Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԵՎ ԴԻՄԱՆԱԼ»

Դեկտեմբեր 04,2007 00:00

Ասաց Արթուր Բաղդասարյանը, որին երեկ ՕԵԿ համագումարը բաց քվեարկությամբ եւ միաձայն առաջադրեց նախագահի թեկնածու:

«Քիչ են Հայաստանում կուսակցությունները, որոնք անցել են ճանապարհ թե՛ ընդդիմադիր դաշտում գործունեության եւ թե՛ իշխանության մեջ: Եվ ՀՅԴ-ի համար քիչ են այնպիսի դաշնակից կուսակցությունները, որոնց հետ մենք համագործակցել ենք թե՛ որպես իշխանության, կոալիցիայի մաս, ու նաեւ այսօր, երբ որ մենք կարծես թե գտնվում ենք տարբեր բեւեռներում»,- երեկ ողջույնի խոսքով հանդես գալով «Օրինաց երկիր» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարի 650 պատվիրակների առջեւ՝ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Իշխանությանը մաս կազմող ուժերից ՀՅԴ-ն միակն էր, որը հրավիրվել էր ՕԵԿ համագումարին:

Մեր կողմից հավելենք՝ քիչ են Հայաստանում կուսակցությունները, որոնց շարքերում կարծես անձի պաշտամունք է հաստատված իրենց առաջնորդի հանդեպ: Արթուր Բաղդասարյանին երեկ դիմավորում էին նրա պատկերով պաստառներով: Նրան Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը համագումարի պատվիրակները մի քանի անգամ ողջունեցին հոտնկայս ծափահարություններով եւ «հաղթանակ» ու «Ար-թուր նա-խա-գահ» բացականչություններով: Նույն կերպ մի քանի անգամ ընդհատվեց նաեւ Արթուր Բաղդասարյանի ծրագրային ելույթը: Իսկ ՕԵԿ անդամների ելույթները ներբողներ էին իրենց առաջնորդի հասցեին: Ասենք, ՕԵԿ կանանց միության ներկայացուցիչ Մելորա Չախմախչյանն ասաց, թե Պարույր Սեւակի խոսքերը՝ «Մարդ կա, աշխարհն է շալակած տանում, կարծես թե ձե՛ր մասին է»:

Նման բարձր գնահատականի արժանացած ՕԵԿ նախագահը ելույթում մասնավորապես ասաց. «Անազատ եւ անարդար հասարակությունն անազատ եւ անարդար իշխանության արդյունք է. այն իշխանության, որը ծնվում է ոչ ժողովրդից, այլ նույն իշխանությունից, որի բովանդակությունը վերջին 15 տարիներին այդպես էլ չփոխվեց: Այդ իսկ պատճառով էլ մենք այսօր ունենք երեւութական մի երկիր, ուր հռչակվում է ժողովրդավարություն, բայց իրականում բանտարկվում է ազատ խոսքը, ուր հռչակվում է անկախ դատական իշխանություն, բայց վերահսկվում է արդարադատությունը, ուր հռչակվում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց շահութաբեր ոլորտները բաժանվում են կլանային խմբավորումների միջեւ, ուր խոսվում է արդար ընտրություններով ստացած քվեների մասին, բայց ամբողջ երկրում աճուրդի են հանվում աղքատության մատնված ժողովրդի քվեները, ուր խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անպատիժ են մնում բոլորին տեսանելի ու հայտնի կոռուպցիոն հայրերը, որ բազմել են պետական կառույցները եկամտի աղբյուր դարձրած առանձին ոլորտներում»:

Արթուր Բաղդասարյանն իր քննադատության ժամանակահատված էր ընտրել Հայաստանի անկախության ամբողջ շրջանը: Ասենք, նաեւ նշեց. «Վերջին 15 տարում ամեն ինչ արվել է իշխանությունների ղեկին մնալու համար՝ անկախ ժողովրդի կարծիքից ու սոցիալական բեւեռացումից»:

Եվ այս համատեքստում նա բացատրեց, թե ինչու չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ոչ միայն նրա համար, որ մենք երկիրը ավազակապետություն չենք համարում, մեր անցած ուղին եւս, այլ նաեւ գնահատելով նույն Տեր-Պետրոսյանի կատարած ներդրումը մեր պետականության կայացման գործում՝ դեմ ենք պետա-իշխանական համակարգը հիմնովին կազմաքանդելու մոտեցմանը: Լավ թե վատ՝ կառուցել ենք մի երկիր, որն այսօր ինքնիշխան է, եւ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում կախված է մեր եռագույնը՝ իբրեւ մեր ինքնիշխանության խորհրդանիշ»: Սակայն չմիանալով հանդերձ, Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե պատրաստ են համագործակցության, ընդ որում՝ բոլոր առողջ ուժերի հետ, որոնք պատրաստ են իրապես պայքարել երկիրը բարեփոխելու համար:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՕԵԿ-ը չի կարող պաշտպանել «իշխանությունն ամեն գնով վերարտադրելու ձգտում ունեցող մյուս բեւեռին»՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, թե ներկայիս կառավարումն է Հայաստանին հանգեցրել այն վիճակին, որ երկիրը դարձել է անմրցունակ:

Եվ նման հաստատումներից հետո ՕԵԿ նախագահը նշեց, թե մեր ընտրողների առջեւ ոչ դյուրին ընտրություն է. «Ընտրել նախկի՞նը, որ մենք տեսել ենք, ընտրել դժվարին եւ խարխուլ հիմքերով ներկա՞ն, թե՞ համաձայնություն ունենալու քվեարկելու մեր ապագայի օգտին, որ գալու է շատ շուտով՝ հաշված օրեր անց: Գալու է եւ մեզ առաջարկելու է բոլորովին նոր Հայաստան, մեր կյանքը փոխելու բազմաթիվ նոր ու լավ հնարավորություններ»: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Հայաստանը պետք է հաղթի: Դրա համար ես պատրաստ եմ զոհաբերել եւ դիմանալ, աշխատել եւ պայքարել այնպես, կարծես ողջ պայքարի հարցը կախված է հենց ինձանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել