Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասիսից մինչեւ «Փոքրիկ իշխան»

Դեկտեմբեր 04,2007 00:00

Երեխաներին սպասվում են Ամանորի տարաբնույթ ներկայացումներ

«Առավոտը» հանրապետության թատրոնների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչ կարող են ակնկալել մեր մանուկները՝ Ամանորի տոներին:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ասաց, որ իրենք այս տարի Ամանորի ներկայացում չեն ունենալու՝ լուսային, ձայնային եւ բեմի տեխնիկան ահավոր վիճակում է, թատրոնը՝ հիմնանորոգման:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի խոսքերով՝ իրենք նորտարիներին «գրդոն» չեն անում՝ թատրոնի տանիքը պիտի վերանորոգեն. «Թեեւ «Գոյի» երիտասարդական ստուդիայի դերասանները Ամանորի ներկայացումներ կխաղան հանրապետության տարբեր մարզերում»:

«Փոսի» թատրոնի տնօրեն Էդիկ Հակոբյանն էլ ասաց, որ իրենց թատրոնը դեռ չի ջեռուցվում, խոստացել են առաջիկա օրերին լուծել այդ հարցը. «Երբ խոստումը կատարեն, մենք պատրաստ ենք հրավիրել երեխաներին թատրոն: Վաղօրոք դրա մասին անպայման կհայտարարենք: Թե չէ սառը դահլիճում իրավունք չունենք երեխաներին բերել ու հիվանդացնել»:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով իրենց հանդիսատեսի խնդրանքն ու պահանջը, տոնական օրերին սունդուկյանցիները կներկայացնեն դեռեւս երկու տարի առաջ իր եւ Եվգենի Սաֆրոնովի բեմադրած «Ամանորի հրաշքները խաղալիքների աշխարհում» ներկայացումը:

Ամանորին հատուկ բեմադրություն է իրականացրել Պատանի հանդիսատեսի թատրոնը: Դա Վիգեն Ստեփանյանի սցենարով եւ բեմադրությամբ «Պարոն լրտեսի վերջին գործը» մյուզիքլն է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հավաստիացրեց, որ դա այնքան վառ աշխատանք է, որ հետագայում իր տեղը կգտնի թատրոնի խաղացանկում:

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ առաջիկայում ինքը թողնելու է իր պաշտոնը՝ հեռանալով թատրոնից, սակայն դա չի խանգարի, որ բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանի «Մեծ անտառի զավակները» ներկայացումից փոքրիկ հանդիսատեսը գոհ հեռանա:

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի փոխանցմամբ, կներկայացնեն Ռ. Խոսրոեւի բեմադրությամբ Ս. Խալաթյանի «Հավերժության գաղտնիքը» պատմական պիեսը. «Չենք ուզում ներկայացնել ավանդական դարձած փանոսներին-մանոսներին: Նշածս ներկայացումը Մասիսի ֆոնի վրա է: Խորը պատմական չէ, բայց ուսուցողական է: Այն նախատեսված է 4-8-րդ դասարանցիների համար, իսկ տարրական դասարանի աշակերտները կհաճախեն մեր քաղաքի Տիկնիկային թատրոնի պատրաստած ներկայացմանը»:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էլ կհրավիրի «Ուրախ դիմակահանդեսի»՝ ըստ Լ. Մանգասարովայի եւ Ա. Սիմոնյանի:

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ըստ վերջինիս գեղարվեստական ղեկավար Ա. Խանդիկյանի, պատրաստել է Հովհ. Թեքգյոզյանի «Երջանկության բանալի» հեքիաթը. «Երեխաները կհանդիպեն բարուն ու չարին եւ, ինչպես միշտ, կհաղթի բարին»:

Խամաճիկների թատրոնում կներկայացվի ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով՝ Աննա Էլբակյանի սցենարով ու ռեժիսուրայով «Ձմեռային հեքիաթը», որը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Էլբակյանի հավաստմամբ, պարզապես հանդես չէ, այլ նորմալ ներկայացում:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանն էլ հայտնեց, որ դպրոցականները կդիտեն Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը». «Բացի սրանից, նաեւ այլ ներկայացման փորձեր են գնում: Աշխատելու ենք անմիջական շփում առաջացնել դերասանների ու երեխաների միջեւ՝ մեսրոպյան տառերի միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել