Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 01,2007 00:00

Սոցիոլոգիային սպառնում է քարոզչության վերածվելու վտանգը

Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները ընթանում են որոշակի դժվարություններով եւ դա էապես ազդում է սոցիոլոգիայի՝ որպես գիտության, կայացման վրա: Ասվածն առավել ակտուալ է ներկայումս, երբ Հայաստանը գտնվում է նախընտրական փուլում եւ սոցիոլոգիական դաշտի չկայացվածությունը շատերը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով՝ սոցիոլոգիան դարձնելով քարոզչության միջոց: Արդյունքում նախընտրական թոհուբոհում սոցիոլոգիան ընկալվում է իբրեւ քաղաքական համակարգի շահերին ծառայող մի գործիք, ոչ թե գիտություն: Անհարկի շահարկումները եւ փորձությունները լուրջ ազդեցություն են ունենում սոցիոլոգների նոր սերունդների վրա, որոնց համար արդեն վտանգված է հենց իրենց՝ Հայաստանում դեռեւս նոր կայացող մասնագիտության հեղինակությունը:

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ մեկտեղ՝ լայնածավալ բնույթ էր ստացել «ընտրողներ հավաքագրելու» մի նոր տարբերակ. «սոցհարցումների» անվան տակ բնակարաններ ներխուժելն ու անձնագրեր հավաքելը: Սոցիոլոգիայի անվան տակ հանդես եկող անձանց ակտիվ ջանքերի արդյունքում սոցիոլոգիա գիտություն եւ սոցիոլոգիական հետազոտություն հասկացություններից մնաց «սոցհարցում» հղացքը, իսկ վերջինից էլ՝ տոկոսը: Ավելորդ չէ հիշեցնել, որ մի հարցազրուցավար իրավունք չունի հարցնել «սոցհարցվողի» անունը՝ չխախտելու հարցման անանունության մասնագիտական էթիկական պարտավորությունը, առավել եւս վերցնել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ: Քանի որ սոցիոլոգը չի անձնավորում ստացված ինֆորմացիան, ապա նրա համար կարեւոր է ընդամենը իմանալ, թե ինչ ընդհանուր բնութագրիչներով է օժտված «սոցհարցվողը», որպեսզի խմբավորի եւ ընդհանրացնի ինֆորմացիան:

Տեղական նշանակության կենտրոններ: Ներկայիս պայմաններում ԶԼՄ-ներում հայտնվում են սոցիոլոգիայի ոլորտում նոր դերակատարներ, որոնք էլ հանդես են գալիս իբրեւ հասարակական կարծիք ձեւավորողներ, այլ ոչ ուսումնասիրողներ: Այլ կերպ ասած, այս շրջանում հեռուստատեսությամբ ելույթ ունենալը, մամուլի ասուլիսներ կազմակերպելը «պատահական» չի լինում. քաղաքական ուժերն են կազմակերպում այդ ելույթներն ու տնօրինում այդ մեխանիզմները: ԶԼՄ-ների դեպքում չի գործում վերահսկողության մեխանիզմ, ինչի արդյունքում հնարավոր կլիներ նախքան տվյալներ հրապարակելը համապատասխան գիտական հիմնավորում պահանջել: Քանի որ եթե տվյալները անջատում ես համատեքստից, ստացվում է, որ քաղաքական գործչի վայելած ժողովրդականության, սոցիալական հավանության վերաբերյալ տվյալները միտումնաբար կարող են ներկայացվել «վստահության քվե»:

Այստեղից է, որ ԶԼՄ-ներում հայտնվում են մարդիկ, ովքեր «փորձագետի իշխանություն ունեն» եւ այդպիսով օգտագործելով լայն շփման՝ սոցիոլոգի առավելությունը՝ իրենց ի սկզբանե սխալ կանխատեսումները փորձում են ճշմարիտ, ընկալելի դարձնել մասնագիտորեն անպատրաստ լայն զանգվածների համար՝ այդպիսով խթանելով համապատասխան ընտրական վարք: Իսկ հասարակության անդամներից շատերը գործում են փոքրամասնություն չկազմելու եւ հաջողակների առաջատարությամբ շարժվելու հակվածությամբ: Հարմարվողական մարդկանց սոցիալական դիրքորոշումն այսպիսին է. «Եթե բոլորը համաձայն են, ապա ես չեմ առարկում»:

Քանի որ ՀՀ-ում ԶԼՄ-ները (հատկապես հեռուստաընկերությունները) վերահսկելի են, կա թելադրանք, մյուս կողմից էլ ընտրությունների արդյունքները եւս չեն արտացոլում իրական պատկերը, այս պայմաններում հարց է ծագում՝ արդյո՞ք ընտրակեղծիքների գնացող ուժերը կհանդուրժեն, որ օբյեկտիվ հետազոտության տվյալներ հրապարակվեն: Ակնհայտ է, որ այդ «թանկարժեք» տվյալները չեն «ցուցադրվի», եթե «վարկանիշակիրները» չզբաղեցնեն առաջատար դիրքեր: Ահա այն դաշտը, որտեղ որոշվում է, թե վերջին հաշվով ում տվյալներն են ավելի «մատուցվող», ազդեցիկ:

Տվյալ դեպքում «կրթությունը», «մասնագիտությունը» ստանում են երկրորդային բնույթ. մասնագիտական էթիկայով առաջնորդվող սոցիոլոգները այդ ամենին չեն մասնակցում: Փաստորեն, սոցիոլոգի կերպարի վերաբերյալ հասարակական ընկալումներ կերտողներն իրենց գործելակերպով նպաստում են նրան, որ հայ հասարակությունը սոցիոլոգին պատկերացնում է իբրեւ զուտ տոկոսային թվաբանություն հրապարակող: Այս շրջանում ընթանում է Ահարոն Ադիբեկյանի առասպելականացման գործընթացը, ըստ որի՝ «Ասում են սոցիոլոգ, պատկերացնում են Ահարոն Ադիբեկյան: Ասում են Ահարոն Ադիբեկյան, պատկերացնում են՝ սոցիոլոգ: Վերջին տարիներին մեզ մոտ այսպես է…» (տես՝ «168 ժամ», ապրիլի 19-20):

«Արտասահմանյան հեղինակավոր» կենտրոններ: Ներկայումս ազդեցիկ քաղաքական ուժերի խմբերը տեղական նշանակության կենտրոնների տվյալները փորձում են «հիմնավորել»՝ ապահովելով «արտասահմանյան հեղինակավոր» կենտրոնների մասնակցությունը: Իրականում այդ «փափուկ տեխնոլոգիան» հաջողված է այնքանով, որքանով ՀՀ տպագիր մամուլում «արտասահմանյանների» հասցեին քննադատական արձագանքներ չկան: Կարելի է հաշվի առնել, որ արեւմտյան մասնագետները նեղ մասնագիտացում ունեն, իսկ հարցաթերթը մշակութային գործիք է (անհրաժեշտ է գոնե ճիշտ թարգմանություն եւ ինստրուկտաժ): «Հայ «մասնագետներն» են ներգրավված դաշտային փուլում. ոչ մի ամերիկացի եւ բրիտանացի հարցում չի անում, անմիջական չի շփվում «սոցհարցվողի» հետ, այլ վերլուծում է իրեն մատուցած «հարմարեցրած» նյութը:

Հասարակության մեջ չեն շրջանառվում մասնագիտական գիտելիքներ: Այս ամենից հետո արդյոք հայ հասարակությունը կընկալի՞ իրական սոցիոլոգի առաքելությունը: Սոցիոլոգիական մասնագիտական գիտելիքին տիրապետող պրոֆեսիոնալ սոցիոլոգները համագործակցում են այնպիսի պատվիրատուների հետ, ովքեր գիտակցում են, որ սոցիոլոգիան ապրանք չէ, այլ ծառայություն, որը նպատակ ունի երկխոսություն հաստատել ընտրազանգվածի եւ քաղաքական գործչի միջեւ, անշուշտ, ոչ հրապարակային հայտարարություններով եւ թացն ու չորը խառնելով: Նրանք ոչ թե քաղաքական ընտրություններ սպասարկողներ են, այլ խորհրդատվական առաջարկություններ ներկայացնողներ: Սակայն խնդրահարույց է այն փաստը, որ ինքը՝ հասարակությունը չգիտի այդ մասին, քանի որ այստեղ առկա է կենցաղային մտածողություն. մեծամասնությունն ընդունում է խոսողին եւ ոչ մտածողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել