Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոկան ավելի նախընտրելի է»

Դեկտեմբեր 05,2007 00:00

Երեկ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ակնարկելով որոշ թատերական ներկայացումների ցածր որակը:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Հրանտ Թոխատյանն ու Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանն էին, թեման՝ թատերական կյանքում տիրող զարգացումներն ու խնդիրները: Հ. Թոխատյանը հայտնեց, որ ինքը 1982-ից Թատերական գործիչների միության անդամ է, սակայն դա մինչ այսօր իրեն ոչինչ չի տվել. «Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ է կատարվում, ինձ երբեք ոչ մի տեղ չեն հրավիրում: Անկեղծ ասած, վերջին տարիներին ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես է ապրում այդ միությունը»: Հ. Թոխատյանի համոզմամբ, այսօր թատրոններին ամենեւին էլ անհրաժեշտ չեն գեղարվեստական ղեկավարներ. «Գեղարվեստական ղեկավար հասկացությունը վաղուց հնացել է: Թատրոնը պետք է ունենա ղեկավար, որը տնօրինի շենքը, իսկ մեզ նման խմբերն էլ հնարավորություն ունենան ներկայացումներ բեմադրել: Այսօր ներկայացումներ ծնվում են 6 տարին մեկ՝ ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունենք կամ ավելին չենք կարող անել, այլ այն պատճառով, որ ոչ փորձելու եւ ոչ էլ խաղալու տեղ ունենք»:

Դ. Հակոբյանն էլ համոզմունք հայտնեց, որ Հայաստանում դեռես չի զարգացել ռեժիսորական թատրոնը. «Մինչդեռ այն պետք է վերածվեր ու դառնար դրամատիկ թատրոն, սակայն, ցավոք, դարձավ ինչ-որ կեղծ ու գավառական մի բան: Չնայած 21-րդ դարում ենք ապրում, աշխարհում տարբեր տիպի պայթյուններ են տեղի ունենում՝ բոլոր բնագավառներում, բայց հայաստանյան թատրոնները դեռ 20-րդ դարի 60-70-ականների մտածելակերպից դուրս չեն եկել»: Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը եւս համոզված է, որ թատրոններին գեղարվեստական ղեկավարներ պետք չեն: «Երբ ես հայտարարեցի, որ մեր թատրոնին պետք չէ գեղարվեստական ղեկավար, ասացին՝ բա թատրոնի ձեռագի՞րը: Ինչպե՞ս կարող են 6 ռեժիսորներն էլ գրել նույն ձեռագրով: Կամ ինչո՞ւ պետք է ռեժիսորը բեմադրի գեղարվեստական ղեկավարի նման»,- նշեց Դ. Հակոբյանը: Հ. Թոխատյանը երեկ հայտարարեց, որ «Խաթաբալադա» ներկայացման համար ինքը ներկայացվել էր մրցանակի, սակայն իրեն մրցանակ չեն տվել. «Մեր լավագույն գործիչներից մեկն ասել էր, թե Հրանտը լավ է ապրում, խի՞ պիտի իրեն մրցանակ տանք»: Դառնալով ներկայացումներին, Հ. Թոխատյանն ասաց, որ չի կարելի սահմանափակվել միայն մոնո ներկայացումներով, սակայն եթե դերասանն ասելիք ունի, ապա նրան պետք է հնարավորություն տալ, որ մասնակցի զանազան փառատոների:

Նա խոսեց նաեւ արվեստագետների կոչումների մասին. «Ի՞նչ է այսօր տալիս այդ կոչումը որեւէ դերասանի: Սովետական միությունում գոնե տրանսպորտը ձրի էր, իսկ այսօ՞ր… Դա աշխատանքի գնահատական չէ: Ես ինքս ստացել եմ վաստակավոր դերասանի կոչում միայն այն պատճառով, որ մարտի 27-ը Թատրոնի օրն էր: Ավելի լավ է գետինը մտնեմ, որովհետեւ ստացվում է, որ իմ ամբողջ կյանքում ոչ մի գործ չեմ արել եւ ինձ կոչում են տալիս միայն այն բանի համար, որ թատրոնի օ՞րն է»:

Անդրադառնալով թատրոնների շենքերին, որոնք շատ հաճախ վարձակալությամբ տրվում են որեւէ երգչի կամ խմբի, որոնց արվեստը այնքան էլ հարիր չի լինում տվյալ բեմից ներկայացնելու համար, Հ. Թոխատյանն ասաց. «Եթե, օրինակ, Մայր թատրոնի բեմը երեկոները զբաղված լինի թատերախմբերով ու եթե դրանից հետո ազատ օրեր մնան եւ, օրինակ, երգիչ Բոկան ցանկանա արենդայով վերցնել այն, տնօրինությունը պետք է ասի՝ Բոկա ջան, հարգում եմ ձեր երգը, բայց ուրիշ բեմի վրա երգեք: Այսօր մի տեսակ ամենաթողություն է: Նույն Բոկան կարող է գալ բեմը առնել, ու չկա այն մարդը, որը պարտավոր է նման բաները կանխել: Չնայած, մյուս կողմից էլ հիմա թատրոններում կան ներկայացումներ, որ ավելի լավ է Բոկան երգի, քան դրանք նայենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել