Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 

ՊԵՐՃԱԽՈՍ ԹՎԱԿԱՆՆԵՐ

Էդ պահին հանկարծակի միտքս պայծառացավ, ու անմիջապես հասկացա, որ էդ քարտեզը կարող է ինձ փրկել, եւ գրավաճառից էդ քարտեզը խլելով՝ բացեցի ու սկսեցի Փարիզի կենտրոնի փողոցները տնտղել, եւ Իտալական փողոցից անմիջապես հետո Գեներալ Լոտիեի անունն աչքիս խփեց, եւ ես գրավաճառի ուսին խփելով՝ երջանկացած բացականչեցի՝ «Գեներալ Լոտիե՜», եւ ինքը երեւի կարծեց՝ Գեներալ Լոտիեի մասին գիրք եմ ուզում, եւ մեղավոր ու խեղճացած ասաց՝ «նո՛ Ղոտիե», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ասացի՝ «գուդ», եւ գրավաճառն անգլերեն թե ֆրանսերեն ինչ-որ բան ասաց, բայց ես այլեւս իրեն չէի լսում, եւ գրպանիցս թուղթ ու գրիչ հանելով՝ ֆրանսերեն տառ առ տառ արտագրեցի գեներալի անունն ու հենց էդ պահին գեներալի անվան կողքին աչքովս ընկավ Monparnas-ը, եւ Monparnas-ը նույնպես տառ առ տառ արտագրելով՝ ձեռքը սեղմեցի ու ասացի՝ «մեղսի բոկու, գուդ բայ», եւ զարմացած գրավաճառը ժպտաց ու ասաց՝ «գուդ բայ», եւ ես երջանկացած դուրս թռա գրախանութից եւ պատահածս առաջին անցորդին թուղթս դեմ արի, եւ էդ անցորդը, որ ակնոցավոր ու մորուքավոր մի բիձուկ էր եւ շատ նման էր Տրոցկուն, բարձրաձայն կարդաց Գեներալ Լոտիե եւ Մոնպառնաս բառերը, շատ սիրալիր ժպտաց եւ ձեռքն օդի մեջ կտրուկ առաջ տանելով՝ ֆրանսերեն ինչ-որ բան ասաց, որն ինձ համար հեչ կարեւոր չէր, որովհետեւ բիձուկի ձեռքի շարժումից հստակ հասկացա, որ գրախանութի անկյունից սկսվող փողոցով մինչեւ վերջ պիտի ուղիղ գնամ, եւ իր ձեռքը շատ ամուր սեղմեցի ու ասացի՝ «մեղսի բոկու», եւ մինչ զարմացած բիձուկն աչքերը կճպճպացներ, ես սլացա իր ցույց տված ուղղությամբ եւ ճանապարհին մտածում էի՝ ինչ լավ է, որ մոտս թուղթուգրիչ կար, թե չէ՝ մի ժամ էլ բիձուկին պիտի ասելիքս բացատրեի, եւ մշտապես մոտս թուղթուգրիչ պահելու սովորությունս դեռեւս բանաստեղծ եղածս ժամանակներից է գալիս. մշտապես մոտս թուղթուգրիչ էի պահում, ու հենց մտքումս մի հետաքրքիր տող էր ծագում, անմիջապես գրպանիցս թուղթս ու գրիչս հանում էի ու գրի էի առնում էդ պահի բանաստեղծական տվայտանքս, եւ չնայած արձակի անցնելուց հետո փողոցներում ու ոտի վրա բան չեմ գրում, բայց գրպանումս մշտապես թուղթուգրիչ ունենալու էդ սովորությունը պահել եմ, ու էդպես՝ մորուքավոր ու ակնոցավոր բիձուկի ցույց տված ուղղությամբ երջանիկ ու ինքնագոհ առաջանալով՝ ամեն ինչից ու հատկապես ինձանից էի գոհ, որ միանգամայն ինքնուրույն դուրս պրծա էդ, ուրեմն, լաբիրինթոսից, ու էդ պահին մտքովս չէր անցնում, որ ո՛չ միայն լեզուներից եմ բացարձակապես բոբիկ, այլեւ՝ տարրական տրամաբանությունից եմ զուրկ, այլապես Փարիզի կենտրոնում էդքան երկար կորած չէի մնա, եւ եթե հյուրանոցիս, հյուրանոցիս փողոցի ու գեներալի անունները մոռացել էի, առնվազն Մոնպառնաս անվանումն էի պարտավոր հիշել, եւ եթե Մոնպառնասն էդ երկու ժամվա ընթացքում մտքովս անցներ, գեներալի անունն ինձ հարկավոր չէր լինի, որովհետեւ Մոնպառնաս թաղամասն ու Մոնպառնասի գերեզմանոցը մեր հյուրանոցին ու Գեներալի պողոտային ուղղակի կպած էին, եւ հիմա որ մտածում եմ, շատ եմ զարմանում, որ կորելուս էդ ամբողջ ընթացքում հարցվողներին ոչ մի անգամ էդ Մոնպառնաս անունը չտվի, մինչդեռ կորելուցս ընդամենը մի քանի ժամ առաջ էի համանուն էդ գերեզմանոցում Մարինեի հետ մի քանի ժամ ֆռֆռացել, եւ, բացի այդ, էդ Մոնպառնաս անունը ո՛չ միայն փարիզցիներին, այլեւ այլազգիներին ու տուրիստներին է հայտնի, ու ես է՛լ էդ անունը նախքան Փարիզում մոլորվելս գիտեի, ու հիմա՝ էդ ամենը հիշելիս ու էդ ամենի մասին գրելիս լավ էլ հասկանում եմ, որ ինձանից արժանավոր շատերն ինձ կնախանձեն Փարիզում կորելուս առիթով, եւ համոզված եմ, որ եթե Ադիբեկյան Ահարոնն էսօրվա դրությամբ երեւանցիների շրջանում հարցում անցկացնի «Համաձա՞յն եք Փարիզում լինել, բայց կորել» թեմայով, մեր համաքաղաքացի հարցվողներից բացառապես «այո» պատասխանը կստանա, եւ ոչ ոք չի ասի՝ «դժվարանում եմ պատասխանել», եւ հիմա փարիզյան էդ անկապ ու անհեթեթ տագնապներս հիշելով ու գրելով՝ ինքս ինձ վրա զարմանում եմ, որ էդ օրն էի ընկել ու էդ օրն էդքան սարսափահար էի, եւ որ հիմա հիշում եմ՝ էդ օրն ինձ զարմանալի ու անհավատալի հեքիաթ է թվում, մանավանդ որ՝ հեքիաթի պես էլ բարի ու հրաշալի ավարտ ունեցավ, եւ մինչ Մոնպառնաս ու Գեներալի պողոտա կհասնեի, շենքերից մեկի պատին կարդացի՝ Դագուեր. այսինքն, փաստորեն, ես առաջին անգամ մեր հյուրանոց ավելի՛ շուտ հասա, քան՝ Մոնպառնաս ու Գեներալի պողոտա, ու մեր հյուրանոցի ֆոյեում Վահագը, Մարինեն, Վարդուշիկը, Վիոլետն ու Նունեն ինձ էին սպասում, ընդ որում՝ բոլորն էլ հուզված ու անհանգիստ էին, եւ երբ Մարինեն գոռաց՝ «էս ո՞ւր ես. մի ժամ ա՝ քեզ ենք սպասում», եւ երբ իրեն հարցրի՝ «բայց խի՞ ես գոռում», ինքն ասաց՝ «ո՞նց չգոռամ. արդեն մտածում էինք՝ կամ կորել ես, կամ էլ՝ բան ա պատահել», եւ ես շատ հանգիստ տոնով հարցրի՝ «ի՞նչ պիտի պատահեր», եւ ինքն ասաց՝ «ո՛չ քաղաքն ես ճանաչում, ո՛չ էլ՝ որեւէ լեզու գիտես», եւ էդ պահին Վահագը Մարինեին ասաց՝ «ես արդեն տասը տարի ա ըստեղ եմ ապրում, բայց ես էլ Փարիզը կարգին չգիտեմ», եւ Մարինեն Վահագին ասաց՝ «բայց ինքը ոչ մի լեզու չգիտի», եւ ես շատ հանգիստ տոնով Մարինեին պատասխանեցի ու ասացի՝ «ոչ մի լեզու չգիտեմ, բայց, ի տարբերություն որոշ մարդկանց, խելք ունեմ», եւ Վահագն ասաց՝ «դե շարժվեցինք, էրեխեք. իզուր ժամանակ ենք կորցնում», եւ ես ասացի՝ «մի րոպե սպասեք՝ բարձրանամ սենյակ», ու էդ պահին մտքինս անձնագիրս ու այցեքարտս վերցնելն էր, եւ սենյակ բարձրանալով ու ջինսե բաճկոնս հագնելով՝ նաեւ էս վեպիս առաջին ու երկրորդ հատորներից երկուական օրինակ վերցրի, որպեսզի Վահագին ու Վարդուշիկին նվիրեմ, ու էդպիսով ինքնաթիռի բեռս էլ էի զգալիորեն թեթեւացնում, ու լիֆտին չսպասելով՝ աստիճաններով ցած վազեցի եւ գրքերս Վարդուշիկին ու Վահագին նվիրելով՝ խոստացա, որ հետագա հատորներում իրենց էլ կանդրադառնամ, եւ ահա՝ անդրադառնում եմ, ու Վահագը, ինչպես որ խոստացել էր, իր մեքենայով մեզ մի բոլ պտտեցրեց գիշերային Փարիզում, եւ երբ Գեներալի պողոտայով անցնում էինք, առաջարկեցի Գեներալի արձանի մոտի սրճարանում սուրճ խմել, բայց Վահագն ասաց՝ «ավելի լավ տեղ ենք գնում», եւ արդեն լրիվ մթնել էր, ու չնայած գիշերային Փարիզը միանգամայն լուսավոր էր, ես մտածում էի, որ եթե երկրորդ անգամ գրախանութ մտած չլինեի, գիշերային Փարիզում շատ ավելի փիս էի շիվարելու ու տագնապելու, եւ չնայած էդ տագնապներս հիմա էսպես թեթեւ ու հումորով եմ նկարագրում, բայց էդ մոլորվածս պահերին իսկապես ահավոր էի տագնապած, ու երեւի դրա պատճառն էն էր, որ էդ պահի դրությամբ դեռեւս ամենաահավորի՝ մահվան մասին չէի սկսել խորապես ու լրջորեն մտածել, եւ հիմա, երբ արդեն մի շաբաթից ավել է՝ խորապես ու լրջորեն եմ մահվան մասին մտածում, Փարիզի էդ կորելս իբրեւ զվարճանք ու իբրեւ երջանկություն է վերհիշվում, որովհետեւ արդեն խորապես հասկացել եմ ու գիտեմ, որ ամենասարսափելին ու ամենաահավորը ո՛չ թե երկրային վայրերում ժամանակավորապես կորելն է, այլ՝ միանգամայն անորոշ վայրերում մշտնջենապես կորելը, իսկ ինչ վերաբերում է երկրային զանազան վայրերում մեր ժամանակավոր մոլորվելուն, էդ ժամանակավոր մոլորվածություններն ու մոլորությունները ո՛չ միայն համեմատելի չեն մահվան հետ, այլեւ էդ պահերը մեզ ավելի ու ավելի են հեռացնում մահից, որովհետեւ մեր էս երկրային մոլորվածություններից ու մոլորություններից հետո մենք առավելագույն հաճույքով ենք վերադառնում բուն կյանք, քանի որ՝ մոլորվածությունից ու մոլորությունից անմիջապես հետո էս երկրային սովորականն արդեն հեքիաթային ու դրախտային գույներով է ներկայանում, եւ հիմա, երբ Փարիզում կորելս հիշեցի ու նկարագրեցի, վերստին, փաստորեն, կյանք վերադարձա, եւ չնայած մի գլուխ փարիզյան էդ տագնապներս էի նկարագրում, նկարագրելուս ընթացքում ոչ մի անգամ մահվան մասին չմտածեցի, որովհետեւ Փարիզի էդ երկու ժամերի ընթացքում էլ մահվան մասին չէի մտածում, եւ չնայած հիմա՝ էս պահին վերստին մահվան մասին եմ խոսում ու գրում, բայց մեջս արդեն տագնապ չկա. ավելին՝ հիմա շատ հանգիստ մտածում ու հասկանում եմ, որ արդեն ահագին ապրել ու ահագին բան եմ տեսել, ու հենց էս պահին նաեւ սկսում եմ հասկանալ, որ կարող էր եւ էս ամենը չլինել. այսինքն՝ Փարիզում կորելս, «Քլիվլենդը», Հինգշաբթվա վկաները, վաղգարնանային էս միտինգներն ու ամեն-ամենը կարող էին ինձ համար չլինել, եւ վերջապես՝ կյա՛նքը կարող էր չլինել, ավելի ճիշտ՝ կյանքը կլիներ, բայց միայն՝ ուրիշների՛ համար, ու էս պարզ բանը գիտակցելով ու ըմբռնելով՝ բնականաբար մորս եմ հիշում, եւ բնականաբար մորս հիշելով՝ հանկարծակի հիշում եմ նաեւ, որ երեք օր առաջ՝ մարտի տասնմեկին մորս մահվան հինգ տարին լրացավ, ու ես գերեզմաններ չեմ գնացել, ու հիմա վերստին մտածում եմ, որ մահկանացուներս կարեւոր բաները մոռանալու ու անկարեւորները հետեւողականորեն հիշելու թուլություն ունենք, ու հիմա ուշացումով մորս ու մորս վերջին պահերը հիշելով՝ հիշեցի նաեւ, որ մորս թաղումը մարտի տասնչորսին արինք, որովհետեւ տասներեքը հարմար չգտանք, ու էդ հանգամանքն էլ հիշելով՝ հիմա նայում եմ դեմիս օրացույցին ու արդեն վերջնականապես գիտեմ, որ էսօր երկու հազար յոթ թվականի մարտի տասնչորսն է, եւ հիմա արդեն շտապում եմ էս երկարուձիգ նախադասությունս ավարտել ու գնալ Թոխմախի գերեզմանոց՝ անմոռանալի մայրիկիս հիշատակը հարգելու։

Արդեն Թոխմախից վերադարձել ու շարունակում եմ լցնել էս կիսատ էջս, քանի որ տրամադրվել եմ հենց էսօր ավարտել էս հինգերորդ գիրքս, որովհետեւ վաղվանից բնակարանիս ռեմոնտի մեջ եմ խրվելու, եւ եթե մինչեւ վերջերս բնակարանիս վերանորոգման գաղափարից սարսափում էի, ապա հիմա՝ էս պահին նույնիսկ մահից չեմ սարսափում, ու էդ սարսափս Թոխմախում վերջնականապես հաղթահարվեց, որովհետեւ Թոխմախի գերեզմանոցում, ինչպես միշտ, հոգեպես հանգստացա ու խաղաղվեցի՝ ամենամոտիկից առնչվելով կյանքի անցողիկության գաղափարին, եւ, ինչպես միշտ, նախքան իմ հորական կողմի գերեզմաններին հասնելը, ես այցելեցի մորս կողմի հանգուցյալներին, քանի որ իմ մորական կողմի հանգուցյալների գերեզմանները Թոխմախի գլխավոր մուտքից երկու քայլի վրա են, որովհետեւ իմ մորական Մեսրոպ պապը տարիներ շարունակ Թոխմախի գերեզմանատան գլխավոր բուսաբանն էր եւ, բնականաբար, ժամանակին իր տոհմի համար գլխավոր մուտքին շատ մոտիկ հողակտոր էր ընտրել, եւ չնայած իմ հորական կողմի հողակտորն էլ էր Մեսրոպ պապս հաջողացրել, բայց իմ հորական կողմի հանգուցյալների գերեզմաններն ահագին հեռու են գլխավոր մուտքից եւ համարյա պանթեոնի մոտերքում են, որովհետեւ, երբ իմ հորական կողմի մեծերն իրար հետեւից սկսեցին հրաժեշտ տալ երկրային կյանքին, Թոխմախի գերեզմանոցն արդեն ահագին մեծացել ու առաջ էր գնացել, եւ ամեն անգամ ծնողներիս ու հորական կողմիս հանգուցյալների գերեզմաններ այցելելուց առաջ՝ նախ գլխավոր մուտքի մոտի իմ մորական կողմի հանգուցյալներին եմ այցելում ու ծաղիկներիս զգալի մասը Փարվանյան Մեսրոպի, քեռիներիս ու մյուսների շիրմաքարերին եմ թողնում, ինչպես նաեւ՝ Եղեռնին զոհ գնացած վանեցիների սիմվոլիկ հուշարձանին, որը նույնպես իմ մորական Մեսրոպ պապի նախաձեռնությունն է, ու որպեսզի ծաղիկներս քչություն չանեն, ես ամեն անգամ դաշտային ծաղիկների չափազանց մեծ փունջ եմ առնում, որովհետեւ պարտավոր եմ ծաղիկներ դնել ո՛չ միայն նահատակների հուշարձանին, այլեւ Փարվանյան գերդաստանի վերապրածների շիրմաքարերին, եւ նահատակներից ու Մեսրոպից հետո ծաղիկներ եմ դնում Վարդիթերի, Վերգուշի ու Ռաֆիկի տապանաքարերին, այնուհետեւ՝ Ֆրեդի, Ադիկի ու բժշկուհի Էմմայի տապանաքարերին, որոնք երեքն էլ, չնայած իմ մեծերն են, բայց, փաստորեն, ինձանից քիչ են ապրել, եւ շարունակելով՝ ամենաշատ ծաղիկներ դնում եմ Ադիկի որդի Ալիկի շիրմաքարին ո՛չ միայն էն պատճառով, որ Ալիկը մյուսներից քիչ է ապրել, այլեւ էն պատճառով, որ Ալիկի շնորհիվ մենք է՛լ Ղարաբաղի պատերազմից խոսելու ու հպարտանալու տեղ ունենք, ու էսօր հատկապես էի տապանաքարերի թվականներին ուշադրություն դարձնում, որովհետեւ արդեն ահագին ժամանակ է՝ մահվան մասին եմ մտածում, եւ գերեզմանաքարերի թվականներին նայելով՝ առաջին անգամ էի գիտակցում ու հասկանում, որ իմ մորական կողմի մեծ մասից ավել եմ ապրել, եւ երբ Մեսրոպի հողակտորից դուրս եկա ու դեպի իմ հորական կողմի գերեզմաններ էի առաջանում, ճանապարհին հանդիպածս գերեզմանների թվականներին հատկապես էի ուշադրություն դարձնում եւ մինչեւ մերոնց գերեզմաններ հասնելս վերջնականապես հանգեցի եզրակացության՝ որ երկրային կյանքում ինձնից պակաս ապրածները չափազանց շատ են, ու էդ եզրակացությունս ավելի ամրապնդվեց, երբ հասա իմ հորական կողմի գերեզմաններ եւ մերոնց տապանաքարերի թվականներին նայելով՝ առաջին անգամ իմացա, որ արդեն հորեղբորիցս է՛լ եմ ավել ապրել, եւ չնայած հորեղբորս՝ Երեւանի առաջին տաքսիստ Բաղդիկին Բիձա էինք ասում, բայց էսօրվա դրությամբ տարիքով իրենից մեծ եմ, որովհետեւ իգդիրցիք ոչ թե տարիքավորներին են բիձա ասում, այլ՝ հորեղբայրներին, եւ մերոնց տապանաքարերի թվականները զննելով՝ առաջին անգամ իմացա նաեւ, որ նմանապես հորեղբորս կնոջից՝ Հայկուշից եմ ավել ապրել, եւ չնայած երկուսն էլ մինչեւ իրենց վերջին օրերն ինձ երեխա էին համարում, բայց ահա արդեն երկուսից էլ մեծ եմ, եւ չնայած երկուսից էլ տարիքով մեծ եմ, բայց ժամանակ առ ժամանակ ինձ երեխա եմ զգում, եւ ինձ վերստին երեխա զգացի՝ ծնողներիս ու Օսան տատիս թվականներին նայելով, եւ քանի դեռ տարիքի առումով հորնումորիցս ու տատիցս չեմ անցել, երեխա լինելս ու երեխա մնալս որոշակիորեն երաշխավորված են, բայց, մյուս կողմից էլ, երեխա լինելս ու երեխա մնալս մշտապես է վտանգված, որովհետեւ ես արդեն տասնինը տարի ավել եմ ապրել իմ հորեղբորորդի Աշոտից, որն ինձ համար ոչ միայն իսկական ախպեր էր, այլեւ՝ չափազանց մեծ ախպեր, եւ չնայած ինձանից ընդամենը վեց տարով էր մեծ ու ընդամենը երեսունհինգ տարի ապրեց, եւ չնայած էս պահի դրությամբ իրենից արդեն ամբողջ տասնինը տարի ավել եմ ապրել, այդուհանդերձ, մտապատկերիս մեջ ինքը մշտապես ինձանից մեծ է, ու երազներիս մեջ էլ է շարունակում մեծավարի խորհուրդներ տալ ինձ. այսինքն, Աշոտի առումով է՛լ է երեխա մնալս որոշ չափով ապահովագրված, եւ Թոխմախ էսօրվա այցելությանս ամենասփոփիչն էն էր, որ մերոնց գերեզմաններին ահագին ծաղիկներ կային, եւ վարդերն առավել թարմ էին, քան՝ մեխակները, եւ դա նշան էր, որ վարդերը քույրս հենց մարտի տասնմեկին՝ մորս հիշատակի օրն էր բերել, իսկ մեխակները մի քիչ ավելի թոշնած էին, եւ դա նշան էր, որ դրանք հորեղբորս աղջիկ Գայանն էր մարտի ութին բերել, եւ որ դրանք Գայանի՛ բերածն էին, զգացվում էր նաեւ Հայկուշի տապանաքարի վրայի մեխակների շատությունից, եւ որ վարդերն էլ քրոջս բերածն էին, զգացվում էր ո՛չ միայն մորս խաչքարի տակի վարդերի քանակությունից, այլեւ մորս գերեզմանին դրված խնկամանից, եւ դա նշան էր, որ քույրս ու փեսաս իրար հետ էին մորս այցելել, ու էդ ամենը նշան էր, որ ծնողներս վերստին իմ հույսին չեն, ու էս հանգամանքի մեջ խորանալով՝ հիմա արդեն ըմբռնում ու հասկանում եմ, որ ոչ միայն վերստին իմ հույսին չեն, այլեւ՝ ե՛ս եմ վերստին իրենց հույսին, որովհետեւ էս բոլոր մտածմունքներիս զուգահեռ՝ մտքիս մեջ վաղվանից սկսվող բնակարանիս վերանորոգման խառնիխուռն պատկերներն ու տեսարաններն են, ու հիպոթեքային էս վերանորոգման տեսլականն է՛լ է ծնողներիս ամագի հետ անմիջականորեն կապված, որովհետեւ Կրիվոյի իմ հորական բնակարանն արդեն վարձով տվել ու մի տարվա վարձն էլ գլխանց առել եմ. այսինքն, վերստին ծնողներս են ինձ թիկունք, եւ ոչ թե՝ հակառակը, մինչդեռ դուք էլ եք վկա, որ, երախտամոռս, էս վեպի տարածքներում ֆռֆռալով ու տեւականորեն մահվան մասին մտածելով՝ միանգամայն պատահաբար ու հանկարծակի հիշեցի, որ երեք օր առաջ մորս մահվան հինգերորդ տարին լրացավ, չնայած, այդուհանդերձ, փետրվարի տասներկուսին իմ հանգուցյալներին այցելել եմ, ընդ որում՝ վերստին պատահականորեն ու հանպատրաստից՝ կապված Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրվա հետ, որովհետեւ, երբ փետրվարի տասներկուսի առավոտյան Հրանտի Շողերն ինձ զանգեց ու ասաց, որ էդ օրը ժամը մեկին հավաքվելու են պանթեոնում ու այնուհետեւ ռեստորան են գնալու, ես տասներկուսն անց կես տնից դուրս եկա ու պանթեոնի մոտերքում միայն հիշեցի, որ փետրվարի հինգին էլ հորս ծննդյան օրն էր, ու էդ հիշելով՝ շրջվեցի ու գնացի ուղիղ Թոխմախ, եւ դա, կարծում եմ, շատ բնական էր. այսինքն, բնական էր, որ Շողերն ի՛ր հոր գերեզմանին այցի գնար, եւ ես՝ ի՛մ հոր գերեզմանին՝ թեկուզեւ մի շաբաթ ուշացումով, եւ, ինչպես տեսնում եք, ես հիմնականում կողմնակի առիթներով ու պատճառներով եմ ծնողներիս հիշում, ու էս անգամ էլ մորս միանգամայն պատահաբար հիշեցի, երբ «Քլիվլենդի» ու մահվան մասին մտածելով՝ հանկարծակի գլխի ընկա, որ, եթե մայրս չլիներ, ո՛չ «Քլիվլենդն» էր լինելու, ո՛չ մահը եւ ո՛չ էլ մանավանդ կյանքը, ու Թոխմախից վերադարձիս ամբողջ ճանապարհին մտածում էի, որ եթե ծնողներս ինձ կյանք են պարգեւել, ապա Աստված ինձ հնարավորինս հանդուրժել ու պահել է էս կյանքում ավելի երկար, քան՝ Ֆրեդին, Ադիկին, Հայկուշին, Աշոտին, բժշկուհի Էմմային, Ալիկին ու Թոխմախում վերջնականապես հանգրվանած լիքը այլ մարդկանց, եւ ես մերոնց ու այլոց տապանաքարերի թվականներին նայելով՝ վերստին հիշեցի բեյրութցի փարիզաբնակ աբստրակցիոնիստ Արշակ Գառնիին եւ եւս մեկ անգամ հասկացա ու համոզվեցի, որ թվականներն իսկապես չափազանց կարեւոր են, ու էդ բանը վերջնականապես հասկացած՝ հիմա մտածում եմ, որ ո՛չ միայն Աշոտից, Ֆրեդից, Հայկուշից, հորեղբորիցս, Ալիկից ու բժշկուհի Էմմայից եմ ավել ապրել, այլեւ՝ Ավդալյան Աշոտից, Չիլոյից, Բաղդասարյան Նորիկից, Մկրտումյան Արոյից, Զուլոյան Սամոյից, Տանյայից եւ իմ շատ ու շատ գրչակիցներից, ինչպես նաեւ՝ Տերյանից, Չարենցից, Բայրոնից, Սիամանթոյից, Դուրյանից, Վարուժանից, Մեծարենցից, զույգ Սեւակներից ու էդ ասպարեզի այլ երեւելիներից, ինչպես նաեւ՝ Մակեդոնացուց, Նապոլեոնից, Մոնթեից, Սարգսյան Վազգենից, Ազգալդյան Լեոնիդից, Նավասարդյան Աշոտից ու էդ ասպարեզի շատերից, ինչպես նաեւ՝ Շուկշինից, Վիսոցկուց, Ենգիբարովից ու իրենց ասելիքը վերջնականապես ասած շատերից, ինչպես նաեւ՝ Գալշոյան Մուշեղից, Բակունցից, Վուլֆից ու էդ ասպարեզի շատերից, ինչպես նաեւ՝ Գարինչայից, Ֆուրմանից ու էդ ասպարեզի շատերից, ինչպես նաեւ՝ Գորգիսյան Մոսոյից, Զատիկյանից ու էդ ասպարեզի ուրիշներից, ինչպես նաեւ՝ մյուս Զատիկյաններից, ինչպես նաեւ՝ Բախշյան Յուրայից, Արմենակյանից ու Լեոնարդից, ինչպես նաեւ՝ դերասա՛ն Լեոնարդից, ինչպես նաեւ՝ Գնունի Վարդանից, ինչպես նաեւ՝ Մարգարյան Արծրունից, Խոռխոռունուց, Հովասափյանից, Ժվանիայից, Գիվոեւից, արքայադուստր Դիանայից ու հանելուկային հանգամանքներին զոհ գնացած շատերից, ինչպես նաեւ՝ Արշիլ Գորկուց, Մինասից, Գյուլանյան Ֆելոյից, Սիփանից ու էդ ասպարեզի շատերից, ինչպես նաեւ՝ մեր հարեհաս ախպեր Ստեփանյան Գագոյից, ու էս բոլորը՝ որ հենց էս պահին մտքիս եկան, ինձանից քիչ են ապրել, ու ինձանից քիչ ապրած բոլորն էլ ինձանից ավել ապրելու լիքը հիմքեր ու պատճառներ ունեին, ու էս բանը մտածելով՝ սկսում եմ մտածել նաեւ, որ Աստված ում շատ է սիրում՝ նրան էլ շուտ է իր մոտ տանում, եւ էս նշածներս առաջինը մտքիս եկածներն են, եւ չիմացությանս ու հիշողությանս պատճառով մտքիս չեկածները, բնականաբար, միլիոնավոր ու միլիարդավոր են, եւ ոչ մի հիմք չունեմ պնդելու, թե՝ նրանցից գեթ մեկն ինձանից ավել ապրելու արժանի չի եղել. ավելին. հիմա արդեն էս առաջին հիշածներիցս մի քանիսին վերստին հիշելով ու առանձնացնելով՝ սկսում եմ մտածել նաեւ, որ Աստված ո՛չ միայն իր սիրելիներին է ժամկետից շուտ տանում, այլեւ նրանց՝ ովքեր երկրային ժամանակի իրենց առաքելությունն ու անելիքը ժամկետից շուտ են ավարտում ու ամբողջացնում, եւ հիմա սկսում եմ նաեւ մտածել, որ Աստված ինձ էսքան երկրային ժամանակ շռայլեց, որպեսզի հնարավորություն ունենայի գրոհով խփել Թափալցյան Քրիստափորի ու Շոլոխովի գրական քառահատոր ռեկորդները, բայց հընթացս սթափվելով ու լրջանալով՝ սկսում եմ մտածել նաեւ, որ ծավալապաշտական էս գայթակղությունս չի կարող կյանքի նպատակ համարվել, եւ չնայած չեղած տեղն էդ գայթակղությունն էլ է նպատակ, այդուհանդերձ, առավել լուրջ ու առավել խորքային այլ նպատակներ կան՝ հանուն որոնց որոշներն ինձանից ավել են ապրել, ու քանի դեռ էս ամենը շարունակվում է, իմ նպատակը նախ ինձ համար պիտի պարզեմ, որովհետեւ մինչ այլոց ռեկորդները խփելով՝ էս հինգ հատորներս լցնում էի, ահագին առաջացա եւ հասա Վլադիմիր Իլյիչի ու Հովհաննես Թումանյանի տարիքին եւ էսքան առաջացած ու ներսիս ստրուկին էլ չսպանած՝ ահա հասել եմ իմ ու ձեր էսօրվան ու ձեռս չի գնում ներսիս ստրուկին սպանեմ, որովհետեւ դեռեւս վերջնականապես չեմ պարզել՝ հասարակության համար իմ ներսի՞ ստրուկն է ավելի վտանգավոր, թե՝ դրսինը:

ՎԵՐՋ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել