Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Դեկտեմբեր 05,2007 00:00

\"\"Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ այս տվյալն է արձանագրել «Գելափի» նոր հարցումը

Կուսակցություններին են փոխանցվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, համակարգել, արդյունքներն էլ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup»-ը: Հետազոտությունը պատվիրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, ֆինանսավորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին:

Հարցման են ենթարկվել Հայաստանի 1200 չափահաս բնակիչներ: Եվ պարզվել է, որ նրանց 49%-ը գտնում է, թե երկրում գործերն ընթանում են սխալ ուղղությամբ, իսկ 41%-ը՝ որ ճիշտ ճանապարհին են: 36%-ը կարծում է, թե տնտեսական իրավիճակը երկրում վատթարանում է, իսկ 32%-ը տեսնում է, որ տնտեսությունը բարելավվում է: 34%-ն ասել է, որ իրենց ընտանիքի ֆինանսական վիճակը վատթարացել է, իսկ 17%-ը՝ բարելավվել: Ընդ որում՝ 50%-ը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք ստանո՞ւմ է դրամական օգնություն արտասահմանում աշխատող ընկերներից կամ բարեկամներից:

Ըստ հարցման մասնակիցների՝ երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից է գործազրկությունը՝ 41%, սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ 31%, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ 19%: Իշխանափոխությունը եւ ընտրությունները գլխավոր խնդիր է համարել հարցվածների 3%-ը:

65%-ի համար իբրեւ սոցիալական բողոքի ձեւ անընդունելի են չարտոնված ցույցերը, 67%-ի համար՝ չարտոնված գործադուլները եւ 81%-ի համար՝ շենքեր ու հաստատություններ գրավելը: Մի խոսքով, մեր բնակչությունը «միայն սահմանադրական ճանապարհով գնալու» կողմնակից է:

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն առաջին հերթին, որ ստանան ՀՀ բնակչության մեծամասնության աջակցությունը՝ 32%-ը պատասխանել է, թե նրանք պիտի ստեղծեն աշխատատեղեր, 22%-ը՝ ավելացնեն աշխատավարձերը եւ թոշակները, իսկ 20%-ը, թե նրանք պիտի բարելավեն սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ժողովրդավարությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելը կարեւորել է ընդամենը 3%-ը: Նկատենք, որ ավանդների վերադարձն իշխանություններին աջակցելու նախապայման է դիտել էլի միայն 3%-ը:

Այս տվյալները զարմանալի են այն պայմաններում, երբ այս հարցմամբ քաղաքականությամբ հետաքրքրվողների բավական բարձր տոկոս է արձանագրվել՝ 41: Նման բարձր ցուցանիշ չի եղել նախորդ 5 հարցումներից եւ ոչ մեկի ժամանակ: Բացի այդ՝ հետազոտության մեկ այլ բաժնում տրված հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի համար կարեւոր մոտ ապագայում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ 69%-ը պատասխանել է, թե դա շատ կարեւոր է, իսկ 25%-ը՝ «ավելի շուտ՝ կարեւոր է»: Ընդամենը 4%-ն է պատասխանել, թե դա ամենեւին կարեւոր չէ: Համադրեք այս տվյալները վերոհիշյալ արդյունքի հետ, թե քանի տոկոսն է ԼՂ հիմնախնդիրը լուծելը համարում իշխանություններին աջակցելու նախապայման:

Այս հարցումից էլի տվյալներ մեջբերենք ԼՂ-ի վերաբերյալ. 49%-ն այն տեսնում է իբրեւ ապագայում մեր մարզերից մեկը, 28%-ը՝ իբրեւ ինքնավար մի մարզ՝ Հայաստանի կազմում, 23%-ը՝ անկախ պետություն: Եվ զրո տոկոս՝ այսպիսին է արդյունքը, թե քանիսն են ԼՂ-ն տեսնում իբրեւ Ադրբեջանի մաս: Այս ամենով հանդերձ՝ մեր հասարակության 79%-ը կարծում է, թե ԼՂ կարգավիճակը պիտի որոշվի խաղաղ բանակցությունների միջոցով, ու միայն 18%-ը՝ «անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ուժի կիրառմամբ»:

Հայաստանի իշխանությունների անցած տարվա ընթացքում թույլ տված ամենամեծ սխալները, ըստ այս հարցմանը մասնակցած քաղաքացիների, գների աճը չկանխելն է՝ 33%, կոռուպցիայի դեմ անբավարար պայքարը՝ 11%, տնտեսական խնդիրները՝ 8%: Օրենքներն անտեսելը կարեւորել է միայն 4%-ը, օրենքները խախտելն էլ մեծ սխալ է համարել 2%-ը: Թեեւ 68%-ը պատասխանել է, որ օրինախախտումներն ու քաղաքական գործիչների, իշխանությունների կոռումպացվածությունը «շատ լուրջ խնդիր» են, իսկ 24%-ը, որ դա բավականաչափ լուրջ խնդիր է: Կառավարության նկատմամբ բացասական վերաբերմունք ունի մեր հասարակության 56%-ը, իսկ գործադիր իշխանությանը վստահում է 39%-ը: Նախագահի աշխատակազմին վստահում է 49%-ը, բացասական վերաբերմունք ունի՝ 46%-ը: Կուսակցություններին վստահում է ընդամենը 35%-ը, իսկ բացասաբար է վերաբերվում 62%-ը:

Մեջբերենք հետազոտության այն տվյալները, որոնք վերաբերում են մեր ժամանակների հերոսներին: Այստեղ առաջատարը շարունակում է մնալ Վազգեն Սարգսյանը՝ 16%, 2-րդ տեղում Անդրանիկն է՝ 14%, 3-րդը Կարեն Դեմիրճյանն է՝ 11%: Ազգային հերոսների շարքում հայտնվել է նոր պերսոնաժ՝ Սերժ Սարգսյանը, որի անունը տվել է հարցման մասնակիցների 2%-ը:

Վերջում նշենք, որ հարցին՝ «Վախենո՞ւմ են Հայաստանի բնակիչները բաց արտահայտել իրենց քաղաքական հայացքները», 31%-ը պատասխանել է. «Մեծամասնությունը վախենում է», իսկ 28%-ը՝ որ շատերն են վախենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել