները ցանկացել են մտնել նաեւ Նախիջեւան, սակայն ՀՀ ղեկավարները թույլ չեն տվել: «Լսել եմ դրա մասին, բայց այդ քննարկումներին ներկա չեմ եղել եւ չգիտեմ մանրամասները»,- ասաց գեներալը: Մոնթե Մելքոնյանի ընկերներն էլ փորձեցին կերտել ազգային հերոսի դիմանկարը: Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, որը հերոսին նվիրված տեսաֆիլմերի ռեժիսորն է, պատմեց. «Նա ինձ համար անհասկանալի կերպար էր… Սփյուռքում ապրած կյանքը մեծ ներգործություն է թողել Մոնթեի վրա: Նա նաեւ ԱՍԱԼԱ-ի մութ պատմության ականատեսն է: Կարծում եմ, որ անցյալում եղել են այնպիսի դեպքեր, որոնց հետ Մոնթեն չէր կարողացել հաշտվել ու Ղարաբաղ գալն էլ ոչ միայն հայրենիքի պաշտպանության համար էր, այլ այդ անցյալից կտրվելու»: Մ. Մելքոնյանի ընկերներից սփյուռքահայ Ալեք Ենիքգոմշյանն էլ ասաց. «Մոնթեն զոհվեց 1993-ին: Նա Սփյուռքից եկավ եւ մեծ ներդրում ունեցավ արցախյան ազատամարտում»: Ազգային հերոսի զինակից ընկեր Հրայր Կարապետյանն էլ փաստեց. «Մոնթեն 12-13 տարեկանում է գիտակցել, որ հայ է: Մինչ այդ մտածում էր, թե ամերիկացի է: Երբ իսպաներենի ուսուցչուհին հարցրեց, թե ի՞նչ ազգի ներկայացուցիչ է, այդ ժամանակ նա որոշեց դա պարզել իր ծնողներից: Մոնթեն բարդ մարդ չէր, ինչպես շատերն են կարծում: Նա ամենապարզ մարդն էր, հենց այդ պարզությունն էլ դժվար է նկարագրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել