Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Դեկտեմբեր 05,2007 00:00

 Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության՝ ՀՀ-ում տասը տարի բնակության մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ:

Իբրեւ հիմք ընդունվեց դեռեւս 2003-ին այս առիթով կայացված վճիռը, չնայած այն տեւական ժամանակ վիճարկվեց դատարանում, եւ ՆԺԿ ղեկավարը ներկայացրեց նոր ի հայտ եկած մի շարք հանգամանքներ: Մինչ վճռի հրապարակումը, հեռուստաալիքները ցուցադրեցին Ռոբերտ Քոչարյանի ծաղկաձորյան ելույթը, որտեղ անդրադառնալով Ա. Կարապետյանի չգրանցմանը, Ռ. Քոչարյանը վկայակոչեց նույն հիմքերը. այս առիթով Ա. Կարապետյանն «Առավոտին» կեսկատակ, կեսլուրջ ասաց. «Դատավորը կամուկացի մեջ էր, երեւի ասացին՝ հեռուստացույց նայի, Քոչարյանը քեզ կասի՝ ոնց վարվես»: Մոտակա երկու-երեք օրերի ընթացքում ՆԺԿ-ն վարչության հայտարարությամբ կտեղեկացնի իր հետագա քայլերի մասին:

Ավելի ուշ պարոն Կարապետյանը լրագրողներին պատմեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ իր հեռուստաելույթներից ազդված որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրեն հրավիրել են ԱԱԾ եւ հորդորել, որպեսզի «համակարգին խնայի» եւ չհրապարակի իր ունեցած տեղեկությունները այդ համակարգում աշխատող մի շարք ծառայողների մասին, քանզի դրանց արձագանքը մեծ է եւ սպառնում է պետականությանը: Ա. Կարապետյանը վստահեցնում է, որ իրեն չեն վախեցրել, չեն կաշառել, պարզապես լինելով պետականամետ մարդ, ՆԺ նախագահը որոշել է խնայել նրանց: Ապա՝ թե հանգուցալուծման, թե տակտիկական առումով պարոն Կարապետյանը ճիշտ է համարել, որ նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակի իր տվյալները: «Հավատացնում եմ ձեզ՝ ես կգտնեմ հրապարակելու միջոցը»,- ասաց Ա. Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել