Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական անցուդարձ

Դեկտեմբեր 05,2007 00:00

Դեկտեմբերի 1-4-ը

Հացադուլ՝ ԱԱԾ-ում

«Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 28-ից արդարադատության նախարարության «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել 24-ամյա Արմեն Համբարձումյանը: Նա մեղադրվում է խարդախության, գործով: Մեկ տարի է՝ ինչ նստած է: Դատավարությունն ընթանում է Արաբկիր համայնքի դատարանում: Ա. Համբարձումյանը հացադուլը հիմնավորում է նրանով, որ «չի ցանկանում դատապարտվել սարքված խարդախության հոդվածով»:

Գործակալությունը՝ զոհ

Երեկ «Արմինֆո» գործակալությունը տարածել էր մի հաղորդագրություն՝ կապված մի թյուրիմացության հետ: «Հայաստանում կրոնական աղանդների գործունեության վերաբերյալ «Արմինֆոյի» 33-րդ թողարկմամբ, տհաճ թյուրիմացության հետեւանքով, տարածվել է ոչ հավաստի տեղեկատվություն: «Արմինֆո» գործակալությունը դարձել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնում» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանի կողմից տարածվող ավանտյուրային ապատեղեկատվության զոհը: Մասնավորապես, անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ նա տարածում է ակնհայտորեն սուտ տեղեկություն Վալդորֆյան դպրոցի մասին, որտեղ, իբր, երեխաներին մղում են ինքնասպանության: Մինչդեռ, դպրոցի գոյության ողջ ընթացքում ոչ ինքնասպանության մղման փաստ, ոչ էլ դրա փորձի որեւէ դեպք չի արձանագրվել: Խմբագրությունը ներողություն է խնդրում ապատեղեկատվության համար եւ Ա. Ամարյանին խորհուրդ տալիս ԶԼՄ-ները չօգտագործել անձնական, շահադիտական նպատակներով»,- ասված է հաղորդագրությունում:

Նշանակումներ՝

դատախազությունում

Արմավիրի մարզի դատախազ Վահրամ Շահինյանը 3 օր առաջ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Պետի տեղակալ է նշանակվել Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանը: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ է նշանակվել Սիսակ Խաչատրյանը:

Հայրենիք կվերադառնա՞ն

Ադրբեջանական կողմը ապատեղեկացնում է՝ պնդելով, թե իբր Ադրբեջանում գտնվող երկու հայերը չեն ցանկանում հայրենիք վերադառնալ: Այդ մասին «Արմինֆոյին» երեկ հայտարարել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալի օգնական Արմեն Կապրիելյանը:

«Կոնկրետ զինծառայող Համբարձում Ասատրյանի մասին մենք ունենք տեղեկատվություն, որի համաձայն, նա հայրենիք վերադառնալու խնդրանքով դիմել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին»,- հաղորդել է Արմեն Կապրիելյանը՝ ավելացնելով, որ տեղեկատվությունը պաշտոնական բնույթի է եւ ստացվել է ԿԽՄԿ խողովակներով:

Աշխատանքային խմբի ղեկավարը նաեւ հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների այն հաղորդումը, թե հայկական կողմը չի բարձրացրել երկու հայ գերիների վերադարձի հարցը: «Ինչպես արդեն ասել եմ, ԱՀ քաղաքացի Մասիմ Բինաթովի հանձնման գործընթացի ժամանակ ես այդ հարցով դիմել եմ ԱՀ պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովին, ինչին նա պատասխանել է, որ տեղեկատվություն չունի այն մասին, թե արդյոք նրանք ցանկանում են վերադառնալ»: Արմեն Կապրիելյանը նաեւ ընդգծել է, որ ադրբեջանական կողմն արդեն մեկուկես տարուց ավելի հրաժարվում է ուղիղ շփումներից, իսկ երկու երկրների պետհանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումներն ընթանում են դեպքից դեպք, օրինակ, գերիների հանձնման ժամանակ: «Ադրբեջանական կողմը ձգտում է ցանկացած հարմար առիթ օգտագործել քարոզչական նպատակներով, ընդսմին փորձելով ապատեղեկացնել ինչպես սեփական երկրի հասարակայնությանը, այնպես էլ միջազգային հանրությանը»,- նշել է Ա. Կապրիելյանը: Նա կարծիք է հայտնել, որ երկու հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ընտրած դիրքորոշումը ադրբեջանական բանակի զինծառայող Սամիր Մամեդովի՝ հայրենիք վերադառնալուց հրաժարվելուն պատասխանելու ապաշնորհ փորձ է: Ներկայումս ադրբեջանական գերության մեջ են զինծառայող Համբարձում Ասատրյանը եւ քաղաքացիական անձ Վալերի Սուլեյմանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել