Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԱՐԱՑՐԻՆՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ»

Դեկտեմբեր 05,2007 00:00

\"\"Ահա թե ինչ է պատահել դաշնակահար Մադաթ Ավանեսովի եւ երգչուհի Իլոնայի իրանյան համերգին

Դաշնակահար Մադաթ Ավանեսովին, որը արդեն քանի տարի հանդես է գալիս «Պապլավոկում», հեռուստադիտողը սկսեց ճանաչել նախ «Հայսուպերսթար», ապա «Երկու աստղ» հեռուստանախագծերից: «Երեւի ժամանակը եկել էր, պահը՝ հասունացել, դրա համար էլ աշխատանքս նկատելով՝ ինձ հրավիրեցին TV: Հեռուստանախագծերում ընդգրկված լինելը ունի ինչպես հաճելի, այնպես էլ դժվար կողմեր: Հաճելին այն է, որ քեզ դիտում է ողջ հանրապետությունը, անգամ աշխարհը: Դժվարը՝ այդ նախագծերի աշխատատար եւ ժամանակատար լինելն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մ. Ավանեսովը: Հետաքրքրվեցինք ջազային երգչուհի Իլոնայի հետ Ավանեսովի համագործակցությամբ, որի հետ ինքը մեկշաբաթյա համերգներով հանդես է եկել Իրանում: Նշենք, որ Իլոնան կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհին է:

«Իմ եւ Իլոնայի համագործակցությունը տարիների վաղեմություն ունի: Միասին աշխատել ենք «Պապլավոկում»: Ի դեպ, անցյալ տարվանից ես «Պապլավոկի» արտ-տնօրենն եմ, ոչ միայն երաժշտական մասն եմ ղեկավարում, այլեւ ինքս էլ նվագում եմ: Վերջերս մեկշաբաթյա համերգներով ես եւ Իլոնան Իրանում էինք: Այնտեղ քիչ տեղեր կան, որտեղ հայերը կարողանում են հավաքվել, լիցքաթափվել: Դրանցից մեկը Մարզավանն է, մյուսը՝ «Հայակումբը»: Մեր համերգներն էլ «Հայակումբում» էին: Այն 100 տեղանոց է, սակայն համերգներին 130-140 հոգի էր հավաքվել: Իլոնան, որ հայտնի է իր ջազային երգացանկով, այնտեղ երգեց նաեւ հայկական ժողովրդական երգեր, Աճեմյանի, Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ այլոց հայտնի գործերից: Համերգներից մեկի ժամանակ ներկա էին ՌԴ, Էստոնիայի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ այլ երկրների 15-20 դեսպաններ, պատկերացնում եք՝ բոլորը պարում էին: Ես նույնիսկ կատակով Իլոնային ասում էի՝ ամբողջ աշխարհը պարացրինք: Հատկապես շատ էին հավանել Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» երգի ռիթմիկ տարբերակը»,- պատմեց երաժիշտը:

Նշենք, որ Մ. Ավանեսովը վաղուց համագործակցում է Ֆորշի, Արամոյի եւ Էմմայի հետ: «Եթե մարդիկ իմ կարիքը զգում են, եւ ժամանակս հերիքում է, ոչ ոքի չեմ մերժում»,- ասում է նա:

Խոսելով այն միտումների մասին, որ արեւելքը առկա է հայաստանյան շոու-բիզնեսում, մեր զրուցակիցն ասաց. «Դա ճաշակի հարց է, չեմ կարող ասել՝ վա՞տ է, թե՞ լավ, դա իմը չէ: Կոնկրետ ես՝ ինձ արեւելքի մարդ չեմ համարում: Ինչո՞ւ դիմել արեւելյան լադին, երբ մերն ավելի ինքնատիպ է: Օրինակ, իսպանական երաժշտությունը նույնպես արեւելք է, բայց իրենք երբեք դա չեն համեմում օտար ելեւէջներով: Մինչդեռ մենք երգեր ունենք, որ լսում ես, չես հասկանում՝ թուրքակա՞ն է, արաբակա՞ն, թե՞… Այսօր շատերն իրենց աստղ են հռչակել: Այս պարագայում, կարծում եմ, գործ ունենք արժեքների անկման եւ «պլանկայի» իջեցման հետ: Ցավոք, պետական մակարդակով էլ շռայլորեն կոչումներ ու պարգեւներ են բաժանվում, ինչը եւս չեմ ընկալում: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց արդյո՞ք մենք ունենք այնպիսի աստղեր, որոնց Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում լսում են: Աստղը Ջեքսոնն է, Պոլ Մաքարտնին, Ալլա Պուգաչովան… Նրանց երաժշտությունը միայն իրենց ծննդավայրի համար չէ, բոլորի համար է: Աստղը նախ եւ առաջ պատասխանատվություն է եւ քրտնաջան աշխատանք՝ հանդիսատեսի, ռեպերտուարի, բեմական արտաքինի եւ այլնի առումով, ինչը մեր երգիչ-երգչուհիներից շատերի մոտ չեմ տեսնում: Մեզ համար մերոնք տարբեր են, բայց օտար մարդու համար՝ բոլոր հայ երգիչները միանման են: Այսօր ոչ թե երաժշտությունն է բարձրացնում հանրության մակարդակը, այլ երաժիշտներն են իջնում նրանց ընկալունակության մակարդակին»: Մ. Ավանեսովին հարցրինք՝ իր որոշ կոլեգաների նման «ծաղկեցնո՞ւմ» է «վերեւների» խրախճանքները: «Իհարկե, ես էլ եմ գնում, ուղղակի ռաբիս նվագել չգիտեմ, ինձ մոտ չի ստացվում… Գնում եմ միայն խնջույքներին, որտեղ ցանկանում են լսել ռետրո հայկական երգեր, ջազ կամ ռուսական էստրադա»,- անկեղծորեն պատասխանեց դաշնակահարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել