Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարսնացուն՝ հյուսիսից

Դեկտեմբեր 05,2007 00:00

\"\"Փեսայի կողմը համոզված է, որ Գրանդի հարսնացուն կրկեսում դաստիարակված, իսկական տան աղջիկ է:

Վերջապես Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի վաղեմի երազանքը կատարվել է. նա արդեն գտել է իր երկրորդ կեսին եւ պատրաստվում է ամուսնանալ: Հարսնացուն՝ Մաշան, բերվել է Ռուսաստանից, թեեւ ծնունդով Հնդկաստանից է: Չնայած ընդամենը 4 օր է՝ ինչ Մաշան Հայաստանում է, բայց արդեն մի շարք ասեկոսեներ են պտտվում, իբր թե Գրանդի հարսնացուն «չբեր» է եւ չի կարող նրան ձագ պարգեւել, վատ վարքի տեր է եւ այլն: Այդ լուրերը շրջանառվեցին հատկապես՝ երբ հայտնի դարձավ, որ Մաշան 23 տարեկան է, իսկ Գրանդիկը՝ ընդամենը 12: Սակայն երեկ «Առավոտի» հետ զրույցում այգու տնօրեն Սահակ Աբովյանը հերքեց այդ բոլոր բամբասանքները՝ ասելով, որ Մաշան իսկական տան հալալ-կաթնակեր աղջիկ է, կույս է եւ լավ էլ ի վիճակի է մայրանալու, քանի որ մինչեւ 60 տարեկան՝ փղերի վերարտադրողականությունը պահպանվում է: Թե որտեղի՞ց են իմացել՝ կո՞ւյս է Մաշան, թե ոչ՝ պարզվում է՝ Ռուսաստանում աղջկա մասին շրջապատից մի լավ հետաքրքրվել են ու նոր գնացել՝ ուզելու: Պարոն Աբովյանն ասաց, որ Մաշան ծնվել է մի կրկեսում, որտեղ արու փիղ չի եղել, այսինքն՝ հարսնացուն ընդհանրապես տղամարդու երես չի տեսել: Ինչ վերաբերում է հարսի եւ փեսայի տարիքային տարբերությանը, ինչպես ասում են՝ սերը տարիք չի հարցնում: Բացի այդ, անկախ այն բանից՝ Մաշան տանը մնացած մեծ աղջիկ էր, թե ոչ՝ Գրանդը ընտրության հնարավորություն չուներ: Արու փղերը 10 տարեկանում արդեն հասունանում են, այնպես որ, Գրանդը վաղուց հասուն, բայց միայնակ տղամարդ էր, որին անպայման կին էր պետք: Հիշեցնենք, որ արդեն 3 տարի է՝ նրա համար այգու տնօրինությունը հարսնացու է փնտրում, բայց ում ձեռքը խնդրում է՝ մերժում են: Այս անգամ, բարեբախտաբար, քավորին՝ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին հաջողվել է խնամիներին համոզել, որ Հայաստանում հարսին աչքի լույսի պես են նայելու: Ի վերջո, փեսայի կողմը 62 հազար դոլար գլխագնով կարողացել է Մաշային հասցնել Հայաստան: Եվս 70 հազար դոլար էլ ճանապարհածախսն է կազմել: Նկատենք, որ Մաշան արժեր այդքան զոհողությունների: Նա իսկական գեղեցկուհի է, ինչպես այգու տնօրինությունն է նկատել՝ ռուսի «ֆիգուրա» ունի՝ երկար ոտքեր, սլացիկ հասակ, գեղեցիկ, սպիտակ մաշկ:

Երեկ, երբ մենք Կենդանաբանական այգում էինք, նկատեցինք, որ հարսնացուն բավականին նիհար է: Այգու աշխատակիցներն ասացին, որ փղուհին դիետա չի պահում, պարզապես ճանապարհներին մի փոքր հյուծվել է: «Նա էշ կամ կով չի, որ հետեւին խփենք, նստացնենք մեքենան ու բերենք: Նա նախապես 1-2 ամիս ապրել է մի վանդակում, որը պետք է մտներ հատուկ ինքնաթիռ, մինչեւ սովորել է այդ վանդակին, քաշ է գցել, դարձել է 4,3 տոննա: Փղերը շատ զգայուն են, դուք էլ որ տեղներդ փոխում եք՝ մի քանի գիշեր չեք կարողանում, չէ՞, հարմարվել, քնել, մեր Մաշան էլ դեռ խամություն է քաշում»,- ասաց Սահակ Աբովյանը:

Ներկայումս Մաշան ու Գրանդիկը դեռ իրար ծանոթանում են, նրանց թեեւ մեկ ընդհանուր սենյակում են պահում, բայց մինչեւ հարսանիքը թույլ չեն տալիս շփումներն ընդլայնել, այդ պատճառով էլ ճաղավանդակով երկու զույգերն իրարից առանձնացված էին: Կարելի է ասել, նրանք դեռ ընկեր-ընկերուհու կարգավիճակում են: Չնայած դրան, Մաշան, որպես իր ապագա ամուսնուն հավատարմության եւ նվիրվածության նշան, մինչեւ ամուսնությունն արդեն փոխել է իր ազգանունը եւ դարձել Մաշա Քենդի: Քենդի ապագա ընտանիքի հարսանեկան արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Կենդանաբանական այգում: Այգու տնօրենն ասաց, որ թեեւ պահպանելու են հայկական հարսանիքի բոլոր ավանդույթները, բայց Մաշան հարսի շոր չի հագնելու. եղանակը ցուրտ է եւ հարսին չեն ուզում մրսեցնել: Ավելի ճոխ միջոցառում հավանաբար տեղի կունենա գարնանը: Այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել Մաշայի եւ Գրանդի հարսանեկան համեստ արարողությանը, կարող են արդեն «սինի» կապել ու հաջորդ կիրակի գնալ այգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել