Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանությունը «ժողովրդականություն» է վայելում

Դեկտեմբեր 01,2007 00:00

Պատճառները հիմնականում սոցիալական են

Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե, արդյոք, վերջինս տիրապետո՞ւմ է այն տեղեկությանը, որ հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի կտրուկ աճ՝ հատկապես երիտասարդության շրջանում: Օմբուդսմենին տեղեկացրինք նաեւ, որ ինքնասպանության դիմողները՝ թողած երկտողերում իրենց արարքը պատճառաբանում են սոցիալական անարդարություններով եւ դատական ատյանների հետ ունեցած խնդիրներով: Արմեն Հարությունյանը նախ անակնկալի եկավ, հետո ասաց. «Չեմ կարծում, որ հանրապետությունում նկատվում է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի աճի միտում»: Այնուհետեւ ասաց, որ իր գրասենյակը վերլուծություն չի կատարել եւ չգիտի՝ կա՞ աճ, թե՞ չկա, եւ եթե նույնիսկ աճ կա, արդյոք դա կապ ունի՞ մարդու իրավունքների ոտնահարման հետ: Խոստացավ, որ անպայման իր գրասենյակը կվերլուծի եւ հետեւություններ կանի: Ավելին, նա հույս հայտնեց, որ լրագրողներն իրեն կօգնեն իմանալու, թե հատկապես ո՞ր մարզում, ո՞վ եւ ինչո՞ւ է ինքնասպան լինել: Անսալով պարոն Հարությունյանի խնդրանքին, ներկայացնում ենք մեր ունացած տեղեկատվության մի մասը: «Առավոտի» տեղեկություններով, 2006 թվականին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 429 դեպք: Առավել հաճախ ինքնասպան են լինում կամ ինքնասպանության փորձ են կատարում Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի մարզերի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի բնակիչները: Առավել «ժողովրդականություն» վայելող ինքնասպանության ձեւերից են կախվելը, բարձրությունից իրենց նետելը, թունաքիմիկատներ խմելը, երակները կտրելը, արձանագրվել են նաեւ հրազենով ինքնասպան լինելու դեպքեր:Ծանր դեպքեր են գրանցվել նաեւ այս տարի: 2007-ի փետրվարի 28-ին «Հաղթանակ» կամրջից իրեն ցած էր նետել 69-ամյա Գուրգեն Թամարյանը: Մեկ օր առաջ Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել էր Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 45-ամյա Ջիվան Հակոբյանը: Դավիթաշենի կամրջից ցած էր նետվել 19-ամյա Տիգրան Ալոյանը: Բաբաջանյան 21 հասցեում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել 41-ամյա Աղասի Թեքեյանը: Արաբկիր համայնքում նույն եղանակով ինքնասպան է եղել 23-ամյա Արթուր Օհանյանը: Մեր տեղեկություններով, այս տարվա 9 ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 347 դեպք: Միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երեւան քաղաքում արձանագրվել է նման 39 դեպք:Օմբուդսմենին հիշեցնենք, որ տարեսկզբին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշել է, որ հանրապետությունում իսկապես աճում են ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել