Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 04,2007 00:00

\"\"Ինչու էր կրակել «Մուլտի գրուպի» թիկնապահը

Այս տարվա օգոստոսի 6-ին, 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի պաշտպանության տակ գտնվող տարածքում սպանվեց ռուս զինծառայող Դիմիտրի Երմոլովը: Օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցեց քրեական գործ՝ «Մուլտի գրուպի» թիկնապահներ Արտեմ Անդրեասյանի եւ Գոռ Բալյանի նկատմամբ, որոնց պաշտպանությունը մինչ օրս իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանը:

Երեկ «Առավոտը» փորձեց իմանալ, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի վարույթը, քանի որ թիկնապահների կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով: Ըստ էության, նրանք 4 ամիս է, ինչ գտնվում են անազատության մեջ:

Փաստաբան Ե. Ազարյանը տեղեկացրեց, որ դեռ օգոստոսի 31-ին միջնորդությամբ դիմել էր քննչական խմբի ղեկավար Արիս Երեմյանին, խնդրել էր, որ դիտավորյալ սպանության մեղադրանքը վերացվի: Սեպտեմբերի 24-ին քննիչը որոշում էր կայացրել Գ. Բալյանին առաջադրված մեղադրանքի մասով («խուլիգանական դրդումներով կատարված սպանություն«) կարճել վարույթը` հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ: Նույն օրը, քննչական խմբի ղեկավարի մեկ այլ որոշմամբ, մեղադրանք է առաջադրվում երկուսին էլ՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու եւ թեթեւ վնաս հասցնելու հոդվածներով: Ի դեպ, Գոռ Բալյանը այս երկու հոդվածներով իրեն լիովին մեղավոր է ճանաչում եւ տալիս խոստովանական ցուցմունքներ: Իսկ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն հոդվածը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նա չի ընդունում:

Երեկ Ե. Ազարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ օրեր առաջ դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նրա կարծիքով, իր պաշտպանյալ Գ. Բալյանի գործողությունները պետք է որակվեն անհրաժեշտ պաշտպանության սահմաններն անցնելու հատկանիշներով, քանի որ, ըստ նրա, «Բալյանն անմիջական սպառնալիքը իրենից հեռացնելու եւ իր անձը պաշտպանելու համար կատարել է գործողություններ՝ ենթադրելով, թե գործում է կարծեցյալ պաշտպանության սահմաններում: Նրա կողմից արձակված կրակոցները պայմանավորված են եղել գործով մեղադրյալ Արտեմ Անդրեասյանի օդ կրակելով եւ դեպի իր կողմն ընթացող մեքենայի կտրուկ շրջադարձով»: Նշենք, որ այդ մեքենայում («Վազ 21 01», 210 ԼԼ 884) են գտնվել զինվորականներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, Դենիս եւ Դմիտրի Երմոլով եղբայրները: «Գոռը շրջվել է դեպի կրակոցը, նկատել դեպի իրեն ընթացող մեքենան: Ահա թե ինչու նրա մոտ տպավորություն է ստեղծվել, թե իրեն կրակում են մեքենայի ներսից, մանավանդ մեքենայի ապակիները եղել են բաց, իսկ ուղեւորները՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ»,- ասում է հայ փաստաբանը:

Փաստաբանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալներից Գոռը կայուն անձնավորություն է, նախկինում աշխատել է ռազմական ոստիկանությունում. «Նկատի ունենալով, որ նա զենքին տիրապետելու հմտություններ ուներ եւ նման իրավիճակի փորձ, կրակել էր վերեւից ներքեւ», այսինքն՝ մեքենայի անվադողերին, ինչը հաստատվել է դատաձգաբանական փորձաքննությամբ էլ: «Նախաքննության ընթացքում չեն պարզվել ստեղծված անկանխատեսելի իրավիճակում անձի հոգեբանական առանձնահատկությունները, հաշվի չի առնվել, որ իրադարձությունը փոխել է իրադրությունը»,- ասում է փաստաբանը: «Նկատի ունենալով, որ Բալյանն իրեն վերապահված իրավասության շրջանակներում օժտված է եղել ծառայողական իրավասություններով, կարծում եմ՝ կարիք կա գնահատել սոցիալ-հոգեբանական գործոնները, դրանց առաջացումը երրորդ անձանց առկայությամբ, այս գործով ներգրավել հոգեբան-մասնագետի»,- գլխավոր դատախազին միջնորդում է Բալյանի պաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել