Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»

Դեկտեմբեր 05,2007 00:00

Ըստ Երեւանի մասին օրինագծի՝ քաղաքապետը կդառնա ավագանու մեծամասնության առաջնորդը

«Երեւանի մասին» օրենքի քննարկումները երեկ խորհրդարանում ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում, քննարկումների ընթացքում 131 պատգամավորներից ներկա էր 15-ը: Մինչդեռ այս օրենքը, ինչպես նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, «փոքրիկ հեղափոխություն է իրականացնելու մեր քաղաքական կյանքի մշակույթում»: Օրենքը, ըստ ամենայնի, ամբողջությամբ կընդունվի արդեն նախագահական ընտրություններից հետո, քանի որ խորհրդարանը եւ կառավարությունը ծրագրել են առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո իրականացնել լսումներ, հանրային քննարկումներ եւ հետո միայն ընդունել օրենքն ամբողջությամբ: Այս օրենքով կունենանք Երեւանի բոլորովին նոր մոդել՝ ընտրությունների արդյունքում ձեւավորված 65 հոգանոց ավագանի, իսկ քաղաքապետարանի ընտրություններում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող գործիչը «մխանիկաբար» կդառնա մայրաքաղաքի ղեկավար: «Առավոտը» մի քանի հարց ուղղեց հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Ամենակարեւորը՝ ինչո՞ւ քաղաքապետը չի կարող ընտրվել ուղղակի ընտրության արդյունքում: Պարոն Հարությունյանը հիշեցրեց. «Մենք երկար տարիներ իշխանության կողմից ունեցել ենք լուրջ դիմադրություն քաղաքապետի ընտրությանը: Հիմա, չգիտես ինչու, ընդունված է Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելը, բայց չեմ կարող չասել, որ այն ժամանակ էլ այդ հարցը քննարկվել է եւ որոշում էր կայացվել, որ չի կարելի Երեւանում ունենալ տեղական ինքնակառավարում, որովհետեւ քաղաքապետը երկրում դառնում է լուրջ քաղաքական դեմք: Իսկ մենք, փաստորեն, այս նախագծում հաղթահարել ենք այդ բարդույթը: Մենք ընդունել ենք, որ ժողովուրդը կարող է ցուցակին ձայն տալով՝ իրականում արտահայտել իր դիրքորոշումը առաջին անձի եւ իր թիմի նկատմամբ, եւ եթե վստահության քվեն լինի լուրջ, ապա տվյալ անձը դառնում է քաղաքապետ: Իսկ սա լուրջ քայլ է դեպի ժողովրդավարություն»: Հարցրինք նաեւ, թե այս «քվազի-ընտրությամբ» ընտրված քաղաքապետին երկրի նախագահը չի՞ կարող երբեւէ ասել՝ նստել ես փողի վրա եւ փող ես ուզում (հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պաշտոնանկ անելուց առաջ նման մեղադրանք ուղղեց այսօր գործող նախագահը): Դավիթ Հարությունյանը ծիծաղեց եւ ասաց. «Նախագահը կարող է ասել՝ ինչ ինքը ուզում է, եւ քաղաքապետը կարող է իր ուզած ձեւով արձագանքել»: Մեր հաջորդ հարցին՝ նույնիսկ այս ձեւով ընտրված քաղաքապետը լուրջ մրցակից չի՞ լինելու գործող նախագահին, Դավիթ Հարությունյանն ասաց՝ «այո, քաղաքապետը կարող է լինել շատ լուրջ ուժ, եւ դա շատ կարեւոր է»: Մեր զրուցակիցը նկատեց, որ «Երեւանի քաղաքապետը ՀՀ քաղաքական դաշտում պետք է ունենա լուրջ դերակատարում»:

Վիկտոր Դալլաքյանը համամիտ է, որ քաղաքապետը լուրջ դերակատարում կունենա, սակայն եթե ընտրվի ուղղակի ընտրության արդյունքում: Իսկ ոմանք դա չեն ուզում, քանի որ այս դեպքում մեկուկես միլիոնից ավելի ընտրող ունեցող մայրաքաղաքի ընտրված ղեկավարը դառնում է երկրի նախագահի լուրջ մրցակիցը: Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ այս օրենքով «արատավոր մոդել է ստեղծվում Երեւանի կառավարման համար, քանի որ թիվ մեկ հարցը քաղաքապետի ընտրության հարցն է»: Հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ բազմիցս առաջարկ է արվել քաղաքապետի պաշտոնը դարձնել ընտրովի, սակայն դա չի ընդունվել: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, իրականում պայքար է գնում Երեւան քաղաքի համար: Եվ այդ պայքարում առկա է արատավոր երկու սկզբունք՝ ՏԻՄ ընտրությունը կուսակցականացվում է, եւ երկրորդ՝ ընտրությունը կատարվում է անուղղակի ձեւով. «Վախենում են, եթե քաղաքապետը ուղղակի ընտրվի ժողովրդի կողմից, ապա նա կարող է մրցակից դառնալ ՀՀ նախագահի համար, բայց հայտնի է, որ այս երկուսի ֆունկցիաները տարբեր են»: Պատգամավորը հիշեցրեց, որ տարբեր երկրներում նախագահները նախ եղել են նահանգապետ կամ քաղաքապետ, եւ ավելի ճիշտ կլինի, եթե քաղաքապետը ընտրվի ոչ թե «քվազի-ընտրությամբ», այլ՝ ուղղակի ընտրությամբ:

Կառավարության ներկայացուցիչ Վաղինակ Տերտերյանը ուղղակի սկզբունքային համարեց, որ ավագանու ընտրությունը պետք է տեղի ունենա բացառապես համամասնական կարգով. «Դեպի քաղաքական դաշտ գնալու առաջին նախապայմանն այն է, որ որեւէ ներկայացուցչական քաղաքական մարմին պետք է ամբողջապես ձեւավորված լինի քաղաքական ընտրության արդյունքում: Ես առավել քան վստահ եմ, որ Երեւանի ավագանու առաջին իսկ ընտրությունը ցույց կտա, որ մենք ստեղծել ենք մի մարմին, որը չի զիջի կամ մոտ կլինի այն քաղաքական աժիոտաժին, որը կա ԱԺ-ի ընտրության պարագայում: Մենք քաղաքապետին ընտրում ենք անուղղակի «քվազի-ուղղակի», այսինքն՝ մարդիկ գիտեն, թե ում են տեսնելու քաղաքապետ, եւ մաքսիմում բացառված են այն դեպքերը, երբ առաջին դեմքի որոշակի քաղաքական կշռի վրա կարելի կլինի մեկ այլ մարդ բերել քաղաքապետ»: Խմբակցություններն իրենց կարծիքը կհայտնեն այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել