Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՈՒՂՂՒԱԾ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ

Դեկտեմբեր 05,2007 00:00

Վեհափա՛ռ հայր: Տարիներ է, ինչ մտքումս մի հարց է ծագել եւ օր-օրի մարմնաւորւել մինչեւ այն աստիճան, որ այլեւս չպիտի միայն ինքս մտածեմ, այլ իմ մտածմունքը պիտի կիսեմ Ձեր ու մեր համայնքի ազնիւ ժողովրդի հետ, քանի որ դա մեր համայնքին առնչւող մի հարց է, որը խիստ քննարկման կարիք ունի:

Ո՞րն է այդ հարցը:

Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ իրանահայ թեմը, միանալով Կիլիկիոյ Մեծի Տանն աթոռին (շուտով կը լրանայ այդ միացման 50-ամեակը), մինչ այժմ չի արժանացել բարձրագոյն մի հոգեւորականի, վարդապետի կամ եպիսկոպոսի ձեռնադրմանը:

Մտածում էի, թէ գուցէ պատճառն այն է, որ իրանահայն այդ պաշտօնն ունենալու կարողութիւնը չունի, կամ էլ՝ մի յատուկ կրօնական օրէնքով այդ կարգի պաշտօնները սեփականութիւնն են այն մարդկանց, ովքեր յատուկ վայրերում են մեծացել ու կրթութիւն ստացել: Այդ մտքից դրդւած՝ կապւեցի հանրայայտ գիտնական Լեւոն Գ. Մինասեանի հետ, որն ապրում է Նոր Ջուղայում, եւ նրանից խնդրեցի, որ ինձ ներկայացնի աղբիւրներ, որոնց օգնութեամբ ես կարողանամ հարցիս պատասխանը գտնել: Պրն Մինասեանը անմիջապէս պատասխանեց ինձ՝ ասելով, որ ինքը մի գիրք է գրել, որը 1996 թւականին տպագրւել է Սպահանի Նոր Ջուղայում՝ «Հայոց թեմի առաջնորդները» խորագրով: Նա անմիջապէս այդ գիրքը՝ իր հրատարակած 15 հատոր այլ գրքերի հետ ուղարկեց ինձ: Պիտի նշեմ, որ պրն Մինասեանն, այդ գիրքը հրատարակելով, մի մեծ աշխատանք է կատարել, քանի որ, դարերից մնացած արխիւները պրպտելով, կարողացել է գրել այդօրինակ արժէքաւոր գիրք:

Գիրքը սկսեցի կարդալ: Գրւած էր, որ Սպահանի հայ հոգեւորականների աշխատանքը սկսւել է ճիշտ այն օրից, երբ Շահ Աբբասը բռնի կերպով բազմահազար աւելի հայերի Հայաստանից բռնագաղթի ենթարկեց: Թեմի առաջին առաջնորդը (1606-1620 թւականներ) եղել է Մեսրոպ եպիսկոպոսը, որը եկել էր Էջմիածնից, այնուհետեւ՝ Խաչատուր Կեսարացին՝ 1620-1646 թւականներ, իսկ երրորդ առաջնորդը եղել է Դաւիթ Ա. Ջուղայեցին՝ 1652-1683 թւականներ: Վերջինս, լինելով վարդապետ, մերժել է առաջնորդութեան աթոռը եւ 1651 թւականին մեկնել Երուսաղեմ: Այստեղ էլ 1652 թւականի Ապրիլի 7-ին ձեռնադրւել է եպիսկոպոս։ Նրա նախաձեռնութեամբ է կառուցւել Ս. Ամենափրկիչ վանքը, որի կառուցումը տեւել է 9 տարի։ Այնուհետեւ գրքում գրւած էին թեմակալ առաջնորդների անունները եւ պաշտօնավարութեան թւականները, որոնցից 11-ը եղել են բնիկ ջուղայեցիներ։ Որոշ շրջաններում էլ ժամանակաւորապէս նշանակւել են միաբաններ, որպէսզի կատարեն առաջնորդի պարտականութիւնները: Այդ գիրքը կարդալով՝ ես ստացայ իմ հարցի մի պատասխանը՝ այն, որ իրանահայերն ունեցել են վարդապետներ, եպիսկոպոսներ եւ միաբաններ, եւ Սպահանում ու նրա շրջակայքում էլ եղել են հոգեւորականների դպրոցներ:

Մի բան, որը նկատելի է այդ գրքում, եւ նոյնն են վկայում նաեւ իրանահայերի հոգեւորականների պատմութեան մէջ մատնանշւող թւերը, այն է, որ տարիների ընթացքում, որքան մօտեցել ենք մեր ժամանակաշրջանին, հոգեւորականների թիւը նւազել է, իսկ երբ հասնում ենք 1950 թւականին, այլեւս որեւէ տեղ չի շեշտւում իրանահայ բարձրաստիճան հոգեւորականների գոյութեան մասին: Ըստ երեւոյթին, այդ կիսամեռ հոգեւոր կենտրոնները ժամանակի ընթացքում վերակենդանացնելու փոխարէն, նրանց յանձնում են հողին՝ ամրութեան համար խփելով դագաղի վերջին մեխերը, ու վերջ ընդմիշտ:

Համարեա նոյնն է կատարւել նաեւ Իրանի Ատրպատականի թեմում:

Դժբախտաբար, իմ կրօնական տեղեկութիւնները սահմանափակ են, բայց եւ այնպէս գիտեմ, որ բոլոր կրօններն ունեն իրենց յատուկ աստւածաբանական փիլիսոփայութիւնը եւ կրօնական պարզ ու բարդ մեկնաբանութիւնները՝ սկսած մարդու ծննդեան օրից մինչ նրա մահը, ինչպէս նաեւ մարդու հարիւրաւոր կարիքների ու կենցաղային հարցերի վերաբերեալ մշակւած կանոնները եւ նրանց բացատրութիւններն ու պարզաբանումները, գիտեմ նաեւ ա՛յն, որ մեր բարձրաստիճան հոգեւորականները ստանում են համալսարանական կրթութիւն եւ նոյնիսկ կրօնական առարկաները դասաւանդում աշխարհի լաւագոյն համալսարաններում: Սակայն, այդ կարգի կրթւած հոգեւորականների թէ՛ բարձրագոյն ուսում ստանալը եւ թէ՛ նրանց հետագայ ծառայութիւնն իրանահայ համայնքում երբեք հնարաւոր չի եղել: Մեր թեմերն այս վերջին 50 տարիների ընթացքում ունեցել են սկսած քահանայ առաջնորդից, մինչեւ աւագ քահանայ կամ վարդապետ ու եպիսկոպոս առաջնորդներ, այնուհետեւ լաւագոյն դէպքում՝ արքեպիսկոպոսներ: Ներկայիս ունենք մի արքեպիսկոպոս առաջնորդ՝ Թեհրանում, եւ երկու նոր ձեռնադրւած եպիսկոպոսներ Թաւրիզում ու Սպահանում:

Այստեղ ծագում է մի հարց՝ ինչո՞ւ իրանահայն արժանի չէ իր համայնքում ունենալու բարձրաստիճան հոգեւորականներ: Արդեօք մեր համայնքի կրօնական պահանջը միայն մկրտութիւն, ամուսնութիւն, թաղման արարողութիւն-պատարագներ կատարե՞լն է: Արդեօք մեր 50 հազարանոց ներկայ համայնքը, բացի այդ վերոյիշեալ կրօնական արարողութիւններից, ուրիշ հոգեւոր պահանջներ չունի՞։ Իսկ եթէ այլ պահանջներ ունի, ապա ինչո՞ւ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն դրանք չի բաւարարում: Դա նշանակում է, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար իրանահայ համայնքը հեռացւում է իր դաւանանքից, չէ՞ որ կաթոլիկները կամ ուրիշ եկեղեցիների հետեւորդները միսիոներ են ուղարկում աշխարհի աջ ու ձախ կողմերը, որ մարդկանց հրաւիրեն քրիստոնէական դաւանանքը։ Դուք իրանահայութեանը չպիտի համեմատէք Քովէյթի, Աբուզաբիի, Դուբայի կամ էլ ԱՄՆ-ի ու Կանադայի թեմերի հետ եւ նոյն հայեացքով նայէք նրանց. չէ՞ որ իրանահայութեան մէջքին կանգնած են շքեղ ու փառաւոր Սուրբ Թադէի վանքն՝ իր պայծառ անցեալով, Ս. Ստեփանոս «Նախավկան»՝ իր դարերի պատմութիւնով, Սալմաստի Ս. Գրիգոր եկեղեցին՝ 800-ամեայ անցեալով, Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցին՝ իր դարերի պատմութիւնով, Սպահանի Ս. Ամենափրկիչ վանքը՝ 4-դարեայ անցեալով ու հզօրութեամբ եւ 12 այլ եկեղեցիները, Բուշեհրի ու Շիրազի եկեղեցիները եւ տասնեակ այդ կարգի կոթողներ։ Այդ սրբավայրերը, որոնք բոլորն էլ Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլասից աւելի հին ու պատմական անցեալ ունեն, վկայում են այն մասին, որ իրանահայ համայնքին պէտք է նայել նրա կրօնական խոր արմատները նկատի առնելով, եւ այնպիսի իւրայատուկ մի հայեացքով, որը պատշաճ է նրա ներկայ դրութեանն ու փառաւոր անցեալին։ Ձեր աթոռին ենթակայ թեմական կառոյցը պիտի դասաւորւի մեր համայնքի կրօնական պահանջներին համապատասխան. մինչ օրս այն, ինչ որ կատարւել է, մեր ժողովրդին բնաւ չի բաւարարել, կրօնական հարցերում մեր համայնքը ոչ միայն առաջադիմութիւն չի ունեցել, այլեւ նահանջել է։ Անցեալ դարի վերջին քառորդում Իրանում տեղի ունեցաւ մի յեղափոխութիւն որով երկրի իշխանութիւնը վերածւեց կրօնական մի իշխանութեան։ Սակայն, դժբախտաբար, մեր համայնքն այնպէս որ անհրաժեշտ էր չկարողացաւ նոյնիսկ այդ փոփոխութիւնից օգտւել։ Մնաց նոյն կազմով ու նոյն կառոյցով՝ մի սրբազան առաջնորդով, առանց միջին դասի հոգեւորականութեան, եւ միայն քահանաներով։ Մինչեւ անգամ նկատւում է, որ սրբազանի բացակայութեան ժամանակ քահանաներն են նրան փոխարինում։ Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ մեր մուսուլման եղբայրները հոգեւորականութեան այնպիսի սերունդ են ստեղծել, որը ոչ միայն տիրապետում է իսլամ կրօնին, այլեւ՝ գիտէ քրիստոնէական օրէնքներն ու օտար լեզուներ, այնինչ մենք՝ Ձեր Աթոռի առաջնորդութեամբ, կղզիացած վիճակում ենք մնացել, եւ ահա կանգնած ենք արիւնաքամ լինելու, ոչնչանալու սեմին:

Վեհափա՛ռ Հայրապետ.

Մենք՝ իրանահայերս, ապրում ենք 70 միլիոն մուսուլման եղբայրների մէջ եւ մեզ համար բացի կրօնական օրէնքների բացատրութիւնից, կան ընտանեկան բազմաթիւ խնդիրներ, որոնցից շատերը լուծւում են երկրի ընդհանուր համակարգի օգնութեամբ: Սակայն կան նաեւ հարցեր, որոնք պէտք է լուծւեն մեր ազգային իշխանութեան միջոցով։ Ըստ աւանդական սովորութեան՝ մենք՝ հայերս, սփիւռքում միշտ առաջնութիւն ենք տւել կրօնին եւ դրանով իսկ կարողացել ենք պահել ու պահպանել մեր մշակոյթն ու լեզուն: Բացի այդ՝ իրանահայութիւնը միշտ ունեցել է օժանդակ կազմակերպութիւններ՝ մշակութային միութիւններ եւ կարիքաւորներին օգնող բարեգործական մարմիններ, սակայն այսօր, միութիւնների անդամների միջին տարիքը բարձրանալու կամ էլ նիւթական դժւարութիւնների պատճառով, վերջիններիս գործունէութիւնը սահմանափակւել է:

Այդ բոլորին աւելանում է նաեւ մեր թեմի հոգեւոր կառոյցի խնդիրը: Ըստ օրէնքի, հոգեւորականութեան միջոցով պիտի տնօրինւի համայնքի ներքին ազգային-կրօնական կեանքը, բայց կարծես Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն դա մեզ է թողել՝ մեր թեմի համար աւելորդ համարելով բարձրաստիճան հոգեւորականների ներկայութիւնը: Մենք, ինչպէս մեր երկու քոյր թեմերի համայնքները, շատ գոհ ենք մեր առաջնորդներից, եւ որեւէ դժգոհութիւն այդ կապակցութեամբ չունենք, բայց խնդիրն այն է, որ մեր համայնքում, բացի մի քանի քահանաներից, որոնք լաւածանօթ են քրիստոնէական եւ հայ առաքելական եկեղեցու օրէնքներին, միւսները կորցրել են իրենց հետաքրքրութիւնը անգամ կրօնի հանդէպ, մինչեւ այն աստիճան, որ նոյնիսկ մի քանի անգամ մեր իրանցի մուսուլման հայրենակիցներից նկատողութիւն ենք ստացել: Ամէն մի համայնքի արեան անօթներն այդ համայնքի ժողովուրդն է: Դժբախտաբար, ներկայ դրութեամբ իրանահայ համայնքը ենթարկւել է մի ահաւոր արիւնահոսութեան, որը խիստ բուժման կարիք ունի, եւ եթէ չբուժւի, կարելի է վստահութեամբ ասել, որ դարերի ընթացքում գոյացած մեր համայնքը քայքայման կենթարկւի: Համայնքն այսօր կարիք ունի սրտցաւ ու բարձր կրթութեան տէր, նւիրւած հոգեւորականների, որոնք պիտի անպայման իրանահայ լինեն եւ ծանօթ՝ մեր ժողովրդի պահանջներին ու ցաւերին։ Այդ հոգեւորականները պէտք է իրանահայ լինեն, որպէսզի կարողական ժողովրդի պահանջները հասկանալ եւ բաւարարել: Վերջերս նկատւում է, որ մեր համայնքի քահանաներն անգամ Լիբանանից են գալիս: Նրանք, իբրեւ հիւր մեզ համար շատ սիրելի են, բայց իբրեւ ծխատէր քահանայ՝ օտար. նրանց արեւմտահայերէն լեզուն եւ առոգանութիւնը մեր ժողովրդի մեծամասնութեան համար անհասկանալի է: Նրանք ծանօթ չեն իրանահայութեան մշակութային, կենցաղային եւ ընտանեկան իւրայատուկ սովորութիւններին ու խնդիրներին։ Քահանան միայն եկեղեցում ծիսակատարութեան համար չէ: Հայ ժողովրդի քահանաները, ըստ սովորութեան, միշտ էլ խառնւած են եղել ժողովրդի առօրեայ կեանքին: Ցաւօք սրտի, պիտի ասեմ, որ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն անտեսել է եւ նկատի չի առել համայնքային որոշակի նրբութիւններ, եւ պիտի ներողամիտ լինէք, որ ասեմ՝ մեզ վերաբերւում էք ճիշտ այնպէս, ինչպէս մի գաղութատիրական իշխանութիւն է վարւում իր ոչ հարազատ ժողովրդի հետ: Սակայն պէտք է ասել, որ ժողովրդին այդ կերպ վերաբերւելու դարն արդէն անցել է: Լիբանանից քահանայ բերելը նշանակում է, որ մեր համայնքի անդամները չեն ցանկանում համագործակցել կրօնական բնագաւառում: Միւս կողմից կարեւոր հարց է նաեւ այն, որ՝ արդեօք Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կարողացե՞լ է ներկայ քահանաների նիւթական կարիքներն ապահովել։ Այն փաստը, որ վերջերս մեր քահանաները՝ իրենց իսկ դրամով ապահովագրւել են, այնքան էլ էական նշանակութիւն չունի նրանց կեանքում, կարեւորն այն է, որ նրանք առայսօր աշխատավարձ չեն ստանում, ինչպէս էր միջին դարերի կարգը, դեռ շարունակւում է։ Հետեւաբար նրանց աչքը մշտապէս պիտի հարսանքատէրի, մկրտւող երեխայի ծնողների, հանգուցեալի հարազատների ու այլոց ձեռքին լինի։ Ինչո՞ւ գրասենեակի պաշտօնեան պէտք է աշխատավարձ ստանայ, իսկ քահանան՝ ոչ:

Պիտի ընդունենք, որ ժամանակները փոխւել են, եւ եթէ մենք ժամանակի հետ չքայլենք, պիտի միշտ անցեալում ապրենք: Ներկայիս մեր համայնքի ժողովրդի եւ ազգային իշխանութեան միջեւ մեծ ճեղքւածք ու տարածութիւն է առաջացել, որի վառ ապացոյցն էլ 13-րդ պատգամաւորական ժողովի ընտրութիւններն էին, որտեղ, համեմատած 12-րդ պատգամաւորական ժողովի, ընտրութեան մասնակիցների թիւը 43%-ով պակասել է:

Անկասկած, ազգային իշխանութեան եւ ժողովրդի կապը պէտք է առաւել սերտ ու անմիջական լինի, որը եւ հնարաւոր կը լինի միայն մեր հոգեւորականների հասարակական ծառայութեան շնորհիւ: Դժբախտաբար, մեր երիտասարդութեան մէջ թմրամոլութիւնը խիստ տարածւել է, եւ տարեկան տասնեակ ընտանիքներ քայքայւում են այդ պատճառով: Այսօր մեր համայնքին անհրաժեշտ են մնայուն ու կարող NGO-ներ, որոնք պիտի ղեկավարւեն ազգին ծառայելու գաղափարին նւիրւած հոգեւորականութեան միջոցով: Այդ նպատակով կարելի է լուրջ եւ շտապ միջոցառումներ ձեռնարկել՝ մեր համայնքի ուսեալ եւ շնորհալի երիտասարդներին հնարաւորութիւն ընձեռելու՝ բարձր հոգեւոր կոչումներ ստանալու համար: Ժողովրդի շահը պէտք է ամէն ինչից վեր դասւի: Պիտի մեր հայաբնակ կենտրոններում կազմակերպւեն հայ երիտասարդութեան եւ ընդհանուր առմամբ ընտանիքների զարգացման եւ ուսուցման, կամ խորհրդատւական գրասենեակներ: Այդ միջոցով հոգեւորականները կարող են թափանցել ընտանիքների մէջ, եւ լսել նրանց խօսքերը եւ մօտից տեսնել դժւարութիւնները։ Հոգեւորականները եւ մեր հայ հասարակագէտները միասնաբար պէտք է ուղիներ փնտրեն հայ ընտանիքների հետ բարեկամական կապեր հաստատելու համար, եւ վերահասու լինեն նրանց ընտանեկան խնդիրներին ու անձնական դժւարութիւններին։

Պարզ է, որ նման աշխատանքների ծաւալն այնքան ընդարձակ է, որ մի նամակով անհնար է բոլոր հարցերին անդրադառնալ, բայց յոյս ունեմ, որ սոյն գրութիւնը, որը նկատառումով չի գրւած, եւ միայն արտացոլումն է սեփական կենսափորձի, եւ իմ տածած սիրոյ ու հոգատարութեան՝ իրանահայ համայնքի հանդէպ, որի գրկում հասակ եմ առել, կրթւել ու ընտանիք եմ կազմել, ինչպէս նաեւ իմ կապւածութեան՝ մեր ապրած երկրի ու հայկական միջավայրի հանդէպ, խթան կը հանդիսանայ, որ Ձեր հայեցողութեամբ ու Հայրապետական յորդորներով անհրաժեշտ փոփոխութիւններ կատարւեն, այնպէս որ, երբ մի թղթակից որեւէ հայի հարցնի, թէ ինչու է լքում երկիրը, պատասխան լսի, թէ՝ չի լքելու, մնալու է այն պատճառով, որ աշխարհում իր ծննդավայրից հարազատ տեղ չկայ, եւ ինքն ու իր ընտանիքը վայելում են իրանահայ համայնքի կրօնական, մշակութային ու կրթական բարիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել