Լրահոս
Օրվա լրահոսը

Բազեյանի անունից փողե՞ր են վերցվել

Դեկտեմբեր 05,2007 00:00

«Հակաբազեյանականներն» արձագանքում են մեղադրանքին

Երեկ «Առավոտում» Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, թե ԱՎ-ի «հակաբազեյանական» թեւում գտնվող «ոմն Հովիկ Մուրադյանն» ու Վաղարշակ Հարությունյանը տարիուկես առաջ կապված են եղել «մի տխրահռչակ սեւ ֆինանսական գործարքում»: Ըստ այդմ, Հ. Մուրադյանը Վաղարշակ Հարությունյանի դրդմամբ եւ Հունան Մազմանյանի հետ միասին յուրացրել էր $10 հազար:

Երեկ ե՛ւ Հովիկ Մուրադյանը, ե՛ւ Հունան Մազմանյանը հերքեցին Ա. Մկրտչյանի արած հայտարարությունը: «Իրականում գործարք տեղի չի ունեցել, տեղի է ունեցել գործարքի փորձ, որի գլխավոր ֆիգուրանտն ու իրագործողը եղել է Ա. Բազեյանը»,- հակադարձեց Հ. Մուրադյանը՝ հավելելով, որ անձամբ ինքը ոչ մի ցենտ ոչ մեկից չի յուրացրել: ԱՎ-ն տարիուկես առաջ լքած Հունան Մազմանյանն էլ չցանկանալով «ջուր լցնել» իր հակամարտող նախկին կուսակիցներից որեւէ մեկի ջրաղացին՝ ասաց, որ այդ «գործարքում» գործող անձը ինքն է բոլորի մոտ խոստովանել, որ եղել են «առնել-տալու» դեպքեր, եւ որ այդ գործող անձը Վաղարշակ Հարությունյանը չէ: «Բացի այդ, այսպես կոչված, ապօրինի գործարք, յուրացումը, որն այն ժամանակ կուսակցությունում անվանում էին ներդրում, ձախողվել է, եւ գործող անձը այդ գումարը ետ է վերադարձրել տիրոջը: Գործարք-ներդրումը կատարվել է ոչ թե մեկուկես, այլ՝ երկուսուկես տարի առաջ, եւ այն ժամանակ կուսակցությունում Հովիկ Մուրադյան անունով մարդ չի եղել: Գործարք-ներդրում կատարողը «Շիրակ» օդակայանի աշխատակցի բարեկամուհին էր, որը դա արել է ԱՄՆ մեկնելու գործուղում ստանալու դիմաց»,- ասաց Մազմանյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե ում է տրվել այդ «ներդրումը»:

Փոխարենը 10 հազար դոլարի պատմությունը մանրամասնեց ԱՎ նախագահ Ալբերտ Բազեյանը: Նրա պատմելով, Հ. Մազմանյանը ժամանակին իրեն դիմել էր մեկին Գյումրիի «ՀայՌուսգազարդի» գրասենյակում թափուր տեղում աշխատանքի տեղավորելու միջնորդության խնդրանքով, որին ինքը ընդառաջել էր՝ չիմանալով, որ Մազմանյանը այդ մարդուց՝ Հ. Մուրադյանից եւ էլի մեկից, կանխիկ վերցրել է 5000 դոլար, որ մնացած 10 հազարն էլ հետո ստանա՝ ասելով, որ այդ փողը բերել-տվել է Բազեյանին, իբր, որպես՝ գրասենյակային ծախսերի համար: Մի քանի ամիս անց Հ. Մուրադյանն ու էլի մեկը իրենք էին Բազեյանին ասել, որ Մազմանյանն իրենցից փող է վերցրել: Բազեյանը Հունանյանից պահանջել էր սեփական դիմումի համաձայն հեռանալ ԱՎ-ից: «Երբ այս հարցը քննարկեցի Վաղարշակի հետ, նա ատամներով սկսեց Հունանին պաշտպանել»,- ասաց Բազեյանը՝ մատնանշելով էլի դեպքեր, որոնք, նրա կարծիքով, վկայում են Մազմանյանի եւ Հարությունյանի միջեւ եղած համանման այլ գործարքների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել