Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ»

Դեկտեմբեր 04,2007 00:00

\"\"«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը բացահայտում է իր նախկին կուսակիցների մեղքերը:

– Ձեր՝ արդեն նախկին կուսակիցները կամ կուսակցության մյուս թեւը պնդում է, որ դեկտեմբերի 5-ին հրավիրվելիք «ԱՎ» համագումարն ապօրինի համագումար է եւ դուք ոչ մի իրավունք չունեք այն անցկացնելու:

– Այդ համագումարը լիովին օրինական համագումար է, եւ ցավում եմ, որ այս լուրջ իրադարձությունների ժամանակ ստիպված եմ անլուրջ մարդկանց հերյուրանքներին պատասխանել, բայց որպեսզի հասարակությունը լիարժեք տեղեկացված լինի՝ կխոսեմ միայն փաստերով: Մենք ղեկավարվում ենք միմիայն կուսակցության կանոնադրութամբ եւ գործող օրենքներով: Այդ «թեւ» կոչեցյալը իրականում բաղկացած է լավագույն դեպքում 2 տասնյակ անձերից, որոնք էլ իրար հետ կապված են ազգակցական կապերով: Խոսքը Վաղարշակ Հարությունյանի, Թոռնիկ Թումանյանի եւ Սիմոն Գրիգորյանի մասին է, որը, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ոչ թե ղեկավարում է Արագածոտնի տարածքային կազմակերպությունը, այլ Աշտարակ քաղաքի Պետրոսյան փողոցի կառույցի ղեկավարն է, այսինքն՝ իր իսկ ընտանիքի անդամների ղեկավարը: Վերջին շաբաթների ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել այս մարզի Ուշի, Կարպի, Փարպի գյուղերի բնակիչների, Ապարանի տարածաշրջանի գյուղերի կուսակցականների հետ, որոնք ուղղակի զարմացել էին, որ նման մարդը իրեն իրավունք է վերապահել այդպիսի հայտարարություններ անել, որովհետեւ նա իրենց միշտ վատ վիճակի մեջ է դրել: Օրինակ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ ուղղակի քարոզել է «այո» ասել Սահմանադրությանը, եւ դրանից հետո նրա շրջապատից ոմանք աշխատանքի նշանակվեցին իրենց մարզում, դա նույն ժամանակն է, երբ նույն անձնավորությունն ամեն օր մաշեցնում էր գլխավոր դատախազի եւ դատախազի տեղակալի ընդունարանի կահույքը՝ փորձելով լուծել իր իսկ «սանտեխնիկայի» հարցերը: Մանրամասները կարող ենք նաեւ հետագայում հրապարակել: Իսկ Վաղարշակ Հարությունյանին, ով պնդում է, որ ինքը ընդգրկված է եղել Թոռնիկ Թումանյանի կազմակերպությունում, ուղղակի ուզում ենք հիշեցնել, որ ինքը՝ Վաղարշակ Հարությունյանը, մեզ ներկայացրել է անձնագիր, ըստ որի՝ նա գրանցված է Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 18 շենքի 9 բնակարանում, փաստացի նա նաեւ ապրում է այդ հասցեում: Իհարկե, նա կարող է նաեւ այլ անձնագիր բերել, որտեղ գրանցված կարող է լինել, ասենք, Բորվիխայում եւ ասել, որ ինքը Բորվիխայի կազմակերպության անդամ է եւ իրեն կուսակցությունից կարող է հեռացնել միայն այս կազմակերպությունը, բայց դա իր խնդիրն է: Իսկ պնդումը, որ իբր Շիրակի մարզային կազմակերպությունը եւս իրենց հետ է, դա անհեթեթություն է: Այնտեղից ոմն Հովիկ Մուրադյան է իրենց հետ, որը շատ տխուր կենսագրություն ունի, եւ սրանով վերջնականապես բացահայտվեց մի տխրահռչակ սեւ ֆինանսական գործարքում նրա եւ Վաղարշակ Հարությունյանի կապը, որը տեղի է ունեցել տարիուկես առաջ: Խոսքն այն մասին է, որ նույն Մուրադյանը, կատարելով բարոյական հանցագործություն, Վաղարշակ Հարությունյանի դրդմամբ յուրացրել էր 10 հազար ԱՄՆ դոլար նույն Հունան Մազմանյանի հետ միասին: Ի պատիվ վերջինիս, պետք է ասեմ, որ նա մինչեւ վերջ այդպես էլ չխոստովանեց, որ գործել է Վաղարշակ Հարությունյանի հետ:

– Այս ամբողջ աղմուկը ձեր կուսակցության ներսում ծագեց, երբ Ալբերտ Բազեյանը որոշեց «Դաշինք» կուսակցության հետ միավորվել ՀՌԱԿ-ի մեջ։ Սակայն ակնհայտ է, որ նույն ՀՌԱԿ-ը եւ Սամվել Բաբայանը պաշտպանելու են վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Փաստորեն, դուք ե՞ւս պետք է լծվեք այդ սուրբ գործին:

– Մենք մեր սկզբունքները չենք փոխել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ մեզ համար հիմնական հարցը մնում է Ղարաբաղի խնդիրը: Ինչ վերաբերում է, թե ում ենք սատարելու, ապա վերջին շրջանի մեր բավականին ակտիվ հանդիպումների ընթացքում շատ լուրջ վերապահում է եղել՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Մենք ոչ մի կերպ չենք ուզում, որ մեր այս միավորումը կապվի նախագահական ընտրությունների հետ: Եվ մենք որոշել ենք առանձին-առանձին հայտարարություն չանել, թե ում ենք սատարելու նախագահական ընտրություններում: Ինձ թվում է, ճիշտ կլինի, որ միասնական որոշում հրապարակվի նախագահական ընտրությունների մասին, եւ մենք հրապարակենք այն անունը, որին կպաշտպանենք: Չեմ բացառում, որ ընդհանրապես անգամ այդպիսի հայտարարություն չարվի, այլ փորձենք այլ լուծում տալ:

– Սակայն դուք պատրաստվում եք միավորվել երկու այն ուժերի հետ, որոնց ղեկավարները՝ ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Հարություն Առաքելյանը, կարծես չեն թաքցնում իրենց համակրանքը Սերժ Սարգսյան թեկնածուի հանդեպ, ուրեմն՝ նաեւ դո՞ւք եք նրան սատարելու:

– Շատ դժվար հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ, քաղաքականության մեջ ոչինչ չենք բացառում, հնարավոր են ցանկացած զարգացումներ, եւ հնարավոր է, որ ձեր նշած գործիչները շատ այլ կեցվածք ընդունեն՝ ելնելով տվյալ պահից եւ պետության շահից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել