Այսպես են ուզում տեսնել միմյանց թատերականի դասախոսներն ու ուսանողները
Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե, օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական (ԵԹԿՊԻ) ինստիտուտում ինչ են ակնկալում դասախոսներն ուսանողներից եւ հակառակը:
Գրական ստեղծագործություն բաժնի ուսանողուհի Լուսինե Ավետյանը կարծում է, որ դասախոսը պետք է գիտելիք ունենա եւ այն ուսանողներին ճիշտ մատուցելու կարողություն. «Մեր ինստիտուտի դասախոսները, թերեւս, տարբերվում են նրանով, որ արվեստի բուհում կոչված են բացահայտելու անհատականություններ: Այստեղ կուրսերն ու ուսանողները քիչ են, բայց դա չի նշանակում, թե թատերականի դասախոսի գործը հեշտ է: Նա յուրաքանչյուրիս հետ առանձին է աշխատում: Ինչ վերաբերում է մեր բուհի ուսանողներին, կարծում եմ, նրանք էլ են տարբերվում բոլորից իրենց ինքնատիպ մտածողությամբ»: Լ. Ավետյանը խոսեց նաեւ դասախոսների խստապահանջությունից. «Դա շատ լավ է, բայց չպետք է լինի այն աստիճանի, որ թե՛ ուսանողը եւ թե՛ դասախոսը սթրեսի մեջ հայտնվեն»:
ԵԹԿՊԻ ստեղծագործական հոգեբանության եւ գրականության տեսության դասախոս Կարինե Մուսայելյանն էլ է գտնում, որ բոլոր առարկաները պետք է նպատակաուղղված լինեն ուսանողի ստեղծագործական կարողությունների բացահայտմանը. «Որովհետեւ արվեստագետը միայն մասնագիտություն չէ. դա հոգու վիճակ է»:
Կ. Մուսայելյանը հավելեց. «Ուսանողը նախեւառաջ պիտի զգա, որ ինքը շատ կարեւոր օղակ է հասարակության մեջ: Ես իմ դասերի ընթացքում փորձում եմ նրանց մեջ խթանել ինքնահարգանքի գիտակցումը: Թող ուսանողը հասկանա, որ ինքը կարեւոր մարդ է այս երկրի, ժողովրդի, հասարակության համար: «Ներկան» ու «բացական», «չորսն» ու «հինգը» մանր-մունր բաներ են»: Կ. Մուսայելյանը հայտնեց, որ ինքը կտրականապես դեմ է բոլոր խստություններին ու «պատժամիջոցներին». «Ուսանողի հետ առաջին օրվանից պետք է շփումը կառուցես ոչ միայն պաշտոնական, այլեւ գիտակցականի հարթության մեջ: Մարդուն պետք է դնել մի վիճակի մեջ, որ նա հասկանա պատասխանատվության զգացումի կարեւորությունը: Իսկ «վարչականը» հաճախ խանգարում է ե՛ւ ուսանողի, ե՛ւ դասախոսի կայացմանը»:
Արվեստի սոցիոլոգիայի դասախոս Արմեն Հարությունյանը նշեց. «Ուսանողը, անկախ բուհից, միշտ էլ դասախոսի մեջ ուզում է տեսնել խստապահանջ, բանիմաց, առարկային փայլուն տիրապետող մարդու: Բնականաբար, խոսքս այն ուսանողի մասին է, որը ցանկություն ունի սովորելու: Մեր բուհում մի քիչ այլ է, շփումն ավելի ստեղծագործական է: Օրվա ընթացքում դասախոսը եւ ուսանողը երկար են աշխատում միմյանց հետ: Ես մեր ինստիտուտում հարցումներ եմ անցկացրել եւ պարզել, որ մեր ուսանողը նաեւ ուզում է տեսնել համապատասխան արտաքին ունեցող դասախոսի: Այսինքն, դասախոսը պիտի իր պահվածքով եւ արտաքինով տպավորիչ լինի: Նա պետք է առաջին հայացքից ուսանողին դուր գա, որ լսեն իրեն: Միգուցե դա սխալ է, բայց այդպես էլ է լինում»: Ա. Հարությունյանը գտնում է, որ ուսանողն ու դասախոսը չպետք է մտերմանան. «Նրանք չպիտի անցնեն թույլատրելիի սահմանը: Կարող են լինել ընկերներ՝ լսարանից դուրս, բայց երբ մտան լսարան, ամեն մեկը պետք է համապատասխանի իր կարգավիճակին»: