Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»

Դեկտեմբեր 04,2007 00:00

\"\"Շատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում:

«Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե մի քանի վայրկյան զգան այն անկարող ու հոգեպես ճնշված վիճակը, որ ապրում ենք մշտապես, թող ներկաները փորձեն անվասայլակով մի քանի աստիճան բարձրանալ»,- երեկ Հաշմանդամների միջազգային օրվա առիթով կազմակերպված ակցիայի ժամանակ հաշմանդամներն այս խոսքերով էին դիմավորում հրավիրվածներին ու առաջարկում հաշմանդամի սայլակով Թեքեյան կենտրոնի մուտքի ընդամենը 6 աստիճաններով բարձրանալ շենք: Թեքեյան կենտրոնում «Ունիսոն» հասարակական կազմակերպության միջոցառմանը հրավիրված էին նաեւ Ազգային ժողովի, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Սակայն, բացի մի քանի հ/կ-ներից եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից, ոչ մի պետական պաշտոնյա հարկ չէր համարել ներկա լինելու միջոցառմանը: Նկատենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ անվասայլակով շենք մտնելուն առանձնապես ուշադրություն չդարձրեց եւ իր ոտքով մտավ շենք: Մարդկանց հորդորելով հաշմանդամների հանդեպ ուշադիր լինել՝ Ա. Հարությունյանը հեռացավ:

30-ամյա Շուշանիկ Նահապետյանն արդեն 17 տարի հաշմանդամ է ու առանց կողմնակի օգնության՝ ոչ մի քայլ ի վիճակի չէ անել: Իր իսկ խոսքերով՝ ոտքերին անվասայլակն է փոխարինում. «Ուզում ենք լիարժեք մարդ, ոչ թե բեռ լինել: Բայց ինչպե՞ս կարող ենք, երբ փողոցում մի մայթից մյուսն անգամ ինքնուրույն անցնելու հնարավորություն չունենք: Ամբողջ քաղաքում շինարարություն են անում, բայց մեզ համար 2 վեդրո ավազն ու ցեմենտն ափսոսում են, որ շենքերի մուտքերում կամ փողոցներում թեքահարթակներ կառուցեն: Ինչքա՞ն կարելի է ամբողջ կյանքում միշտ ինչ-որ մեկից կախված լինել»: Շ. Նահապետյանը դժգոհում էր նաեւ հասարակության վերաբերմունքից: Նրա ներկայացմամբ՝ մարդիկ մոտենում ու շատ ցավակցական հայացքով հարցնում են՝ ջահել, սիրուն աղջիկ ես, էդ ո՞նց ա պատահել, որ էդ վիճակին ես: Շուշանիկն «Առավոտի» հետ զրույցում պատմեց նաեւ, որ աշխատանք փնտրելիս էլ իրենք մշտապես շատ տհաճ ու վիրավորական վիճակների մեջ են ընկնում. «Շատ են դեպքեր լինում, երբ, ասենք, համապատասխանում ես իրենց պահանջներին, բայց ասում են՝ գիտես, շատ լավ մասնագետ ես, բայց էդ տեսքով քեզ չենք կարող աշխատանքի վերցնել: Հաշմանդամության համար մեզ ընդամենը 5900 դրամ թոշակ են տալիս: Բա եթե չաշխատենք, էդ գումարով ո՞նց ապրենք»: Նրա ներկայացմամբ՝ հաշմանդամները երազում են Եվրոպա մեկնել, քանի որ իրենց կարգավիճակի մարդկանց էնտեղ լավ են վերաբերվում, բարձր թոշակ են տալիս, իսկ խանութներ այցելելու կամ տրանսպորտից օգտվելու խնդիր ընդհանրապես չի լինում:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա 156 հազար 800 հաշմանդամ, որոնց միայն 8%-ն աշխատանք ունի: Մեզ հետ զրույցում հաշմանդամները հավաստիացնում էին, որ Հայաստանի գործատուներն իրենց հետ շատ վատ են վերաբերվում, ու նույնիսկ զարմանում են, որ համարձակվել են դիմել իրենց: Ըստ նրանց, Հայաստանում միակ ընկերությունը, որ իրենց հետ լավ է վերաբերվում ու իր մասնագիտական պահանջներին համապատասխանելու դեպքում իրենց գործի է ընդունում՝ «ՎիվաՍելլն» է, որտեղ ներկայումս 10 հաշմանդամ է աշխատում: Գոհար Ստեփանյանը 2 ամիս առաջ է այդ ընկերությունում աշխատանքի ընդունվել: Նա շատ գոհ է թե՛ գործընկերների, թե՛ ղեկավարության վերաբերմունքից: Միայն դժգոհում է, որ աշխատանքի գնալիս տրանսպորտի հետ կապված խնդիրներ է ունենում, որի պատճառով երբեմն ուշանում է. «Երթուղային տաքսիներից կամ ավտոբուսներից օգտվելը, բնականաբար, բացառվում է, անվասայլակով բարձրանալու համար ոչ մի հարմարանք չկա: Տաքսի էլ որ զանգում ենք, գալիս են, մի վարորդ օգնում ու սուսուփուս տանում է, մեկն էլ ասում է, որ անվասայլակի տեղ չունի ու հետ է գնում»: Ստացվում է, որ հաշմանդամների տեղաշարժվելն ու աշխատանքի գնալն անմիջականորեն կախված է տաքսիների վարորդների բարեգթությունից: Ներկայումս շատ տաքսիների բեռնախցիկներում գազի բալոններ են տեղադրված, ուստի «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի պատմելով՝ վարորդները հաճախ բեռնախցիկում տեղ չլինելու պատճառաբանությամբ հրաժարվում են հաշմանդամներին տեղափոխել ու ավելորդ ջանք թափել՝ նրանց նստեցնել-իջեցնելու եւ սայլակը մեքենայում տեղավորելու համար: «Մտավոր հետամնացությունը վտանգավոր եւ վարակիչ չէ, սակայն միայն այն բանի համար, որ նրանք արտաքնապես մի քիչ ուրիշ են, վարորդներն արգելում են նրանց տրանսպորտ բարձրանալ: Կամ եթե տվյալ տաքսի ծառայության աշխատակիցները մեզ ճանաչում են, ապա անմիջապես խուսափում են մեր պատվերն ընդունելուց»,- ասաց Ա. Ալավերդյանը: Ըստ նրա, Հայաստանում հաշմանդամների անվճար բուժօգնության հարցը եւս լուծված չէ. «Հիվանդանոցում բժիշկներն անվճար դեղը տալիս են ու ասում, որ դա լավը չի ու չի օգնի, իսկ եթե ուզում ենք բուժվել՝ պետք է վճարովի դեղեր վերցնենք»: Ա. Ալավերդյանի ներկայացմամբ՝ «Պետության կողմից հաշմանդամներին անվճար տրամադրվող սայլակներն ու լսողական ապարատներն էլ խիստ անորակ են եւ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ հետն են հանում»:

Համաձայն «Հաշմանդամների իրավունքների միջազգային մոնիտոր» կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի, 14 երկրների մեջ հաշմանդամների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը հինգերորդ, իսկ Թուրքիան՝ վերջին տեղում է: Սակայն «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի կարծիքով, մեր երկիրն այսքան լավ դիրքերում է, որովհետեւ ունենք հաշմանդամներին իրավական առումով պաշտպանող բոլոր օրենքները, բայց դրանք ձեւական են եւ գործնականում չեն կիրառվում: «Եթե այսպես շարունակենք խոսել ու ոչինչ չանել, ապա մյուս տարի ստիպված կլինենք համեմատվել ցուցակի վերջին տեղը զբաղեցնող Թուրքիայի հետ»,- կարծում է Ա. Ալավերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել