Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խաբվելու դեպքում վրաններ ենք խփելու»

Դեկտեմբեր 01,2007 00:00

«Մենք եկել ենք մեր բողոքի ձայնը հասցնելու կառավարությանը, անձամբ վարչապետին, քանի որ մեր բողոքի պատճառը մեր անորոշ կարգավիճակն է»,- երեկ հերթական բողոքով կառավարության շենքի գլխավոր մուտքն էին պաշարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին կից ծառայողական հանրակացարանի մի խումբ բնակիչներ: Նրանցից Ռիմա Պետրոսյանը հայտնեց, որ վերոնշյալ հիմնարկի աշխատողները դեռ ԽՍՀՄ տարիներից հաշվառվել եւ ապրել են նշված հանրակացարանում, բնակարանի համար հերթագրվածների մի մասը դուրս է գրվել, նրանց փոխարինել են նորերը: «Մեր հույսը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո բնակարան կստանանք, մեռավ ու մենք դարձանք հանրակացարանի մշտական բնակիչներ: 2005-ին հիմնարկը փակ ռեժիմի գաղութից վերապրոֆիլավորվել է բաց տիպի: Եթե նախկինում իրենց պատիժը կրողները անչափահասներ էին, հետո՝ կանայք, հիմա նրանց պատին կից ապրում են դատապարտյալներ, որոնց վարքը ոչ ոք չի կարող երաշխավորել»,- դժգոհում էին բողոքավոր կանայք: «Մեր անչափահաս երեխաները այս տարվա հունվարի 6-ին ականատես եղան, թե ինչպես դատապարտյալներից մեկը հանրակացարանում կախվեց: Մի քանի ամիս էս մատղաշ երեխեքը սարսափի մեջ էին: Էլ չենք ասում, որ կալանավորները միմյանց հետ վիճելիս ինչպիսի հարուստ բառապաշար են օգտագործում»,- ասացին կանայք: Ցուցարարները պատմեցին, որ 2005-ին «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանի ստորագրությամբ ծանուցագրեր են ստացել, որ բոլորը պետք է անհապաղ ազատեն հանրակացարանի տարածքը: «Դիմել ենք Կոտայքի մարզպետարան ու Աբովյանի քաղաքապետարան եւ հայտնել, որ Ա. Աֆրիկյանի ցուցումները մեր կողմից չեն կատարվել, ինչի առթիվ էլ նրա հրամանով ենթարկվել ենք մի իսկական շրջափակման՝ արգելվում է մեզ մոտ այցելող բարեկամներին, հյուրերին՝ գալ իրենց ավտոմեքենաներով, անգամ եթե շտապօգնության կանչ է լինում, ապա մեկ կիլոմետրից ավելի բժիշկները պետք է ոտքով մոտենան: Երբ Աֆրիկյանի ցուցումով բոլորիս ուզում էին դուրս վտարել հանրակացարանից, միջամտեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, բայց դրանով խնդիրը չի լուծվել: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Թող իմանան, որ ընտանիք կա, որ արդեն 4-5 սերունդ այդ հանրակացարանում է ապրում: Այսքանից հետո դեռ մեր կարգավիճակը չի լուծվում: Մնում է վրաններ վերցնենք ու կառավարության դիմաց վրանային ավան հիմնենք»,- նշում էին ցուցարարները: Նրանց երեկ ընդունեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետ, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանը եւ հայտնեց, որ կառավարությունը խոստացել է այս հարցին վերջնական եւ դրական լուծում տալ՝ 10-15 օրվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել