Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ԵՏ ԲԵՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

Դեկտեմբեր 05,2007 00:00

ԿԳՆ միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը կարծում է, որ արտասահմանում սովորող հայ ուսանողները ազատ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն աշխատանք գտնելով՝ չվերադառնալ հայրենիք:

Հայաստանը միջպետական համաձայնագրերի միջոցով կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ՌԴ-ի, Չինաստանի, Հունաստանի, Չեխիայի, Եգիպտոսի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ այլ երկրների հետ: Մյուս տարվանից հայ ուսանողները պետպատվերով սովորելու կմեկնեն նաեւ Իրան եւ Սիրիա։ «Ամենամեծ քանակով կրթաթոշակային տեղեր մեզ տրամադրում է Ռուսաստանը՝ մոտ 20-ը՝ ասպիրանտական, 80-ը՝ բակալավրի եւ մագիստրոսական կրթության համար: 7 կրթաթոշակային տեղ տրամադրել է Ռումինիան, 2-ը՝ Բուլղարիան: Չինաստանում հայ ուսանողների եւ Հայաստանում սովորող չինացիների թիվը, ըստ համաձայնագրի, չպետք է գերազանցի 15-ը: ԱՄՆ-ի հետ ծրագրերն էլ իրականացվում են ամերիկյան ԱՔՍԵԼՍ եւ այլ կազմակերպությունների միջոցով, որոնք կատարում են ուսանողների ընտրությունը, սակայն վերահսկվում նախարարության կողմից»,- տեղեկացրեց ԿԳՆ միջազգային համագործակցության եւ Սփյուռքի վարչության միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը: Պետպատվերով կրթություն ստացող ուսանողների համար նշված երկրներում կրթությունը եւ կացությունն անվճար են, բացի Ռուսաստանից, որտեղ հայ ուսանողները պետք է վճարեն հանրակացարաններում բնակվելու համար: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ հայ ուսանողները, որոնք մեկնում են արտերկիր սովորելու կամ աշխատելու, հիմնականում չեն վերադառնում հայրենիք: Սա պատահում է հատկապես այն երիտասարդների հետ, որոնք արտասահման են մեկնել այս կամ այն մասնավոր կազմակերպության միջնորդությամբ: Այդպիսի գործարքներով զբաղվում է նաեւ «Վորք ընդ Թրավըլ» կազմակերպությունը:

Վ. Գրիգորյանից հարցրինք, թե ԿԳ նախարարությունը երաշխիքներ ապահովո՞ւմ է ուսանողների՝ հայրենիք վերադառնալու համար: «Մեկնելուց առաջ ուսանողների հետ պայմանագիր ենք կնքում, որի համաձայն՝ ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնան Հայաստան: Իսկ եթե նրանց այնտեղ աշխատանք են առաջարկում, եւ երիտասարդները որոշում են հաստատվել այդ երկրում, դա իրենց խնդիրն է: Մենք գիտենք, թե տարեկան քանի ուսանող ենք ուղարկում եւ ովքեր չեն վերադառնում: Նրանց պարտադրաբար ետ բերել չենք կարող, բոլորն ազատ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն աշխատանք գտնել այնտեղ, որտեղ ուզում են»,- կարծում է պրն Գրիգորյանը: Արտասահմանյան բուհերում կրթություն ստանալու համար հայ ուսանողները հայրենիքում հանձնում են ընդունելության քննություններ: Դրանք այն քննություններն են, որոնք պահանջվում են հայաստանյան բուհերում տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Վերջում անցնում են հարցազրույցի փուլը: Այս գործընթացներն իրականացնում է հատուկ հանձնաժողովը:

Տարբեր երկրների կրթական հաստատություններում սովորած որոշ հայ երիտասարդներ պատմեցին, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանացել արտասահմանում. հայտնի է, որ հայ ուսանողները երբեմն այնտեղ հայտնվում են առանց անձնագրերի՝ չունենալով ոչ ԿԳ նախարարության, ոչ ԱԳՆ-ի աջակցությունը: ԱՄՆ-ում եւ Իտալիայում կրթական ծրագրերի մասնակցած Տարիել Բիշարյանը պատմեց. «Ամերիկա մեկնեցինք մի կազմակերպության աջակցությամբ: Պայմանները լավ էին, սակայն մեր անձնագրերը հավաքել էին: Իտալիայում մեր խմբի երեխաներից մեկը փախավ դպրոցից, սակայն կազմակերպիչներին հաջողվեց նրան բռնել եւ ետ բերել»: Անուշ Կաբալյանն էլ 2002-2003-ին ԱՔՍԵԼՍ-ի «Ֆլեքս» ծրագրի միջոցով սովորել է ԱՄՆ Միսսուրի նահանգի ավագ դպրոցում. «Երբ մեկնում էի, տրամադրված էի, որ ամերիկացիները շատ սառը եւ ոչ բարյացակամ մարդիկ են, քանի որ Հայաստանում անընդհատ այդպիսի խոսակցություններ էի լսում: Այնտեղ կարծիքս միանգամից փոխվեց: Իսկ հայրենիք չվերադառնալու հետ կապված որոշ պատմություններ եւս լսել եմ, սակայն մերը սովորելու վիզա էր, դրա համար այնտեղ մնալու տարբերակ չունեինք»: Հայկ Հովհաննիսյանն էլ եզակի հայաստանցի ուսանողներից է, որ սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում. «Այս բուհ ընդունվելը շատ դժվար է, անգլերենի գերազանց իմացություն է պահանջվում: Ինձ համար դժվարություններ առաջացան այն պատճառով, որ հայաստանյան դպրոցի գնահատականները շատ դժվարությամբ ճանաչվեցին այնտեղ։ Դրա համար ստիպված էի տհաճ թղթաբանությունների հետեւից ընկնել, մեր կրթության նախարարությունից տարբեր փաստաթղթեր հայթայթել: Լավ է, որ գործը գլուխ եկավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել